«Լեռնավանը» աջարական խաչապուրին ու Կուստուրիցան

18/03/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանյան սրճարանի աղմկոտ միջավայրում հանդիպեցի կինոռեժիսոր Մարատ Սարգսյանին, ում մասին առաջին անգամ լսեցի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցայի Հայաստան կատարած այցի ժամանակ:

Այդ ընթացքում տարածված մամուլի հաղորդագրություններում հպանցիկ նշված էր մի հայ տղայի անուն-ազգանուն, ով Կուստուրիցայի մասին ֆիլմ էր նկարում: Ու եթե չլիներ Մարատի «Լեռնավան» ֆիլմը, ապա մինչ օրս այդպես էլ չէի հավատա այն անհավանական պատմություններին, որոնք սրճարանի նկարաշատ անկյունում սովորական հնչերանգով պատմում էր Մարատը` միաժամանակ համտեսելով 2 ձվով պատրաստված աջարական խաչապուրին: Ի դեպ, Մարատի հումորաշատ խոսքում աջարական խաչապուրին միակ կոնկրետ բանն էր, որը, տվյալ պարագայում, հումորի դաշտից դուրս էր:

«Լեռնավանից» առաջ եւ հետո

Մարատն, արդեն 16 տարի է` ապրում է Լիտվայում, բայց աներեւակայելի է նրա` լոռեցուն հատուկ խոսելաձեւը: Նա խոսում է երկարացման նշանների առատությամբ, քողարկված հումորով ու շատ անմիջական: Մասնագիտությամբ իրեն համարում է պրոֆեսիոնալ հայ, թեեւ սովորում է Լիտվայի Երաժշտաթատերական ակադեմիայի Կինոյի բաժնում: Հայաստանյան իրականությանը չհարմարվելով` նա Հայաստանից հեռացել է եղբոր ու պապիկի հետ: «Հիմա ո՞նց պատասխանեմ` հաշվի առնելով հայկական շահե՞րը, թե՞ ոչ: Հայաստանից գնացի, որովհետեւ արդեն ձանձրացել էի Կիրովականի հայկական «հրաշալի» երիտասարդությունից, թեպետ միայն սա չէ պատճառը: Իրականում ես ոչ մի ապագա չէի տեսնում Հայաստանում: Այն տարիներին երիտասարդությունը բաժանվել էր երկու թեւի, այսպես ասած՝ գողական ու մենթական: Սրանց մեջտեղը չէիր կարող լինել` կա՛մ էս կողմ, կա՛մ էն կողմ: Կարեւոր պատճառ էր նաեւ այն, որ այստեղ ուսումը փողով էր: Ընդունվելու համար պետք է մեծ փողեր մուծեիր, իսկ եթե չունեիր, ապա պետք է պարզապես «ստոլիկ» դնեիր փողոցում: Թեեւ Լիտվայում շատ քիչ է այն, ինչը Կիրովականում շատ-շատ է` մարդկային փոխհարաբերությունների ջերմությունը, հյուրասիրությունը»,- ասում է Մարատը` ընդգծելով, որ ինքը Հայաստանից չէր փախել, ու դեռ ավելին` այնտեղ հաստատվելու մտադրություն էլ չուներ: «Ճիշտն ասած, մենք մտադիր էլ չէինք այնտեղ երկար մնալ: Ուղղակի ուզում էինք այլ աշխարհ տեսնել ու վերադառնալ»,- շարունակում է Մարատը, ով Լիտվայում շուրջ 6 ամիս մնացել էր առանց աշխատանքի: «16 տարեկան էի այդ ժամանակ: Պապիս հետ գնացինք Լիտվայի Շաուլյայ փոքր քաղաքի տեղական հեռուստատեսություն, որտեղ ուզում էինք հայտարարություն դնել հարսանիք նկարելու համար: Ես 12 տարեկանում աշխատում էի Կիրովականի «Ինտերկապ» տեղական հեռուստաընկերությունում` իբրեւ օպերատոր: Ու քանի որ պապս պրոֆեսիոնալ «համոզեցնող» էր, նա հեռուստատեսությունում ասաց, որ իրենց համար լավ օպերատոր է բերել»,- ասում է նա, ով դրանից երկու տարի անց դարձավ տվյալ հեռուստատեսության գլխավոր օպերատորը: Իսկ որոշ ժամանակ անց Մարատը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ստացավ հեռախոսազանգ, ավելի ճիշտ, առաջարկ` Վիլնյուսի նորաբաց «Տանգո TV» հեռուստատեսությունում որպես մոնտաժող աշխատելու: Ու հենց այդ հեռուստաընկերությունում «Հեռուստախոհանոց» հաղորդման ժամանակ էլ երեւաց Մարատի «պրոֆեսիոնալ» հայ լինելը: Նա պետք է պատրաստեր խորոված: Հաղորդումից շաբաթներ անց նա դարձավ «Հեռուստախոհանոցի» հաղորդավարը: «5 տարի աշխատեցի հաղորդավար Լիտվայի տարբեր հեռուստաալիքներում: Բավական բարձր վարկանիշ ունեի լիտվական հայտնի հաղորդավարների սանդղակում: Այդ ընթացքում Լիտվայի հայտնի երգիչների համար սկսեցի տեսահոլովակներ նկարել: Ի դեպ, 4 մրցանակ ունեմ դրա հետ կապված: Բայց 2005թ., լինելով լիտվական հեռուստատեսության հայտնի դեմքերից մեկը, հրաժարվեցի հեռուստատեսությունից ու գնացի Լիտվայի Երաժշտության եւ թատրոնի ակադեմիա: Դրանից հետո իմ մասին էլ չհիշատակվեց որեւէ տեղ»,- պատմում է Մարատը, ում նկարած «Լեռնավան» ֆիլմը հստակեցնում է նրա հումորի ու լրջության սահմանները: Ֆիլմը Մարատի դիպլոմային աշխատանքն է, որը ներկայացրեց Կուստուրիցայի` երիտասարդ կինոռեժիսորների համար կազմակերպված փառատոնին` «Կուստենդորֆին»: Նրա ֆիլմը, 350 ֆիլմերից լավագույն 28-ի մեջ ընդգրկվելով, արժանացավ «Կուստենդորֆ» փառատոնի 4 մրցանակներից երկուսին` բրոնզե ձվին եւ կինոքննադատների ու լրագրողների առանձին մրցանակին: Ֆիլմի սիմվոլիկան տանում է ընդհուպ մինչեւ Տարկովսկու ֆիլմերը, թեպետ սա Մարատն՝ ինքը, համարում է չափազանցություն: Սա ֆիլմ է հայկական գաղջ կինոինդուստրիայի ծռմռված շրջանակներից դուրս, որը դիտելիս հասկանում ես, որ այսպիսի ֆիլմ նկարելու համար պետք է ունենալ լավ դպրոց ու մտածող մարդիկ: Մինչդեռ մեզ մոտ կինոն կարծես արվում է ոչ թե ասելիքի առատությունից դրդված, այլ կարմիր գորգի փափուկ երեսը շոշափելու, դահլիճի լուսարձակներից լիովին կուրանալու, հա, ու նաեւ մի քանի տարին մեկ մի նոր կոստյում կամ գլխարկ պատվիրելու համար: Ինչեւէ, 24 րոպե տեւողությամբ «Լեռնավանի» գրեթե յուրաքանչյուր կադրում կարող ես անկեղծ երկխոսել ռեժիսորի հետ, որն իր գլխավոր հերոսի միջոցով բացում է այն պատմությունը, որն ինքն ապրել է: Տոմսարկղի աշխատակցին ֆիլմի հերոսը խնդրում է իրեն տալ Լեռնավանի տոմս: Աշխատակցուհին պատասխանում է, որ նման ուղղություն իրենց մոտ երբեւէ չի եղել: Հերոսը մոլորված դուրս է գալիս փողոց, որտեղ իրեն սպասում էր որդին: Հայր ու որդի նստում են կայարանի նստարաններից մեկին, ու հանկարծ լսվում է ավտոբուսի շարժիչի թնդյունը, որը դուրս է գալիս նրանց դեմ հանդիման: Ի վերջո, հերոսները հասնում են սպիտակ ավազով պատված լեռների մոտ, որտեղ կյանքը վաղուց վերացել է: Իսկ հայր ու որդի եկել էին Լեռնավան՝ ծառ տնկելու նպատակով: Փոքրիկ վառարանով ավտոբուսում էլ գիշերում են հայր ու որդի: Այստեղ ուշագրավն այն է, որ հայրը տեսնելով, որ որդին քնել է՝ զարմանում է` ասելով, որ երեխայի մոտ տարիներ շարունակ անքնություն էր եղել, եւ մինչ այդ օրը որդին դեռ մի գիշեր այդպես հանգիստ ու անվրդով չէր քնել: Սպիտակ ավազուտներով լեռներում նրանք կարողանում են գտնել մի բուռ հող, որտեղ էլ տնկում են այն շիվը, որ իրենց հետ տարել էին: Ֆիլմը գերտպավորիչ է դարձնում նաեւ Էստոնիայում բնակվող կոմպոզիտոր Անդրանիկ Կեչեկի երաժշտությունը, ով, ի դեպ, մեր հայրենակիցն է: «Ֆիլմն իմ մասին է: Ես վախենում էի Հայաստան գալ, որովհետեւ կարծում էի, որ Հայաստանը շատ է փոխվել: Ինձ թվում էր` ես այստեղ գտնելու եմ այն, ինչին չէի սպասում: Դա լինելու էր մի աշխարհ, որը ես կվերլուծեի այլ կերպ: Ֆիլմը հենց դրա մասին էր: Ես Հայաստանից միայն ֆիզիկապես եմ հեռացել, իսկ հոգեպես Հայաստանը միշտ եղել է իմ մեջ: Ես ապրել եմ՝ ուրիշ երկրի ճակատագիր կրելով, մինչդեռ իմ երկիրը ապրել է ինքնուրույն, առանց ինձ: Ես բաց եմ թողել այդ կտորը: Ինձ թվում էր, թե ես այստեղ սպիտակ թղթերի նմանվող լեռներ կտեսնեմ: Այն ինձ համար դատարկ էջերով մի գիրք է, որի պատմությունն ինքս ինձ համար պետք է գրեմ,- ասում է Մարատը, ով 16 տարիների բացակայությունից հետո Հայաստանի տեղաշարժերի մասին միայն այսպես է արձագանքում,- Ես չգիտեմ, թե ի՞նչ է փոխվել Հայաստանում, որովհետեւ ես բացակայել եմ: Ընդհանրապես անցյալի հիշողություն գոյություն չունի, կա այսօրվա հիշողություն: Ես եմ շատ փոխվել, ոչ թե Հայաստանը…»: «Անկեղծ ասած, երբ ինձ ասացին, որ Կուստուրիցայի մասին պետք է ֆիլմ նկարեմ, սկզբից վախը շատ էր: Բայց այդ վախը տալիս էր նաեւ հպարտություն: Կարծում եմ` երբ մարդ ինչ-որ բանից վախենում է, պետք է հաջորդ միտքը լինի դա հաղթահարելը: Կան մարդիկ, չէ՞, որ ասում են` իրենք ուժեղ են, բայց թախտի տակից դուրս չեն գալիս: Ինձ համար շատ կարեւոր է վախը հաղթահարելը»,- նշում է Մարատ Սարգսյանը: Ի դեպ, Կուստուրիցայի մասին ֆիլմը հավանաբար պատրաստ կլինի սեպտեմբերին: