Դատի է տալու

18/03/2010

Թուրքիայի աշխատանքի եւ սոցանվտանգության նախկին նախարար Յաշար Օքույանը, գնահատելով Էրդողանի` Թուրքիայում ապօրինի բնակվող 100.000 հայերին արտաքսելու մասին լոնդոնյան հայտարարությունը, ասել է, որ իրավական տեսանկյունից դա քրեորեն հետապնդելի արարք է, Գերագույն դատարանում քննվելու ենթակա հանցանքի խոստովանություն: Այս մասին հայտնում է թուրքական «Անկա» գործակալությունը: «Այս հայտարարությունները քաղաքականության տեսանկյունից լուրջ հակասություն են ստեղծում: Արձանագրությունների ստորագրման շրջանում վարչապետը Հայաստանի հետ կարգավորման գործընթացը հումանիզմի տեսանկյունից էր մեկնաբանում: Նույն այդ վարչապետը՝ «հայերին կվտարենք» ասելով՝ լուրջ քաղաքական հակասություն է դրսեւորում»,- ասել է թուրք նախկին նախարարը: Բացի այդ քաղաքական հակասությունից, կա նաեւ ավելի վտանգավոր հանգամանք. Օքույանի դիտարկմամբ` նման հայտարարությունը, ըստ էության, հանցանքի ինքնախոստովանություն է: Ընդ որում` արդարադատության առաջ կանգնելու նույն այդ վտանգը սպառնում է նաեւ Թուրքիայի աշխատանքի նախարարին` Օմեր Դինչերին: Վկայակոչելով Սահմանադրությունը՝ օտարերկրացիների աշխատանքի վերաբերյալ գործող օրենսդրական ակտի 48817 հոդվածը` Օքույանը նշել է, որ այդ իրավախախտման համար նախատեսված է 2-4 տարի ազատազրկում: Ընդ որում, ըստ նշված օրենքի, պատասխանատվության պետք է ենթարկվի նաեւ ապօրինի ներգաղթյալին աշխատանքով ապահովող գործատուն: Օքույանը նշել է, որ այսօր պատրաստվում է Թուրքիայի վարչապետի ու Աշխատանքի նախարարի դեմ դատական հայց ներկայացնել Գերագույն դատարան: