Երբեք հավատքի պարտություն չենք կրել

18/03/2010

Երեկ առավոտյան Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը` երկու եկեղեցիների հոգեւոր դասի ուղեկցությամբ, ծաղկեպսակներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Անմար կրակի մոտ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ պատրիարքն աղոթել է Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության համար: Արարողությունից հետո Կիրիլ պատրիարքը շտապել է Քանաքեռում գտնվող ռուսական եկեղեցի, որտեղից էլ բարձրախոսների միջոցով հնչել է նրա խոսքը` ուղղված ռուսական համայնքի ներկայացուցիչներին: Պատրիարքը կոչ է արել աջակցել, սատարել մեկմեկու, պահպանելով հավատքը, լեզուն, մշակույթը: «Սա ամենակարեւորն է, որովհետեւ եթե պահպանվում է ազգային ինքնագիտակցությունը, պահպանվում է նաեւ լեզուն, մշակույթը, հավատքը, եւ այդ դեպքում հայրենիքից դուրս ապրող մարդիկ կարող են իրենց լավ զգալ»,- ասել է նա` շեշտելով, թե տեղյակ է, որ Հայաստանում բոլոր հնարավորությունները կան` սովորելու ռուսաց լեզուն, ուսումնասիրելու ռուսական մշակույթը, եւ ի դեմս Ամենայն Հայոց կաթողիկոսի` նա շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդին այս հնարավորությունների համար: «Մեր ժողովուրդների պատմությունը եղել է հավատքի հաղթանակի պատմություն: Քաղաքական պարտություններ մենք կրել ենք, բայց երբեք մեր ժողովուրդները չեն կրել հավատքի պարտություն»,- ասել է Համայն Ռուսիո պատրիարքը:

Երեկ Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինին եւ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին հյուրընկալել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, վստահելի գործընկերը, եւ մեր հարաբերությունները զարգանում են համապատասխանաբար. շարունակվում է բարձր մակարդակով քաղաքական երկխոսությունը, կանոնավոր քննարկում ենք հարցեր, որոնք վերաբերում են ոչ միայն երկկողմ հարաբերություններին, այլեւ տարածաշրջանային խնդիրներին»,- ասել է Ս. Սարգսյանը: Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքն ասել է, որ երկկողմ հարաբերությունների զարգացման համար անչափ կարեւոր է նաեւ մարդկային գործոնը: Կիրիլ Առաջին պատրիարքի խոսքով` «քաղաքական գործիչները երկխոսություն են ծավալում քաղաքական մտքի, գործարարները` հանապազօրյա խնդիրների, իսկ հոգեւորականները` սրտի մակարդակով: Իսկ երբ վերջինին մասնակից են դառնում նաեւ բարձրագույն իշխանությունները, այդ երկխոսությունը ժողովուրդների ու երկրների համար մեծ նշանակություն է ունենում»: Ռուս ՈՒղղափառ եկեղեցու առաջնորդը բարձր է գնահատել հայ ժողովրդի եւ եկեղեցու առանձնահատուկ դերը քրիստոնեական արժեքների տարածման գործում: Նա ողջունել է Հայ Առաքելական եկեղեցու ներկայությունը Ռուսաստանում` նշելով, որ ՌԴ-ում ապրում են բազմաթիվ հայեր, ովքեր մեծապես ներգրավված են հանրային կյանքի գրեթե բոլոր ոլորտներում: