ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհաբյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանին խորհուրդ էր տվել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատասխանելու փոխարեն՝ հրաժարականի դիմում գրել, ինչին երեկ պատասխանել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նա խորհուրդ էր տվել Ն. Զոհրաբյանին` «չանցնել կոռեկտության եւ էթիկայի սահմանները եւ ոտքերը մեկնել իր վերմակի չափով», նաեւ ընդգծել էր, թե Նաիրա Զոհրաբյանը չէ, որ պետք է որոշի` նախարարներից ով հրաժարական տա, ով` ոչ: Երեկ, պարզվում է` այս առնչությամբ Նաիրա Զոհրաբյանն ու Էդուարդ Շարմազանովն առանձնազրույց են ունեցել: «Ինչ ունեի ասելու Էդուարդ Շարմազանովին՝ ես ասել եմ նրան դեմ առ դեմ, այլ բան ավելացնելու չունեմ եւ չեմ ցանկանում դա հրապարակել: Հուսով եմ, որ ինքը ճիշտ հետեւություններ կանի իմ ասածից»,- ասել է Ն. Զոհրաբյանը: Է. Շարմազանովն էլ առանձնազրույցից հետո ասել է. «Իմ քաղաքական գործունեության սկզբունքներից մեկը հետեւյալն է` չհասցնել անձնական վիրավորանք, այլ տալ քաղաքական գնահատականներ: Այս անգամ եւս ես արել եմ քաղաքական գնահատական»: