«Գազի սակագնի թանկացումը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ նա ամեն ինչ անում է, որպեսզի մեղմի այդ որոշման սոցիալական հետեւանքները»,- երեկ ԱԺ-ում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` նշելով, որ կառավարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը մշակում է գազի գնի բարձրացման պատճառով հասարակության անապահով խավի վրա ունեցած հետեւանքների փոխհատուցման ծրագիր: «Ներկա պահին ճշտվում են աշխատանք չունեցողների ցուցակները»,- ասել է նա` շեշտելով, որ այդ հարցը շատ արդիական է ՀՀ-ի պես երկրի համար, որտեղ բավականին բարձր է աղքատության մակարդակը: Միաժամանակ նա ասել է, որ գազի գնի բարձրացումն օբյեկտիվ պատճառներ ունի, մասնավորապես այն պայմանավորված է ՀՀ ներկրվող գազի գնի բարձրացմամբ. «Նախքան որոշում ընդունելը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մանրամասն վերլուծել է «ՀայՌուսգազարդի» հայտը»: