Այս շաբաթ ԱԺ քառօրյայի օրակարգում է նաեւ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտադիր ապահովագրության մասին» օրենքը:
Դատելով նրանից, թե պատգամավորները երկուշաբթի այս օրինագծի քննարկմանը որքան անլուրջ վերաբերվեցին, կարելի է պատկերացնել, թե այն ինչ ճակատագրի կարժանանա: Բանն այն է, որ հիմնական զեկուցողը` ԿԲ խորհրդի անդամ Վաչե Գաբրիելյանը, խորհրդարանում չէր, ինչն էլ պատճառ հանդիսացավ ոչ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի զայրույթի, այլ նաեւ օրինագծի մակերեսային քննարկմանը: Պատգամավորներն էլ՝ տեսնելով, որ օրինագծի շուրջ հարցադրումները մնում են օդում` պատասխանողի բացակայության պատճառով, դադարեցրին դրանք հնչեցնել:
Այնուամենայնիվ, սա այն օրինագիծն է, որը շատ-շատերին է հետաքրքրում հենց միայն այն պատճառով, որ առնչվում է բոլորին` թե վարորդներին եւ թե հետիոտնին: Ըստ էության, մեքենաների պարտադիր ապահովագրության նպատակը Հայաստանի կիսամեռ ապահովագրական շուկան ոտքի կանգնեցնելն, ավելի ճիշտ, վերջիններիս գործով ապահովելն է: Փորձը ցույց է տալիս, որ մարդիկ խիստ հազվադեպ են դիմում այս կամ այն ապահովագրական ընկերությանը` ասենք, կյանքը կամ սեփական ունեցվածքը դժբախտ դեպքերից ապահովագրելու համար, ինչի արդյունքում էլ մեր երկրում գործող հաշված թվով ապահովագրական ընկերությունները հիմնականում գործում են շատ սահմանափակ ոլորտներում, եւ տարեկան կտրվածքով նրանց շահույթը չի գերազանցում մի քանի միլիոն դրամը:
Որպես կանոն, դրանք զբաղվում են ապառիկ գնված մեքենաների եւ բնակարանների ապահովագրությամբ, քանի որ այդպես պարտադրում է ավտովարկ կամ հիպոթեքային վարկ տրամադրող բանկը: Ինքնակամ ապահովագրվողները չնչին տոկոս են կազմում: Որքան էլ գործակալները որոշակի տոկոս ստանալու դիմաց փորձեն մարդկանց համոզել, որ ապահովագրվելը շատ ձեռնտու է, միեւնույն է, այսօր դրան շատ քչերն են հավատում, նախ՝ այն պատճառով, որ մեզանից յուրաքանչյուրը մտածում է, թե իր հետ որեւէ դեպք չի պատահի, եւ ինքը առիթ չի ունենա շփվելու ապահովագրական ընկերության հետ: Բացի այդ, մարդիկ հիմնականում չեն վստահում ու չեն հավատում, որ որեւէ մեկը կփոխհատուցի իրենց վնասված մեքենայի կամ կորցրած առողջության համար: Բազմաթիվ են դեպքերը, երբ ապահովագրական ընկերությունը հազար ու մի պատճառ է գտնում` դրամական փոխհատուցում չտրամադրելու համար: Այդ օրինագծում նշված է, որ յուրաքանչյուր վարորդի համար ամսական ապահովագրավճարը պետք է լինի 2-3 հազար դրամի սահմանում (այն հաշվարկվել է` ելնելով մեքենայի շահագործման եւ պահպանման համար ծախսվող ամսական գումարից), մինչդեռ, վթարի դեպքում ընկերության կողմից տուժածին վճարվող փոխհատուցումը կարող է հասնել մի քանի միլիոն դրամի: Այդ պատճառով էլ նրանք հիմնականում փորձում են նախ՝ որեւէ առիթ գտնել վնասը չփոխհատուցելու համար, իսկ եթե դա չի ստացվում, գոնե տարբերակ գտնել հնարավորինս քիչ վճարելու համար: Դժգոհ են ոչ միայն վարորդները, ովքեր իրենց մեքենայի ամսական ծախսերին պետք է ավելացնեն նաեւ ապահովագրման համար պահանջվող գումարը, այլ նաեւ հենց իրենք` ապահովագրական ընկերությունները, որոնք նշում են, որ այս մոդելը ներդրվել է Վրաստանում, սակայն 3 տարի անց դադարել է գործել երաշխավորման հիմնադրամի սնանկացման պատճառով:
Ապահովագրական այն ընկերությունները, որոնք ցանկանում են մասնակցել ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրման ակտիվ գործընթացին, նախ պետք է համապատասխան ֆինանսական միջոցներ ունենան` օրենքի պահանջը կատարելու, այն է` հանրապետության բոլոր մարզերում գործող մասնաճյուղեր ունենալու համար: Պարտադիր ապահովագրության ենթակա չեն միայն այն ավտոմեքենաները, որոնք գյուղերում օգտագործում են, ասենք` միայն դաշտից կարտոֆիլ տեղափոխելու համար, դրանք չեն վարում հանրապետական նշանակության ավտոճանապարհներին: Պարտադիր ապահովագրությունը չի վերաբերում նաեւ սպորտային տիպի մեքենաներին: Ապահովագրության կանոնները կսահմանի բյուրոն, որը կստեղծվի Կենտրոնական բանկի կողմից` օրենքի ընդունումից հետո:
Օրինագիծը դրական է այնքանով, որ այն կարող է նախ աշխուժացնել մեր երկրի չկայացած ապահովագրական շուկան ու գործով ապահովել ոլորտի ընկերություններին: Բացի այդ, օրենքի բարեխիղճ կիրառման դեպքում կփոխհատուցվի պատահարի հետեւանքով տուժած կողմի վնասը, մենք էլ գրեթե ամեն օր ստիպված չենք լինի փողոցում լսել վթարի ենթարկված մեքենաների վարորդների հայհոյախառն կռիվները` մեղավորին բացահայտելու եւ վնասված մեքենայի կամ տուժած ուղեւորի առողջական ծախսերը վերջինիս վրա բարդելու համար: Վարորդները կարող են առանց խուճապի մատնվելու զանգահարել ապահովագրական ընկերություն, որի գործակալը պարտավոր է անմիջապես լինել դեպքի վայրում, գնահատել վնասն ու այդ փաստաթղթի հիման վրա տուժողին տրամադրել փոխհատուցում: Ըստ օրինագծի` անբարեխիղճ վարորդները կպատժվեն: Եթե մինչեւ պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը մի քանի անգամ վթարի ենթարկեն իրենց մեքենան, ապա կնքված պայմանագիրը կարող է վաղաժամկետ դադարեցվել, հետո էլ` նման վարորդները հետագայում ավելի շատ ապահովագրավճար կմուծեն, քան` բարեխիղճները:
Սակայն նկատի ունենալով Հայաստանում արմատացած իրողությունները՝ դժվար չէ ենթադրել, որ այս դեպքում եւս բացառված չեն լինի մենաշնորհային իրավիճակները: Շուկայի առաջատարներն անմիջապես կփորձեն դաշտում մոնոպոլ դիրք գրավել:
Ըստ Կենտրոնական բանկի տեղեկատվության, ներկայումս Հայաստանում գործում են 12 ապահովագրական ընկերություն եւ 5 ապահովագրական միջնորդ, որոնց ընդհանուր սեփական կապիտալը նախորդ տարեվերջի դրությամբ կազմում է 12,3 միլիարդ դրամ: Ակտիվների մեծությամբ եւ տարվա կտրվածքով կնքված ապահովագրական պայմանագրերի քանակով առաջատարներն են «Ռոսգոսստրախ Արմենիա», «ԻՆԳՈ Արմենիա», «Կասկադ Ինշուրանս», «Նաիրի Ինշուրանս» եւ «Լոնդոն-Երեւան Կօ» ընկերությունները: Եթե հաջողվի ԱԺ-ում օրինագծի քննարկումը բարեհաջող ավարտին հասցնել, ապա այն կկիրառվի հաջորդ տարեսկզբից: