Երեկ Փարիզում կայացել է Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել է ՀՀ իշխանությունների ներկայացրած ժամանակացույցը: ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի գրած ժամանակացույցի համաձայն` իշխանությունները պարտավորվել են մինչեւ տարեվերջ բարեփոխել ընտրական համակարգը եւ համապատասխան փոփոխություններ ընդունել ԱԺ-ում, որպեսզի հնարավորություն ստեղծվի 2011թ. արդեն նախապատրաստվել հաջորդ ընտրություններին: Իշխանությունները պարտավորվել են իրականացնել նաեւ մի շարք այլ «գեղեցիկ բարեփոխումներ», որոնց մասին խոսում են միայն այն ժամանակ, երբ եվրոպական կառույցները որեւէ բան են պահանջում Հայաստանից: Հիշեցնենք, որ փետրվարի 2-ին ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլումբիեն իրենց հաղորդագրությամբ ՀՀ իշխանություններից պահանջել էին մինչեւ ԵԽ ԽՎ ապրիլյան նստաշրջանը ներկայացնել բարեփոխումների ժամանակացույց` 2008թ. մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունները, ԵԽ ԽՎ-ի համապատասխան բանաձեւերի հանձնարարականները կատարելու վերաբերյալ: Դրա նպատակը, ըստ համազեկուցողների` պետք է լիներ «համակողմանիորեն դիտարկել այն հանգամանքները, որոնք հանգեցրել են մարտի 1-2-ի իրադարձություններին»: Եվ չնայած Դ. Հարությունյանի գրած ժամանակացույցում նշված քայլերն իրականում գրեթե կապ չունեն մարտի 1-ի դեպքերի «համակողմանի դիտարկման» հետ, Մոնիտորինգի հանձնաժողովի երեկվա նիստում դրանք հավանության են արժանացել համազեկուցողների կողմից: Համենայնդեպս, ինչպես «Ազատություն» ռ/կ-ին ասել է Դ. Հարությունյանը, Ժորժ Կոլումբիեն «դրական է գնահատել ներկայացված ժամանակացույցը եւ ողջունել է փոփոխություններ կատարելու` ՀՀ իշխանությունների ցանկությունը»: ԵԽ ԽՎ համազեկուցողները հերթական անգամ ցուցաբերել են «իրենց սկզբունքային դիրքորոշումը» եւ ապրիլին ժամանելու են Հայաստան, որպեսզի գնահատեն, թե ինչպես են իշխանությունները կատարում իրենց ժամանակացույցում նշված քայլերը: