Առանց ԼՂՀ-ի` անհնար է

18/03/2010

Փարիզում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները Էդ. Նալբանդյանին տեղեկացրել են մարտի 5-ին Փարիզում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ իրենց ունեցած քննարկումների արդյունքները: Նալբանդյանը նրանց ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական կողմից բանակցային գործընթացի էությունն ու իմաստը խեղաթյուրելու շարունակական փորձերին` ընդգծելով, որ դրանք բացասաբար են անդրադառնում բանակցությունների մթնոլորտի վրա եւ խոչընդոտում են դրանց առաջընթացը: Անդրադառնալով բանակցություններին ԼՂՀ մասնակցությանը` նա ընդգծել է, որ հիմնախնդրի հանգուցալուծումն անհնար է առանց գործընթացին ԼՂՀ իշխանությունների անմիջական մասնակցության: