Շվեդիայի ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ երկրի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի` նրան մեղադրելով երկրի օրենքներին հակասող գործողությունների համար: «Anadolu» գործակալության փոխանցմամբ` կուսակցության պատգամավոր Սվենդ Էրիկ Օսթբերգն ասել է, որ վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտի հայտարարությունը, թե Ռիկսդագի ընդունած` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը իշխանությունների համար պարտավորեցնող չէ եւ օրենքի ուժ չունի, հակասում է Շվեդիայի օրենքներին: «Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցում վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը հայտարարել էր, թե Ռիկսդագի որոշումը որեւէ նշանակություն չունի, եւ այդ առնչությամբ ներողություն էր խնդրել, ինչը հակասում է մեր օրենքներին: Նման դիրքորոշումը նշանակում է, որ իշխանությունները դեմ են դուրս գալիս ժողովրդի որոշմանը: Այդ պատճառով մենք Գերագույն դատարանում վարչապետ Ռեյնֆելդտի դեմ հայց ենք ներկայացրել»,- հայտարարել է ընդդիմադիր խորհրդարանականը: