Ս.Սարգսյանին դժվար այց է սպասվում Վաշինգտոնում

18/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Պրն Շահնազարյան, վերջին զարգացումներից հետո կարելի՞ է եզրակացնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուն ուղղված արձանագրություններն այլեւս տապալված են:

– Հայ-թուրքական հարաբերություններն այս արձանագրություններով չէ, որ կառուցվելու են: Ֆուտբոլային դիվանագիտության արդյունքում վաղուց ստեղծվել է մի իրավիճակ, երբ կողմերն ու միջնորդները գիտեն, որ այս գործընթացն ապագա չունի: Հիմա խաղ է գնում է, թե ում վրա է ընկնելու գործընթացը տապալելու պատասխանատվությունը: Դրա հետ է կապված նաեւ ՀՀ ԱԺ-ի կողմից «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում կատարած օրենսդրական փոփոխությունը: ՀՀ խորհրդարանն ինքն է առաջինը վավերացնելու, որից հետո Սերժ Սարգսյանին կմնա լուծումը հետ կանչել-չկանչելու հարցը, կամ` առանց վավերացնելու հետ կկանչեն: Եթե, իհարկե, ԼՂ հարցում մինչ այդ տեղաշարժ չլինի: Իսկ հայտարարությունները, թե Թուրքիայից հետո են վավերացնելու, համոզիչ չեն. այդ դեպքում ինչո՞ւ օրենսդրական փոփոխությունը արեցին:

– ԱՄՆ-ին ինչի՞ համար էր անհրաժեշտ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության 252 բանաձեւի նախագծի ընդունումը:

– Գործընթացի արդյունքում ԱՄՆ-ը ստացավ նոր լծակներ Թուրքիայի հետ հարաբերություններում օգտագործելու համար: Այսօր ԱՄՆ-Թուրքիա օրակարգում կան բազմաթիվ հարցեր: Թուրքիա-Իրան հարաբերությունների հետագա զարգացումը, որ ակնհայտ ձեռնտու չէ ԱՄՆ-ին: Թուրքիայի դերը Մերձավոր Արեւելքում խաղաղություն հաստատելու գործընթացում, Աֆղանստանում եւ Սեւ ծովի ավազանում նույնպես շատ կարեւոր է ԱՄՆ-ի համար: Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող էներգետիկ ծրագրերի զարգացմամբ նույնպես ԱՄՆ-ը մտահոգվում է: Խնդրահարույց հարցերից մեկն էլ ԱՄՆ ռազմական բազաների հետագա ճակատագիրն է Թուրքիայում: Իսկ ինչ վերաբերում է 252-րդ բանաձեւին, ապա ակնհայտ է, որ այն Կոնգրեսի լիագումար նիստ չի մտնի: Կարծում եմ, որ երբ դա հաստատվի, Թուրքիայի դեսպանը կվերադառնա ԱՄՆ: Սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան օգտագործում է այս քայլը: Կարծում եմ, որ ԱՄՆ-ը եւ Թուրքիան ձեւը կգտնեն, որպեսզի նախագահ Օբաման դեմքը փրկելու հնարավորություն ունենա եւ ապրիլի 24-ի ուղերձում հերթական անգամ ուղղակիորեն չտա ցեղասպանության գնահատականը:

– Փաստորեն ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների դերը այնքա՞ն էլ մեծ չէր այս բանաձեւի նախագծի ընդունման հարցում:

– Իմ խորին համոզմամբ՝ Ցեղասպանության ճանաչման համար այսքան գործադրած ջանքերի 30-40 տոկոսը եթե ներդնեին ԼՂ հարցում, որոշակի արդյունքներ կունենայինք: Ես կոչ եմ անում աչքաթող չանել, հիշել, որ ԼՂ խնդիր կա: Եթե կոնգրեսմենների հետ աշխատում են եւ լոբբինգ են անում ցեղասպանության հարցով, կարող են նաեւ ԼՂ հարցով էլ քայլեր ձեռնարկել: Չեն անում: Ինչո՞ւ: Որովհետեւ այդպե՞ս է ձեռնտու: Այո, ես նրանց մեղադրում եմ, որ աչքաթող են անում այդ կարեւորագույն հարցը: Ադրբեջանը քարոզչական պատերազմը շատ մեծ ծավալներով է տանում եւ, անկեղծորեն խոստովանենք, որ լրջագույն արդյունքների է հասել: Թե ՀՀ իշխանությունները, թե Սփյուռքը ոչինչ չեն անում, չեն մասնակցում այդ պատերազմին:

– Դուք ասում եք՝ այս բանաձեւի նախագծով ԱՄՆ-ը լրացուցիչ ճնշման լծակ ունեցավ Թուրքիայի դեմ: Բայց Թուրքիայի արձագանքից երեւում է, որ նրանք առանձնապես չեն էլ ճնշվում: Նույնիսկ հակառակը` ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում:

– Պետք է հասկանալ, որ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար այսօր ԱՄՆ-ը շատ ավելի քիչ լծակներ ունի, քան հակառակը: Իսկ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ ԼՂ հարցում որեւէ տեղաշարժ չկա: Ավելին, կարծես թե այս արձանագրությունների վերջին փուլն է, երբ պետք է որոշվի, թե ինչ մեխանիզմով եւ ում վրա պետք է ընկնի գործընթացը տապալելու պատասխանատվությունը: Իսկ Թուրքիայի խորհրդարանը, բացառվում է, որ վավերացնի՝ մինչեւ ԼՂ հարցում որեւէ առաջընթաց չլինի:

– Եթե միջնորդներն էլ կասկածում են, որ հայ-թուրքական այս գործընթացն ու արձանագրությունները ապագա չունեն, ինչո՞ւ են շարունակում խրախուսել այն:

– Մի պահ ենթադրենք, որ այս արձանագրությունները վավերացրել են, եւ կողմերը սկսել են աշխատել: Պատմաբանների այդ ենթահանձնաժողովի ամեն հանդիպմանը լինելու են սկանդալներ: Որքան էլ ՀՀ իշխանությունները ժխտեն, Թուրքիայի ղեկավարներն ու ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, որ ցեղասպանության գնահատականի հարցը որոշվելու է այդ հանձնաժողովում: Այսինքն, նույնիսկ վավերացնելուց հետո, իմ խորին համոզմամբ, այս արձանագրությունները որեւէ աշխատանքային ապագա չունեն: Այդ հանձնաժողովը կպայթեցնի ամեն գործընթաց: Իսկ արձանագրությունների ու գործընթացի արդյունքում Թուրքիան ստացել է իր ցանկությունների մեծ մասը, իսկ ՀՀ-ն` միայն կորուստներ: Թուրքիային պետք էր գործընթացը եւ ոչ թե արդյունքները, ՀՀ իշխանություններին արդյունք էր պետք: Արդյունք չի լինելու, իսկ գործընթացը, կարծում եմ, շատ երկար չի ձգվի: Իսկ միջնորդները շատ անկեղծ են, եւ առաջին տարին չէ, որ ուզում են խնդիրը հարթել ու սահմանը բացել: Միջնորդները եւ առաջին հերթին՝ ԱՄՆ-ը գերագնահատեցին այդ հնարավորությունները եւ հիմա շատ լավ հասկանում են, որ այդ արձանագրությունները չեն կարող հայ-թուրքական հարաբերությունների կառուցման հիմք լինել: Մյուս կողմից էլ՝ կարծես թե Թուրքիան իր անհեռատես քաղաքականության արդյունքում դրդեց, որ ցեղասպանության ճանաչման հարցը նորից դրական տեղաշարժ ունենա:

– Իսկ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում կողմերն ի՞նչ արդյունքի են հանգել:

– Ստեղծվել է երկիմաստ վիճակ: Նախ՝ Սոչիի հանդիպումից առաջ ու հետո սկսվեցին մի քանի գործառույթներ, որոնք կարծես թե ուղղված էին կարգավորման ձեւաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ: Մինսկի խմբին զուգահեռ գործընթացներ սկսելու տենդենցներ, Մինսկի խմբի դերը թուլացնող գործընթացներ եմ տեսնում: Դա են վկայում Իրանի ու Ղազախստանի առանձին-առանձին նախաձեռնությունները: Ինձ համար նույնիսկ տարօրինակ էր Ֆրանսիայի ու ՌԴ-ի համատեղ նախաձեռնությունը, որտեղ չի նշվում Մինսկի խմբի անունը: ՀՀ-ն առայժմ որեւէ դիրքորոշում չի արտահայտում եւ անընդհատ հղում է անում Սոչիում ունեցած պայմանավորվածությանը, թե կողմերը պետք է գրավոր տեսակետներ ներկայացնեն: Նաեւ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի չպահպանվի եւ չթուլանա Մինսկի խմբի ֆորմատը, ՀՀ իշխանությունների անորոշ հայտարարություններից շատ դժվար է այդպիսի եզրակացություն անել: Թեեւ ուզում եմ հիշեցնել, որ Մինսկի պրոցեսն առաջին հերթին մեզ է ձեռնտու: Ադրբեջանը բազմիցս փորձել է տապալել Մինսկի խմբի գործընթացը: Հիմա կարծես թե դերերով փոխվել են: Բայց ՀՀ իշխանությունները պետք է հասկանան, որ եթե հիմա տակտիկական առումով Ադրբեջանը կարծես թե պաշտպանում է Մինսկի պրոցեսը, ապա, եթե տապալման հնարավորություն լինի, մեծ հաճույքով կգնա դրան:

– Ինչի՞ արդյունք են այդ առանձին նախաձեռնությունները:

– ՌԴ-ի կողմից նկատում եմ Մինսկի խմբին զուգահեռ գործընթաց սկսելու շահագրգռվածությունը: Եվ ընդհանրապես ռուս-թուրքական բազմաշերտ` էներգետիկ, ռազմական, անվտանգության հարցերով համագործակցությունը մեզ համար պետք է լինի մտահոգիչ, եւ պահանջում է այդ իրավիճակին ադեկվատ գործողություններ: Մադրիդյան նորացված տարբերակի մասին ՀՀ-ն դեռ հստակ դիրքորոշում չի հայտնել, բայց կարծում եմ, որ կհայտնի, որովհետեւ առաջիկա հանդիպման ժամանակ եռանախագահողները դա կպահանջեն: Որակական փոփոխություն է տեղի ունեցել բանակցություններում, քանի որ Ադրբեջանը համաձայնություն է տվել: Որպես կանոն՝ հակառակն էր լինում: Եվ դրանից հայկական կողմը ընկել է շփոթված վիճակի մեջ: Իմիջիայլոց, այդ փաստաթուղթը հանձնվել էր կողմերին Սոչիի հանդիպումից առաջ: Իսկ ԼՂ կարգավորումը պետք է նայել ռուս-ամերիկյան հարաբերությունների կոնտեքստում: Ակնհայտ է, որ երկու կողմերը իրար հետ երբեք համաձայնության չեն գա: Այսինքն` կամ այս իրավիճակը պահպանվում է, կամ լինում է միջազգային շատ մեծ` ռուս-ամերիկյան համատեղ ճնշում: Կամ մյուս հնարավորությունը` պատերազմի հավանականությունը, որն այս պահին չէի ասի, թե մեծ է: Ավելի մեծ չէ, քան 2-3 ամիս առաջ էր, բայց նաեւ չեմ բացառում, որ մոտ ապագայում այդ հավանականությունը մեծանա:

– Անցած շաբաթ հրապարակվեց ԱՄՆ Պետդեպարտամենտի «Մարդու իրավունքներ 2009թ.» զեկույցը, որից անմիջապես հետո Սերժ Սարգսյանին հրավիրեցին Վաշինգտոն: Ի՞նչ կա թաքնված այս իրադարձությունների հետեւում:

– Զեկույցն, իմ գնահատականով, շատ իրատեսական է, որովհետեւ հստակ նկարագրում է Հայաստանում մարդու իրավունքների, քաղբանտարկյալների հետ կապված խայտառակ իրավիճակը: Եվ խստագույն այս զեկույցի հրապարակումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանը հրավիրվում է Վաշինգտոն՝ մասնակցելու էներգետիկ անվտանգության համաժողովին: Եվ քանի որ արդեն Վաշինգտոնի համար էլ ակնհայտ է, որ առանց ԼՂՀ հարցում տեղաշարժի` հայ-թուրքականում որեւէ առաջընթաց չի կարող տեղի ունենալ, կարծում եմ, որ հիմնական ուշադրությունն ուղղված է լինելու ԼՂ կարգավորման գործընթացը այս անորոշ վիճակից հանելու, Մինսկի խումբ վերադարձնելու: Եվ պահանջվելու է ՀՀ-ի հստակ դիրքորոշումը նորացված առաջարկությունների վերաբերյալ: Կարող է նույնիսկ խոսք գնալ հստակ ժամանակացույցի մասին: Այնպես որ, Ս.Սարգսյանին բավականին դժվար այց է սպասվում Վաշինգտոնում: