Վոլտերը մի անգամ նշել է, որ պատմության ողջ ընթացքում ամենաարտասովոր մարդը եղել է Կարլ 12-րդը: Սակայն, եթե խոսենք գերադրական աստիճանով, ապա, ըստ իս, ամենաարտասովոր մարդը եղել է Կարլ 12-րդի առեղծվածային հպատակ Էմանուել Սվեդենբորգը: Սկզբում ես մի քանի խոսք կասեմ իր մասին, այնուհետեւ մենք կանցնենք կարեւորագույնին` իր ուսմունքին:
Էմանուել Սվեդենբորգը ծնվել է Սթոքհոլմում 1688-ին, իսկ մահացել է Լոնդոնում` 1772-ին: Եվ եթե մենք հիշենք, թե ինչ կարճ էր մարդկային կյանքն այն ժամանակներում, ապա մեզ այն ավելի երկար կթվա: Նրա կյանքում հեշտորեն առանձնանում են երեք շրջաններ, եւ ամեն մեկն արդյունավետ գործունեության շրջան է եղել: Եվ ամեն մեկն, ինչպես հաշվել են` 28 տարի տեւողությամբ: Սկզբում մեր առջեւ մի մարդ է, ով իրեն նվիրել է պարապմունքներին: Սվեդենբորգի հայրը լյութերական եպիսկոպոս էր, եւ Սվեդենբորգը դաստիարակվել է լյութերական հավատով, որի հիմքում, ինչպես հայտնի է, ընկած է վերին երանությամբ փրկվելու գաղափարը: Այնուհետեւ Սվեդենբորգը հիասթափվում է այդ ուսմունքից: Իր համակարգում, իր քարոզած նոր կրոնում, փրկությունը գործերով է ձեռք բերվում, եւ դա, անշուշտ, պատարագներն ու ծեսերը չեն, այլ իրական գործերը, գործեր, որոնց մեջ մարդ ամբողջովին է մխրճվում` եւ հոգին նրա, եւ, որ առանձնապես կարեւոր է, բանականությունը նրա:
Ուրեմն, Սվեդենբորգը սկսեց որպես քահանա, սակայն շուտով տարվեց գիտությամբ: Գիտությունը հետաքրքրում էր Սվեդենբորգին` առաջին հերթին իր գործնական կիրառմամբ: Հետագայում հայտնաբերվեց, որ նա կանխատեսել է ապագայի շատ ու շատ գաղափարներ: Դիցուք, Կանտ-Լապլասի Նիբուլյար վարկածը: Բացի այդ, ինչպես Լեոնարդո դա Վինչին, Սվեդենբորգը թռչող սարքի գծագիր է ստեղծել: Նա գիտեր, որ դա չի կարող գործնական կիրառում ունենալ, բայց գնահատում էր իր աշխատանքը, որպես մեկնակետ այն բանի ստեղծման, ինչը մենք այժմ ինքնաթիռ ենք կոչում: Սվեդենբորգը նաեւ ջրի տակ լողալունակ սարքի գծագիր է ստեղծել, այդ մասին գրում էր դեռեւս Ֆրենսիս Բեկոնը: Այնուհետեւ նույնպիսի անսովոր հափշտակվածություն դրսեւորեց հանքաբանության նկատմամբ: Նա Սթոքհոլմի լեռնային կոլեգիայի ասեսոր էր, սակայն նրան կլանում էր նաեւ կազմախոսությունը (անատոմիան): Դեկարտի նման նա նույնպես փորձում էր որոշարկել այն տեղը, ուր հոգին միանում է մարմնին:
Էմերսոնը Սվեդենբորգի մասին ասել է. «Ցավոք, նա մեզ թողել է ընդամենը հիսուն հատոր»: Հիսուն հատոր, որոնցից առնվազն քսանհինգը նվիրված են գիտությանը` մաթեմատիկային, աստղաբաշխությանը եւ այլն: Սվեդենբորգը հրաժարվեց Ուպսալի համալսարանի աստղագիտության ամբիոնից, նա պրակտիկ էր եւ խորշում էր ամենայն տեսական գործունեությունից: Սվեդենբորգը դարձավ Կարլ 12-րդի զինվորական ճարտարագետը, եւ արքան նրան բարձր էր դասում: Նրանք շատ էին շփվում` հերոսը եւ ապագա կանխատեսը: Սվեդենբորգը նավերը ցամաքով տեղաշարժելու համար մեքենա հորինեց, որը Կարլ 12-րդն օգտագործեց իր լեգենդար մարտերում, որոնք այնքան հիասքանչ նկարագրել է Վոլտերը: Այդ մեքենայի օգնությամբ նավերը տեղաշարժվեցին մոտ 20 մղոն:
Ավելի ուշ Սվեդենբորգը տեղափոխվեց Լոնդոն: Այնտեղ նա յուրացրեց ատաղձագործական եւ տպագրական արհեստները, կազմակերպեց գործիքների արտադրանքը: Բացի այդ, գլոբուսների համար քարտեզներ էր գծագրում: Մի խոսքով, Սվեդենբորգը բացարձակ գործնական մարդ էր: Ես մտաբերում եմ Էմերսոնի խոսքերը. «Ոչ մի մարդ չի ապրել ավելի իրական կյանք, քան Սվեդենբորգը»: Հարկ է հիշել այդ մասին, որպեսզի տեսանելի լինի նրա գիտական եւ պրակտիկ գործունեության ողջ թափը: Սվեդենբորգը նաեւ քաղաքագետ էր, նա թագավորության սենատոր դարձավ: Հիսունհինգ տարեկանում Սվեդենբորգն արդեն թե հանքաբանությանն ու կազմախոսությանը, թե երկրաչափությանը վերաբերող մոտ քսանհինգ հատոր ուսումնասիրություններ էր հրապարակել:
Նրա կյանքում հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ կարեւորագույն իրադարձությունը: Այդ իրադարձությունը հայտնությունն էր: Այն իջանեց առ Սվեդենբորգը Լոնդոնում, ինչպես նշված է իր օրագրում, հայտնությանը երազներ էին նախորդել:
Սվեդենբորգը չի նկարագրել դրանք, բայց հայտնի է, որ դրանք էրոտիկ բնույթ են կրել:
Այնուհետեւ այցելություն է եղել, ոմանք դա խելագարության նոպա համարեցին, սակայն դա ժխտվում է նրա երկերի պարզությամբ, որոնք ընթերցելիս երբեւիցե չի ծնվում այնպիսի զգացողություն, թե դրանք խեւ է գրել:
Իր ուսմունքը բացատրելիս Սվեդենբորգը մշտապես գրում է շատ հասկանալի: Լոնդոնում ինչ-որ անծանոթ քայլում էր փողոցով իր ետեւից եւ նրա տուն մտնելով՝ անվանեց իրեն Հիսուս Քրիստոս: Նա ասաց, որ եկեղեցին անկման շեմին է, ինչպես հրեական եկեղեցին Քրիստոսի գալստից առաջ, եւ որ Սվեդենբորգը պետք է բարենորոգի այն` հիմնելով երրորդ եկեղեցին` Երուսաղեմի եկեղեցին:
Դա անհեթեթ, անհավանական է թվում, սակայն մնացել են Սվեդենբորգի աշխատությունները: Դրանք շատ են եւ գրված են շատ խաղաղ շնչով: Նա երբեք չի խորհրդածում: Հիշենք Էմերսոնի հայտնի արտահայտությունը` փաստարկը ոչ մեկին չի համոզում: Սվեդենբորգը հեղինակավոր կերպով ամեն ինչ շարադրում է հանգիստ համոզվածությամբ առ իր ճշմարտությունը:
Այսպիսով, Հիսուս ասաց Սվեդենբորգին, որ նրան է բաժին հասել եկեղեցու բարենորոգման առաքելությունը: Նա ասաց, որ Սվեդենբորգին կթույլատրվի այցելել անդրաշխարհը, ոգիների աշխարհը` անթիվ քանակությամբ երկինքներով եւ դժոխքներով: Նա ասաց, որ Սվեդենբորգը պետք է ուսումնասիրի Սուրբ Գիրքը: Եվ ինչ-որ բան գրելուց առաջ Սվեդենբորգը երկու տարի նվիրեց եբրայերենի ուսումնասիրմանը, քանզի կամենում էր Սուրբ տեքստերը բնագրով ընթերցել: Նա դարձյալ սկսեց դրանք խնամքով ուսումնասիրել եւ դրանցում գտավ իր ուսմունքի հիմքը: Սա փոքր-ինչ հիշեցնում է կաբալիստներին, ովքեր իրենց որոնումներում հիմնվում էին Սուրբ տեքստերի վրա:
Քննենք առաջին հերթին Սվեդենբորգի պատկերացումներն անդրշիրիմյան աշխարհի եւ հոգու անմահության մասին, որին նա հավատում էր: Դանթեի «Աստվածային կատակերգությունում»՝ գրական տեսանկյունից հիասքանչ գրքում, մահվան պահին ազատ կամքը վերանում է: Մահացածներին դատարան են բերում եւ ուղարկում են դրախտ կամ դժոխք: Սվեդենբորգի մոտ ոչ մի նման բան չի կատարվում: Նա գրում է, թե հանգչելիս մարդ մեկեն չի հասկանում, որ մեռել է, զի նրա շուրջը ոչինչ չի փոխվում: Նա մնում է իր տանը, նրան այցելում են ընկերները, նա շրջում է իր քաղաքի փողոցներով, եւ նրա մտքով էլ չի անցնում, թե մահացել է: Բայց հետզհետե սկսում է ինչ-որ բան նշմարել: Այն, ինչ նկատում է, սկզբում ուրախացնում է նրան, այնուհետեւ տագնապեցնում, անդրշիրիմյան աշխարհում ամենայն ինչ առավել կենսունակ է, քան մեր կյանքում:
