Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին Բրյուսել կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպեյի հետ: Հանդիպման ժամանակ, ըստ Վրաստանի վարչապետի աշխատակազմի տարածած տեղեկատվության, շեշտվել է, որ Վրաստանը լինելու է «միակ երկիրը Հարավային Կովկասում, որը ԵՄ-ի հետ կունենա պարզեցված վիզային ռեժիմ եւ փախստականներին հետ ընդունելու ընթացակարգ»: Գերման Վան Ռոմպեյը հայտարարել է, որ Եվրամիությունը ներկայում քննարկում է կառույցին Վրաստանի ասոցիացված անդամակցության հարցը, որում հաշվի է առնվելու նաեւ ազատ տնտեսական գոտու ստեղծման գործոնը: Նա հույս է հայտնել, որ բանակցությունները այս խնդրի շուրջ կմեկնարկեն ամենամոտ ապագայում: Եվրամիության նախագահը նաեւ շեշտել է, որ ԵՄ-ն պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Նրա խոսքով, Եվրամիությունը սպասում է հրադադարի մասին պայմանագրով ՌԴ-ի ստանձնած պարտավորությունների կատարմանը: Գերման Վան Ռոմպեյը նաեւ ասել է, որ ԵՄ-ն ուշադրությամբ հետեւում է Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը, թեեւ իր դիտորդներին չի գործուղելու՝ հետեւելու առաջիկայում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Նա հաստատել է պարզեցված վիզային ռեժիմի եւ փախստականներին հետ ընդունելու ընթացակարգի վերաբերյալ ձեռք բերված համաձայնության փաստը: Բացի այդ, նրա խոսքով, Վրաստանը ԵՄ-ի հետ ունի նաեւ տարբեր ոլորտների առնչվող համաձայնություններ, մասնավորապես՝ միմյանց սահմանները ճանաչելու եւ աշխարհագրական անվանումները պաշտպանելու, ընդհանուր օդային տարածքի վերաբերյալ համաձայնագրերը: «Մենք տեսնում ենք, որ Եվրամիության հետ մեր համագործակցության դինամիկան տարեցտարի աճում է»,- ասել է նա: