«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքը եւ իրացման գոտու տակ հայտնված մեր բազմաթիվ քաղաքացիների ոտնահարված իրավունքների փաստը բերեց նրան, որ այսօր Եվրոպական դատարանում տրցակներով ՀՀ քաղաքացիների գործեր են քննվում:
Հինգ տարի շարունակ դատական ատյաններում իրենց իրավունքների համար պայքարող մեր քաղաքացիներից շատերն այլեւս Հայաստանում արդարության հասնելու հեռանկարն անհնար համարելով` դիմում են Եվրոդատարան: Արամի 38 հասցեի նախկին բնակիչ Տիգրան Փիլոյանն այս անգամ էլ դիմել է Վարչական դատարան` վիճարկելով սեփականությունից զրկվելու դիմաց պետության տրամադրած չնչին փոխհատուցման հարցը: «Հսկայական հողատարածքի եւ շենք-շինությունների դիմաց ստացել եմ 64.000 դոլար, որով անգամ քաղաքի ծայրամասում մեկ սենյականոց բնակարան չէի կարող գնել»,- ասում է նա` վստահեցնելով, որ այս տարիների ընթացքում այդ գումարի մեծ մասն էլ ծախսում է դատական ատյաններում իր իրավունքների պաշտպանության վրա: Տ. Փիլոյանի սեփականությունը պետական կարիքների համար հարկադրաբար դատարանի վճռով օտարվել է 2006թ., սակայն դատաքննության ժամանակ նրան տրամադրվելիք փոխհատուցման չափը քննության առարկա չի դարձել: Հետագայում վճիռն օրինական ուժ ստանալուց հետո` վճռի կատարման փուլում իրացնող կազմակերպությունը` Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության միջոցով որոշել է տրամադրվելիք փոխհատուցման չափը եւ այդ գումարի դիմաց հարկադրաբար դադարեցրել նրա սեփականության իրավունքը: Ընդ որում` իրացնող եւ իրացման գոտու բնակիչ փոխհարաբերությունը եղել է նույնքան բիրտ, որքան դաժան ու անմարդկային էր նրանց վտարումը: Բնակիչներին պարտադրվել է գնահատման իրենց կամայական սկզբունքները, որի հետ նույնիսկ չհամաձայնել նրանք ի զորու չեն եղել, քանի որ իրացնողը պարզապես այդ գումարը փոխանցել է նրանց հաշվեհամարին: Տ. Փիլոյանը պնդում է, որ գնահատվել է իր գույքի ընդամենը մի մասը, ընդ որում` շուկայականից անհամեմատ էժան գնով: «Չնայած դատարանի վճռում գրված է, որ իմ սեփականության իրավունքը պետք է դադարեցվի շուկայական գնով փոխհատուցում տրամադրելու միջոցով, սակայն շուկայականից անհամեմատ ցածր գումար են փոխանցել: Պետությունը զրկել է ինձ սեփականությունից ոչ այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով եւ միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով»,- ասում է Տ. Փիլոյանը, ով դիմել է Վարչական դատարան` պետության գործողությունները դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչելու եւ Սահմանադրությամբ նախատեսված` նախնական համարժեք փոխհատուցում իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու պահանջով:
Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ (ԾԻԳ) պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից «Արթին էնթրփրայս» ՍՊԸ գնահատման գործակալությանը պատվիրվել է գնահատել Տ. Փիլոյանի Արամի 38 հասցեում գտնվող սեփականությունը։ «Նրանք իմ սեփական հողատարածքի մեկ քառակուսի մետրը գնահատել են 250 դոլար, իսկ շինության 1քմ-ն՝ 434 դոլար, այն դեպքում, երբ շուկայական արժեքը բավականին բարձր էր: Իմ սեփականությունը գնահատվել է շատ չնչին, որովհետեւ դա եղել է իրացնողի պատվերը»,- ասում է Տ. Փիլոյանը` վստահեցնելով, որ ի տարբերություն վերոնշյալ գնահատողի` անկախ գնահատման գործակալությունները բավականին բարձր գին են սահմանել, սակայն նրանք հրաժարվել են իրենց փորձագիտական եզրակացությունն ամրագրել մեկ պարզ պատճառով` խնդիրներ են ունեցել պետության հետ: Ըստ փաստաբան Տիգրան Հայրապետյանի` Տ. Փիլոյանին պատկանող անշարժ գույքի շուկայական գինը սահմանելիս իրացնողը նույնիսկ ուշադրություն չի դարձրել կառավարության որոշումներին, որով հակասել է ինքն իրեն: Դեռեւս 2003թ. հոկտեմբեր ամսին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վավերացրել է մի փաստաթուղթ, որի բովանդակության համաձայն` պետությունն իր քաղաքացիներից, կարելի է ասել` «խլել» է իրենց սեփականությունն ու բավականին թանկ գնով գործարարներին առաջարկել է վարձակալել տարածքը: ՀՀ կառավարության 2001թ. N 645 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշման մեջ սահմանված է հետեւյալը. «Թույլատրել Երեւանի քաղաքապետին` օտարման գոտում գտնվող հողամասերն ու անշարժ գույքն իրացնելու, գնելու եւ վերցնելու փոխհատուցման առաջարկում նախատեսել նաեւ հողամաս տրամադրելն առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով: Օտարման գոտում գտնվող հողամասերը վարձակալության իրավունքի վաճառքի ձեւով տրամադրել նաեւ առանց մրցույթի` ուղիղ բանակցությունների միջոցով, սահմանելով վարձակալության իրավունքի վաճառքի գինը` 1 քառ. մետր հողամասի համար 500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամից ոչ պակաս»: Հետեւաբար՝ պետությունը Տ. Փիլոյանին 1 քմ-ի համար 250 դոլար փոխհատուցում տրամադրելով` մասնավորին առաջարկել է այն վարձակալել 500 դոլարով: Սա՝ այն դեպքում, երբ հողատարածքը ոչ թե գնվում, այլ վարձակալությամբ է տրամադրվում: «Համաձայն դատարանի վճռի՝ պետք է շուկայական գնով փոխհատուցում տրվեր Տ. Փիլոյանին: Կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողները ԾԻԳ-ից ստանում են գրություն, որ իբրեւ իրենք գնահատել են գույքի շուկայական արժեքը, որի արդյունքում սեփական հողի 1քմ-ն գնահատվել է 250 դոլար, իսկ շինությունը` 434: Սա՝ այն պայմաններում, երբ կառավարությունը որոշում էր կայացրել մասնավորին կամ ֆիզիկական անձանց հողը վարձակալությամբ վերցնել ցանկացողների համար քաղաքապետարանին պարտավորեցնել կնքել պայմանագիր, ըստ որի` 1քմ հողատարածքի գինը 500 դոլարից ոչ պակաս է: Այսինքն` սեփականատիրոջից վերցնում եւ կրկնակի գումարով տալիս է վարձակալության, այն դեպքում, երբ սեփականության ուժը վարձակալությունից բարձր է»,- ասում է փաստաբան Տ. Հայրապետյանը` հավելելով, որ գնահատող կազմակերպությունն իր գնահատման չափանիշներով մեր քաղաքացիների սեփականությունը, կարելի է ասել, «նվիրել» է պետությանը: Այդուհանդերձ, իրացման գոտու տակ հայտնված Տ. Փիլոյանը վստահեցնում է, որ դիմել է բազմաթիվ գնահատման գործակալությունների, որոնք, որպես կանոն, մերժել են վիճելի անշարժ գույքը գնահատել, քանի որ լիցենզիայից զրկվելու վտանգ է եղել: «Շատ կազմակերպություններ բացահայտ ասել են, որ` ճիշտ գինը սահմանելուց հետո կարող ենք զրկվել լիցենզիայից: Նման դեպք եղել է, որը դաս է եղել մյուս գնահատողների համար»,- հավաստիացնում է Տ. Փիլոյանը: Ի դեպ, 2007թ. ընդունված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության մասին» օրենքով հատուկ ընթացակարգեր եւ պայմաններ էր սահմանվել, որով պետք է սեփականությունն օտարվեր: Օրենքի սահմանադրական պահանջներից մեկն էլ այն է, որ փոխհատուցումը պետք է լինի նախնական եւ շուկայական գնին համարժեք: Ընդ որում` շուկայական գինը պետք է սահմանվի բաց, մրցակցային հարաբերություններում, որի դեպքում ճնշում չպետք է կիրառվի: Ավելին` ըստ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության մասին» օրենքի` եթե դատական ատյաններում գործը քննելիս դատավորը տեսնում է, որ ՀՀ-ում չկա բաց մրցակցային շուկա, դատավորն ինքն է որոշում գնահատման չափանիշները. «Այդ օրենքից հետո անկախ փորձագետները սկսեցին ճնշման տակ հայտնվել: Փորձագետների լիցենզիան տրվում է Կադաստրի պետական կոմիտեից եւ, եթե որեւէ փորձագետ հանդգնում է այնպիսի գնահատական տալ, որը պայմանավորվածությունից դուրս է` արտոնագրի հետ կապված պրոբլեմներ է ունենում: Շատ գնահատողներ, հանձին «Կառուցագետ» կազմակերպության` ունեցել են այդ պրոբլեմները: ԾԻԳ-ի գնահատողները տվել են շուկայական իրական արժեքի մաքսիմում 30-35 %-ը»:
Այդուհանդերձ. Տ. Փիլոյանը հույս ունի, որ Վարչական դատարանում գործը քննող դատավոր Արթուր Առաքելյանը` հիմք ընդունելով անկախ փորձագիտական եզրակացության բացակայությունը, միջոցներ կձեռնարկի օրենքով նախատեսված կարգով շուկայական գնի անկախ գնահատման չափորոշիչներ սահմանել: Ի դեպ, բավականին հետաքրքիր հաշվետվությունների փաթեթ է մեզ տրամադրել Տ. Փիլոյանը, որով՝ ինչպես «Արթին էնթերփրայս» ՍՊԸ, այնպես էլ` «Տիգրիս» ՍՊԸ գնահատման գործակալությունների գնահատման չափանիշները փաստում են մեկ պարզ բան. իրացման գոտու բնակիչների անշարժ գույքի գնահատումը կատարվել է իրացնողի թելադրանքով, մեղմ ասած` գնահատողը հնարավորինս գին է գցել:
Օրինակ` նույն կազմակերպությունը Տերյան 25/8 հասցեում գտնվող Գայանե Տիտանյանին 1/2, Արա Վատոլինին 1/4 եւ Վերոնիկա Վատոլինային 1/4 պատկանող անշարժ գույքի շուկայական արժեքը գնահատելիս 1քմ-ի դիմաց սահմանել է 1500 դոլար գին: Սա՝ այն դեպքում, երբ վերոնշյալ անձինք չունեն սեփական հողատարածք: Կամ, օրինակ` «Տիգրիս» ՍՊԸ-ն Կենտրոն համայնքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 3 հասցեի տարածքը գնահատելիս 1քմ-ի համար սահմանել է 5690 դոլար: «Դատավորը կարող է այս գնահատման արդյունքները վերցնել որպես չափանիշ եւ համադրել, այսինքն` գույք, որը վերցնում են որպես պետության կարիքների համար, եւ գույք, որն ուղղակի գնահատել են: Կամ որպես չափանիշ կարող է ընտրել նորակառույցներում վաճառվող 1 քմ-ի գները եւ, բնականաբար, հանել նախկինում տված փոխհատուցման գումարը: Հակառակ դեպքում` անշարժ գույքի գնահատման այսօրինակ տարբերությունը պարզապես վկայությունն է այն բանի, որ իրացման գոտու բնակիչների սեփականությունը մեր պետությունը բառացիորեն հափշտակել է»,- հայտարարում է փաստաբան Տ. Հայրապետյանը: