Մեծ փողեր` «փոքր մարդկանցով»

08/09/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Իմ իրացված տան դիմաց որպես փոխհատուցում ստացված գումարը չի
բավականացնում բնակարան գնելու համար: Խնդրում եմ, հնարավորության
սահմաններում տալ դրամական օգնություն: Միաժամանակ պարտավորվում եմ այլեւս
ոչ մի ֆինանսական եւ այլ պահանջներ չներկայացնել եւ բողոքի ակցիաներին
չմասնակցել»:

Այս ստորացուցիչ բովանդակությամբ դիմումի տեքստը Երեւանի կառուցապատման
ներդրումային ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանը ստորագրել է տալիս Հյուսիսային
պողոտայի իրենց տներից վտարվող քաղաքացիներին: Ինքը՝ պարոն Դավթյանը,
բացատրում է, որ ստիպված են այդ քայլին դիմել, որովհետեւ բնակիչները,
գումար ստանալուց հետո, նորից են պահանջում: Արդեն հանրահայտ դարձած տիկին
Անժետայի բնակարանը գտնվում է Փ. Բուզանդ փողոցում, Կենտրոն թաղապետարանի
տվյալներով` 42,6 քմ է: ԾԻԳ-ի հաշվարկով՝ 30 քմ: Բնակարանը գնահատել են
17.700 դոլար, եւս 13.000 դոլար էլ` խրախուսում: Այս ընդհանուր գումարից
10 տոկոս էլ պետք է եկամտահարկ վճարվի, եւս 3 տոկոս՝ բանկային ծառայության
համար: Տիկին Անժետան դատի է տվել ԾԻԳ-ին՝ պահանջելով, որ ճիշտ չափեն ու
գնահատեն իր բնակարանը: Դատարանը վճիռը կայացրել է ԾԻԳ-ի օգտին եւ որոշել
է, որ տիկին Անժետան պետք է ստանա միայն 17.700 դոլարը: Փաստորեն քանդվող
բնակարանների իրենց կողմից գնահատված արժեքը բաժանել են երկու մասի, եւ ով
շուտ չի ենթարկվում խաղի կանոններին, ԾԻԳ-ը դատարանի միջոցով նրան պատժում
է՝ չվճարելով խրախուսվող մասը: Եվ որպես ստիպող ու ստորացնող միջոց, հիմա
էլ դիմումի այս ձեւն է դեմ տվել բնակիչներին:

ՀՀ կառավարությունը` 2004թ. հունիսի 17-ի 909-Ն որոշմամբ` «պետական
կարիքների համար» Փ. Բուզանդ փողոցի կառուցապատման աշխատանքների իրավունքը
տվել է «Ավանտ-տուր», «Գլենդել Հիլզ», «Գրիառ» ընկերություններին: Ավելի
ուշ իբր թե «Ավանտ-տուր» ընկերությունը հրաժարվել է իր ներդրումային
ծրագրից եւ միաժամանակ առաջարկել է իր փոխարեն ընդունել «Վիզկոն»
ընկերության ծրագիրը: Առաջարկությունն ընդունվել է ի գիտություն, եւ
կառավարության փոխարեն համապատասխան որոշումը 2004թ. հոկտեմբերի 12-ին
կայացրել է քաղաքապետ Ե. Զախարյանը: ԾԻԳ-ի տնօրեն Կարեն Դավթյանի ասելով`
«Վիզկոնին» հատկացվել են 5384 քմ, «Գլենդել հիլզին»՝ 3078 քմ եւ «Գրիառին»
սկզբում` 4787 քմ, հետո՝ եւս 3412 քմ հողակտորներ: Ավելորդ չէ մեկ անգամ
եւս ասել, որ Բուզանդի բնակիչների փոխարեն եւ առանց նրանց հետ փոխադարձ
համաձայնության, նաեւ` առանց մրցույթի, ՀՀ կառավարությունը որոշել է նրանց
սեփականությունը վաճառել այս երեք ընկերություններին՝ խախտելով
սեփականություն ունենալու բնակիչների սահմանադրական իրավունքը: Այս
ընկերությունները, բնակիչներին տրվող փոխհատուցումներից բացի, պետք է
բյուջե վճարեին հողի կադաստրային արժեքը, տվյալ դեպքում` 1 քմ-ի համար
60.000 դրամ, եւ ԾԻԳ-ին վարձատրեին կատարած աշխատանքների համար: Իրացվող
տարածքների քանդման աշխատանքները ԾԻԳ-ն է կատարում եւ ներդրողին տալիս է
արդեն մաքուր հողակտորները: Թե այդ աշխատանքների համար ԾԻԳ-ն ինչքան է
վարձատրվում ներդրողի կողմից, պարոն Դավթյանը չմանրամասնեց: ԾԻԳ-ից
չմանրամասնեցին, թե ներդրող ընկերությունները մինչեւ այժմ քանի՞ ընտանիքի
եւ ինչքա՞ն գումար են փոխհատուցել: Առեւտրային գաղտնիք է: Բուզանդի
բնակիչներն ասում են, որ բացի այս վճարումներից` կառուցապատողները
յուրաքանչյուր քմ հողի համար ԾԻԳ-ին վճարում են 30 դոլար եւ արդեն
կառուցապատված տարածքի համար` 25 դոլար էլ քաղաքապետարանին: Նրանց ասելով,
«Գրիառ» ընկերությունը ԾԻԳ-ին տվել է մոտ 240 հազար դոլար, որը եթե
բաժանենք 30-ի, կստացվի «Գրիառին» վաճառված հողակտորի չափը: Մեզ չհաջողվեց
այս տեղեկատվությունը ճշտել «Գրիառից», պարոն Դավթյանն էլ մասամբ
հաստատեց: Նրա ասելով` քաղաքապետարանը կառավարության որոշմամբ ստանալու է
2.65քմ դիմաց 20 դոլար: Ու ոչ մեկն այսօր չի ասում, թե, ասենք, Բուզանդ
փողոցից քանի՞ ընտանիքի են զրկել իրենց տունուտեղից, քանիսի՞ հետ են
փոխհատուցման պայմանագիր կնքել ու մինչեւ հիմա ինչքա՞ն գումար են
փոխհատուցել, կամ ներդրողն ինչքա՞ն պետք է ծախսի, ԾԻԳ-ն ու քաղաքապետարանը
ինչքա՞ն պիտի ստանան: Կ. Դավթյանը պատճառաբանում է՝ իբր նման հաշվարկ չկա:
Բայց ինչքանո՞վ է տրամաբանական, որ կառուցապատողը չգիտի, թե ինչքան գումար
պիտի ծախսի, եւ պատվիրատուն էլ, տվյալ դեպքում` կառավարությունը կամ
քաղաքապետարանը, չգիտեն պետական կարիքների համար մայրաքաղաքի կենտրոնում
կատարվող աշխատանքների «գինը», մանավանդ, որ երկուսն էլ հստակ սահմանված
շահույթ են հետապնդում: Շրջանառվում է, որ «Հյուսիսային պողոտայի» 77.000
քմ-ի վրա իրականացվելու է 185 հազար քմ շինարարություն: Եթե 77.000-ը
բազմապատկած 30 դոլարով` ԾԻԳ-ը կստանա մոտ 2,3 մլն դոլար, իսկ եթե 185
հազարը բազմապատկած 20 դոլարով` կիմանանք, որ քաղաքապետարանն էլ կստանա
մոտ 3,7 մլն դոլար: Սա` միայն «Հյուսիսային պողոտայի» հաշվարկով: Ահա թե
ինչու է քաղաքապետարանը շահագրգիռ, որ շենքերը լինեն շատ բարձրահարկ:
Ինչքան շատ քառակուսի, այնքան շատ 20 դոլար: Սա, իբր թե, մեր պետական
կառույցների բաժինն է: Շատ ավելի ահռելի է ներդրողների շահույթը,
մասնագետների բնութագրմամբ՝ մեկին մեկ: Իսկ ովքե՞ր են ներդրողները:
Բուզանդի բնակիչները փնտրել եւ իմացել են, որ իրենց տների տեղում շենք
կառուցող եւ շահույթ հետապնդող «Գրիառ» ընկերության 4,6 տոկոսը պատկանում
է ԴԱՀԿ աշխատակից Արթուր Յորդանյանին, որ նաեւ ընկերության գործադիր
տնօրենն է: Ա. Յորդանյանը նաեւ ԱԱԾ պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանի
փեսան է, եւ մեր աղբյուրներն ասում են, որ Յորդանյանին պատկանող բաժնեմասը
իրականում Գ. Հարությունյանինն է: 86 տոկոսը պատկանում է ինչ-որ «Չեստոր»
ընկերության, որը գրանցված է Մոսկվայի «Ռուբլյովսկոյե շոսսե» փողոցում:
Մոսկվացիները գիտեն, որ իրենց քաղաքապետի գործարար կնոջ ընկերությունները
հենց այդ փողոցում են գրանցված: Մնացածներն էլ` այդպես շարունակ: Եվ
Երեւանի կենտրոնի կառուցապատումը տվեցին այս նորաթուխ, շուտափույթ
ստեղծված ու դեռ աշխատել չսովորած ընկերություններին: Արդյունքն այսօր
տեսնում ենք. անճաշակ, իրար վրա թափված եռանկյունի, քառանկյունի ու չգիտես
էլ ինչ ձեւի շինություններն են, որոնք վերջնականապես բզկտեցին Երեւանի
կենտրոնը: Ճարտարապետներն ասում են, որ Թամանյանի նախագծի բարձր արժեքը
նաեւ այն էր, որ հումանիստական էր: Մարդը թե՛ կենտրոնում, թե՛ ծայրամասում
իրեն լիարժեք էր զգում: «Երեւանցիներն իրե՛նց քաղաքի կենտրոնում վախվորած
են շրջում,- ասում է Բուզանդ փողոցի մի բնակիչ:-Եթե մի օր ԾԻԳ-ի կամ
ԴԱՀԿ-ի աշխատողները մեզ չեն քաշքշում, ապա անպայման մի հղփացած մեզ վրա
մատ թափ կտա: Իմ հայրը, ես ու իմ երեխաներն այստեղ ենք ծնվել: Իսկ այսօր
մեր կառավարությունը մեզ ծեծուջարդով դուրս է վռնդում` չգիտեմ, թե պետական
ո՞ր կարիքի համար»: