Փոքր բիզնեսն ու նրա «աջակիցները»

18/03/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

2-3 օրից պաշտոնական վիճակագրությունը կհրապարակի այս տարվա հունվար-փետրվար ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Ամենայն հավանականությամբ, դրանք չեն զիջի հունվար ամսվա ցուցանիշներին՝ կարձանագրվի համախառն ներքին արդյունքի աճ 2%-ի սահմաններում։ Սա եւս մեկ անգամ հիմք կտա մեր պաշտոնյաներին՝ անթաքույց հպարտությամբ հայտարարելու, որ ճգնաժամը նահանջում է, եւ տնտեսությունը սկսում է կամաց-կամաց ոտքի կանգնել։

Այս կարգի հայտարարություններին, թվում է, այլեւս անդրադառնալն անիմաստ է, քանի որ կոալիցիոն գործընկերներն իրենք արդեն դա անում են լրագրողների փոխարեն։ Սակայն փորձենք խնդրին նայել նաեւ այլ տեսանկյունից։

Կառավարության անդամներն իրենց պեղած հատուկենտ դրական ցուցանիշների մասին խոսելիս՝ չեն մոռանում նշել, որ դա իրենց հակաճգնաժամային քաղաքականության արդյունքն է։ Սակայն նույն պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ թե՛ այդ հակաճգնաժամային քայլերը, թե՛ դրանց արդյունքում ի հայտ եկած ցուցանիշները իրականությունից շատ հեռու են։ Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, բերենք ընդամենը մեկ օրինակ՝ մեկ կոնկրետ ոլորտից։ Խոսքը վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսին ցուցաբերվող աջակցության մասին, որը կառավարության անդամների ելույթների «կարմիր թելերից» մեկն է։

«Հակաճգնաժամային մեր ծրագրի երկրորդ թիրախը փոքր եւ միջին ձեռնարկություններին օժանդակությունն էր»,- 2009թ. նոյեմբերի 18-ին բյուջեն ԱԺ-ում ներկայացնելիս՝ ասում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ նշելով կոնկրետ միջոցառումներն այս ուղղությամբ։ Դրանց մի մասը, այսպես ասենք, վարկային օգնություն էր. ըստ պաշտոնական տվյալների, ՓՄՁ վարկավորման նպատակով ՌԴ-ից ստացված վարկի միջոցներից տրամադրվել է 18.5 մլրդ դրամ, Վերակառուցման եւ Զարգացման Միջազգային Բանկի կողմից՝ 17 մլրդ դրամ, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին եւ ՈւՎԿ-ին, որը ստեղծվել է կառավարության որոշմամբ, հատկացվել է համապատասխանաբար 3.7 եւ 6.4 մլրդ դրամ։

Ինչպես արդեն նշել ենք, վարկավորումը՝ որպես այդպիսին, չի կարելի օգնություն համարել։ Առավելեւս, որ այդ վարկերը տրամադրվում են (եթե, իհարկե, տրամադրվում են) անմարդկային պայմաններով՝ բարձր տոկոսադրույքներ, պարտադիր գրավի առկայություն, մարման կարճ ժամկետ եւ այլն։

Ինչեւէ՝ կառավարությունում համարել են, որ վարկային միջոցների տրամադրումը, ասենք, ՓՄՁ ԶԱԿ-ին, ինքն իրենով արդեն կարեւոր, դրական միջոցառում է, որը հանգեցնելու է փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Այսինքն՝ կառավարությունը իր հասանելիքն արել է, գումարը տրամադրել է, եւ վերջ. հետո կարելի է մի երկու հաջողված օրինակ պեղել (ասենք, Յոնջալաղում քաղցր բամբակի արտադրությամբ զբաղվող մի անհատ ձեռնարկատերի մասին) եւ ասել՝ տեսեք, մեր տրամադրած օգնությամբ ի՜նչ առաջընթաց է եղել։

Հիմա գանք ամենահետաքրքիր մասին՝ կոնկրետ ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության վերաբերյալ ԱԺ Վերահսկիչ պալատի հրապարակմանը։ Նախ նշենք, որ Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը ստեղծվել է 2002թ., եւ նրա գլխավոր առաքելությունն է փոքր եւ միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցությունը եւ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: 2007, 2008 եւ 2009 թթ. ՀՀ պետական բյուջեից ՓՄՁ ԶԱԿ-ին հատկացվել է համապատասխանաբար` 400 միլիոն, 450 միլիոն եւ եւ 573,5 միլիոն դրամ: Նշված գումարները ծախսվել են հետեւյալ հիմնական ուղղություններով` ՓՄՁ սուբյեկտներին աջակցություն եւ համապատասխան ենթակառուցվածքների ամրապնդում, վարկային երաշխիքների տրամադրում, ՓՄՁ սուբյեկտների կողմից թողարկվող արտադրանքի շուկաներ առաջմղմանն աջակցություն, ուսուցողական աջակցություն եւ այլն։

ՎՊ-ի արձանագրած ամենակարեւոր խախտումները, թերեւս, վերաբերում են վարկային երաշխիքներին։ «Ընտրանքային կարգով ՀՀ Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Լոռու, Շիրակի եւ Կոտայքի մարզեր կատարված թվով 64 ստուգայցերը ցույց են տվել, որ 42 դեպքերում ՓՄՁ սուբյեկտները երաշխավորությամբ ստացված վարկային միջոցներն օգտագործել են ոչ նպատակային, կամ դրանց ծախսման ուղղություններով թույլ են տվել էական շեղումներ, որը հանգեցրել է նրանց ֆինանսատնտեսական ցուցանիշների անկմանը»,- նշված է ՎՊ հաշվետվության մեջ։ Ընդ որում, ՎՊ-ն բավականին ծիծաղելի փաստեր է արձանագրել։ Օրինակ՝ ավտոտեխսպասարկման կազմակերպման նպատակով ստացված գումարը «Վանիկ Խումյան» Ա/Ձ-ն ծախսել է սեփական տան նկուղի կառուցման վրա, իսկ «Ստեփան Համբարձումյան» Ա/Ձ-ն վարկային ռեսուրսներն օգտագործել է իր սեփականությունը հանդիսացող շինությունը կապիտալ նորոգելու համար։

Լավ, մի պահ ենթադրենք, որ ՓՄՁ ԶԱԿ-ը մեղք չունի, որ «Վանիկ Խումյան» անհատ ձեռնարկատերը վարկը ստանալուց հետո կորցրել է հետաքրքրությունը ավտոտեխսպասարկման նկատմամբ եւ որոշել է, որ սեփական տան նկուղն ավելի կարեւոր է։ Սակայն ՎՊ հայտնաբերած մյուս խախտումների համար հաստատ ինչ-որ մեկը մեղավոր է։ Ասենք՝ վարկային երաշխիքներ են տրամադրվել ընկերությունների, որոնք… պարզապես չեն գործում։ «Օրինակ, «Սամվել Շուշանյան» Ա/Ձ-ն վարկ ստանալու պահին ներկայացրել է տվյալներ այն մասին, որ 10 աշխատողների միջոցով զբաղվում է մանրածախ առեւտրով՝ ապահովելով 2 մլն դրամի շրջանառություն: ՓՄՁ ԶԱԿ-ի մոնիտորինգի արդյունքում նրա մոտ արձանագրվել է 5 աշխատող եւ 24 մլն դրամի շրջանառություն: Իրականում, կատարված ստուգայցով եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից տրամադրված տեղեկատվությամբ փաստվել է, որ տվյալ սուբյեկտն ինչպես վարկ ստանալիս, այնպես էլ դրանից հետո չի գործել եւ չի գործում»: Եվ այդպես՝ 16 ընկերություն, այն էլ՝ ընտրանքային հետազոտությամբ պարզված։ Այս ամենը վերլուծելով՝ Վերահսկիչ պալատը հանգում է մի եզրակացության. «2007-2008 թթ. երաշխավորությամբ ստացված ֆինանսական աջակցությունը չի նպաստել փոքր եւ միջին ձեռնարկատիրության ընդլայնմանը, աշխատատեղերի եւ հարկային վճարումների ավելացմանը, իսկ առանձին դեպքերում հանգեցրել է նաեւ չգործող տնտեսավարող սուբյեկտների քանակի աճին»։ Այսինքն՝ այն, ինչ պետք էր ապացուցել։ Իսկ ապացուցել պետք էր այն, որ վարկի տրամադրման փաստը՝ որպես այդպիսին, կարող է ոչ թե գլուխ գովելու, այլ՝ գլուխը կախելու առիթ լինել։

ՎՊ-ն խախտումներ է գտել Կենտրոնի գործունեության մյուս ուղղություններում եւս՝ սկսնակ գործարարների աջակցություն, ուսուցում եւ այլն։ Օրինակ՝ Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության ծրագրի շրջանակներում ձեռներեցներին 2009 թ. հուլիսի 1-ի դրությամբ տրամադրվել են 15 վարկային երաշխավորություններ՝ շուրջ 21 մլն դրամի չափով: ՎՊ-ն եզրակացրել է, որ դա չի նպաստել ՓՄՁ սուբյեկտների կողմից նախատեսված գործարար ծրագրերի լիարժեք իրագործմանը կամ սեփական գործի հիմնմանը, եւ բերել է բավականին համոզիչ հիմնավորում. «Ընտրանքով ընդգրկված 15 սկսնակ գործարարներից ներկայումս գործունեություն են իրականացնում միայն 2-ը»: Իսկ ՓՄՁ սուբյեկտներին տրամադրվող ուսուցողական եւ խորհրդատվության ծրագրերում ՎՊ-ն փաստել է ձեւական մոտեցման մասին՝ ուշադրություն հրավիրելով մի շատ հետաքրքիր փաստի վրա. «Առանձին դեպքերում գործընկեր կազմակերպությունները («Սպիտակի մտավորականներ» հ/կ-ն, «Մթնածող» ՍՊԸ-ն) նախկինում գործունեություն չեն իրականացրել եւ ՓՄՁ ԶԱԿ-ի հետ կատարված գործարքներից հետո դադարեցրել են այն: Հրատարակված տեղեկատուներում զետեղված գործընկեր կազմակերպությունների ցանկից շատերը ընդհանրապես ծառայություններ չեն մատուցել կամ չեն գործում»:

Այս հրապարակման ծավալները թույլ չեն տալիս ամբողջությամբ անդրադառնալ ՎՊ արձանագրած խախտումներին։ Նշենք միայն, որ հաշվետվության վերջում Պալատը առաջարկել է արձանագրված խախտումներն ու թերությունները քննարկել ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նիստում եւ պատասխանատվության ենթարկել դրանք թույլ տված պաշտոնատար անձանց: Պատասխանատվության, որքան գիտենք, ոչ ոք չի ենթարկվել։ Մինչդեռ նույն հաշվետվությունից երեւում է, որ ՓՄՁ ԶԱԿ-ում լա՜վ էլ գոհ են իրենց աշխատանքից։ «Ավելացել են նաեւ ծրագիրն իրականացնող անձնակազմի ու փորձագետների թվաքանակը եւ նրանց վարձատրությանն ուղղված միջոցները՝ 2007 թ. 95 միլիոն դրամի դիմաց 2009 թ. ծախսերը նախատեսվել են 165 միլիոն դրամի չափով, կամ աճել են 70 միլիոն դրամով (73.7 %-ով), որը զգալի չափով պայմանավորված է անձնակազմի վարձատրության չափի ավելացմամբ: Փաստորեն, հաշվետու ժամանակաշրջանում ՓՄՁ ԶԱԿ-ի վարչակառավարչական ծախսերն ունեցել են աճի միտում՝ 2009 թ. կազմելով պետական բյուջեով ծրագրին հատկացված միջոցների շուրջ 40.0%-ը»,- նշվում է ՎՊ հաշվետվության մեջ։

Վերադառնալով վարկային երաշխիքներին՝ նշենք նաեւ մի երեւույթի մասին, որը վերաբերում է ոչ միայն կոնկրետ այս կառույցին, այլ արտացոլում է մեր ողջ տնտեսական համակարգի էությունը։ Հաշվետվության այս հատվածը ներկայացնենք ամբողջությամբ. «Տարեկան մոնիտորինգը կրել է ձեւական բնույթ: Ընտրանքային կարգով թվով 42-ի սուբյեկտների մոտ իրականացված ուսումնասիրություններով հիմնավորվել է, որ նրանց իրացման իրական շրջանառությունը կազմել է ընդամենը 204,8 միլիոն դրամ, մինչդեռ ՓՄՁ ԶԱԿ-ի կատարած մոնիտորինգի արդյունքներով ցույց է տրվել 2 մլրդ 839 միլիոն դրամ… Բացի այդ, համաձայն ՓՄՁ ԶԱԿ-ի մոնիտորինգի արդյունքների, նշված սուբյեկտները ստեղծել են 251 նոր աշխատատեղ, իսկ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի տեղեկատվությամբ դրանց թիվը կազմել է 67, կամ 184-ով պակաս»։

Այն, որ կառավարության կողմից այդքան գովերգվող վարկավորումն ըստ էության ոչնչով չի օգնում փոքր ու միջին բիզնեսին՝ դա պարզ է։ Սակայն ցուցանիշների այսպիսի տարբերությունը՝ պետությունը ներկայացնող երկու տարբեր մարմինների կողմից, լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Պետեկամուտների կոմիտեն նշում է ընդամենը 204.8 միլիոն դրամի շրջանառություն, իսկ ՓՄՁ ԶԱԿ-ը՝ ավելի քան 10 անգամ ավելի մեծ թիվ։ Կամ՝ ըստ ՊԵԿ-ի, վերը նշված 42 սուբյեկտները ստեղծել են ընդամենը 67 նոր աշխատատեղ, իսկ ՓՄՁ ԶԱԿ-ի տվյալներով՝ 4 անգամ շատ։

Այստեղ էականն այն չէ՝ որ մեկի տվյալներն են ավելի ճիշտ։ Էականն այն է, որ պետական կառույցները ակամայից խոստովանում են, թե հարկ եղած դեպքում քանի անգամ կարող են ուռճացնել ցանկացած ցուցանիշ։ Ոչ միայն կոնկրետ այս դեպքում, այլ, ընդհանրապես, բոլոր դեպքերում։ Ոչ ոք չի կասկածում, չէ՞, որ խոսելով փոքր ու միջին բիզնեսին ուղղված իրենց քայլերի մասին՝ իշխանությունները նշելու են ՓՄՁ ԶԱԿ-ի ստեղծած ոչ թե 67, այլ 184 նոր աշխատատեղի մասին։ Այդպես ավելի շահեկան է։ Իսկ ՎՊ-ի արձանագրած թվերը պահելու են որպես ներքին օգտագործման մահակ՝ հարկ եղած դեպքում գործածելու համար։