Մենք միշտ բավական մշուշոտ ենք պատկերացնում այն աշխարհը, բայց Սվեդենբորգը մեզ ասում է, որ իրականում ամեն ինչ ընդհակառակն է` զգայություններն այնտեղ դառնում են ավելի պայծառ: Դիցուք, այնտեղ գույներն ավելի շատ են: Հիշելով, որ սվեդենբորգյան դրախտում հրեշտակները, ուր էլ որ լինեն, միշտ էլ ներկայանում են Աստծո առաջ, մենք ակամա մտածում ենք ինչ-որ չորրորդ չափման մասին: Համենայն դեպս, Սվեդենբորգը նորիցնոր կրկնում է, որ այն աշխարհն ավելի կենսալի է, քան մերը: Այնտեղ բյուր գույներ եւ կառուցաձեւեր կան: Այնտեղ ամենայն ինչ ավելի կոնկրետ եւ շոշափելի է, քան այս աշխարհում: Տարբերությունն այնչափ մեծ է, ասում է Սվեդենբորգը, որ մեր աշխարհը համեմատած բյուրապատիկ դրախտի եւ դժոխքի աշխարհի հետ, որում նա ճամփորդել է, ստվերի հանգույն է: Մենք ասես ստվերում ենք ապրում:
Ես հիշում եմ սուրբ Օգոստինոսի մի արտահայտությունը: Նա գրում է, որ զգայական հաճույքները երկնային դրախտում, անշուշտ, ավելի ուժեղ են, քան մեր աշխարհում, զի անկումը չէր կարող ոչինչ բարելավել: Սվեդենբորգը նույն բանն է ասում: Նա պատմում է մարմնական հաճույքների մասին դրախտում եւ դժոխքում ու պնդում է, թե դրանք այնտեղ առավել զորեղ են, քան այստեղ:
Ինչ է տեղի ունենում, երբ մարդ մահանում է: Սկզբում նա չի հասկանում, որ մահացել է: Նա զբաղված է իր սովորական գործերով, նրան այցելում են ընկերները, նա զրուցում է նրանց հետ: Այնուհետեւ, կամաց-կամաց նա տագնապով սկսում է նկատել, որ ամեն ինչ առավել կենսալի է դարձել, քան կար, որ շուրջբոլորն ավելի շատ գույներ կան: Մարդը մտածում է` ես ողջ կյանքս ապրել եմ ստվերում, իսկ այժմ` վառ լույսի ներքո: Եվ այդ միտքը մի ակնթարթ կարող է նրան ուրախացնել:
Իսկ հետո մարդու մոտ անծանոթներ են գալիս եւ զրուցում նրա հետ: Այդ անծանոթները հրեշտակներն են եւ դեւերը: Սվեդենբորգը գրում է, թե՝ ոչ հրեշտակները, ոչ էլ դեւերը Աստծուց չեն ստեղծվել այնպիսիք, ինչպիսիք որ կան: Հրեշտակները մարդիկ են, որ այնչափ են բարձրացել, որ հրեշտակ են դարձել, դեւերը մարդիկ են, որ այնքան են անկանել, որ դեւ են դարձել: Այսպիսով, թե դրախտը, թե դժոխքը մարդկանցով են լցված, որոնք այժմ հրեշտակներ ու դեւեր են դարձել: Այսպիսով, մահացածին հրեշտակներ են այցելում: Աստված ոչ մեկին չի դատապարտում դժոխքի: Աստված կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն:
Բայց եւ միաժամանակ Աստված մարդուն ազատ կամք է ընձեռում, այդ սարսափելի արտոնությունը, որը հնարավորություն է պարգեւում դրախտին արժանանալու եւ կամ դժոխքում քեզ մեկուսացնելու: Այլ կերպ ասած` Սվեդենբորգն անդրաշխարհի վրա է տարածում ազատ կամքի ներգործությունը, որն, ըստ ուղղափառ վարդապետության, գոյություն ունի միայն կենաց օրոք: Ինչպես տեսնում ենք, երկու աշխարհների արանքում, ըստ Սվեդենբորգի, ընկած է միջանկյալ գոտի` հոգիների շրջանը: Այնտեղ մարդիկ են ապրում` մահացածների հոգիները, որոնք զրուցում են զվարթունների եւ դեւերի հետ:
Բայց ահա գալիս է պահը, այն կարող է չգալ մի շաբաթ, մեկ ամիս կամ տարիներ շարունակ: Մի խոսքով, անհայտ է, թե ինչքան ժամանակ, երբ մարդ որոշում է կայացնում` դեւ դառնա, թե զվարթուն: Առաջին դեպքում: Առաջին դեպքում նրան սպասում է դժոխքը: Դժոխքը հարթավայրերի եւ ծերպերի վայր է: Ծործորները կարող են ներքեւ ուղղվել՝ միմյանց միակցելով գեհենները, կամ թե վեր համակցելով դժոխքը երկնքի հետ: Մարդը համեմատում է, զրուցում, ըստ իր ճաշակի, շրջապատ ընտրում: Եթե նա դիվային բնույթ ունի, նախապատվությունը կտա դեւերի շրջապատին, եթե հրեշտակային` հրեշտակների շրջապատին: Այդ ամենի շատ ավելի պերճախոս շարադրանքը դուք կգտնեք Բեռնարդ Շոուի «Մարդը եւ գերմարդը» պիեսի երրորդ արարում:
Հետաքրքիր է, որ Շոուն ոչ մի տեղ չի հիշատակում Սվեդենբորգին: Կարծում եմ՝ Շոուն ինքն է հանգել համանման գաղափարների: Ջոն Թենների համակարգը հույժ համահունչ է Սվեդենբորգի ուսմունքին, բայց Սվեդենբորգի անունը պիեսում չկա: Ըստ իս, դա բանագողություն չէ: Շոուն ինքն է հանգել նման հայացքների, հավանաբար, Ուիլյամ Բլեյքի շնորհիվ, ում գրքերում առկա է Սվեդենբորգի քարոզած փրկության ուսմունքը:
Այսպիսով, մարդ զրուցում է հրեշտակների հետ, զրուցում է դեւերի հետ, եւ թե դրանցից ով նրան կգրավի` կախված է արդեն մարդու բնավորությունից: Իրենց դժոխքում կալանողներին, չէ՞ որ Աստված ոչ ոքի չի դատապարտում, դեւերն են դուր գալիս: Այդժամ ի՞նչ է դժոխքն՝ ըստ Սվեդենբորգի: Դժոխքը միանշանակ երեւույթ չէ: Մենք եւ հրեշտակները տարբեր կերպ ենք ընկալում այն: Դժոխքը ճահճոտ երկիր է` հիմնավեր քաղաքներով, սակայն մեղսագործներն այնտեղ իրենց երջանիկ են զգում: Երջանիկ յուրովի` նրանք ատելությամբ լի են: Նրանց պետությունում միապետ չկա, նրանք մշտապես միմյանց հանդեպ դավեր են նյութում: Այդպիսին է դժոխքը:
Անդրաշխարհի մյուս մասը դրախտն է` դժոխքի հակոտնյան: Չէ՞ որ դրախտն ու դժոխքը համաչափ են: Համաձայն Սվեդենբորգի, եւ դա, թերեւս, իր ուսմունքի ամենադժվար մասն է, աշխարհի գոյության համար անհրաժեշտ է երկնային եւ սատանայական ուժերի հավասարակշռություն: Բայց այդ հավասարակշռությունը մշտապես տնօրինում է Աստված: Աստված թույլատրում է դժոխային ոգիներին դժոխքում գտնվել, քանզի դժոխքում նրանք երջանիկ են:
Սվեդենբորգը պատմում է մեզ մի դեւի մասին, որը երկինք է բարձրացել, երկնային բույրն է ներշնչել, ունկնդրել հրեշտակների զրույցները: Բայց ամենայն ինչ նրան այնտեղ սահմռկելի թվաց: Անուշաբույրը գարշահոտություն թվաց, լույսը` խավար: Եվ այնժամ նա դարձավ դժոխք, քանի որ միայն դժոխքում կարող էր երջանիկ լինել: Երկինքը հրեշտակների աշխարհն է: Սվեդենբորգն ավելացնում է, թե դժոխքն ինքը դեւի կառուցաձեւ ունի, իսկ դրախտը` հրեշտակի: Դրախտը բաղկացած է հրեշտակների առանձին խմբակցություններից: Այնտեղ է Աստված: Եվ Աստված պատկերանում է մեզ արեւով:
Այսպիսով, արեւը համապատասխանում է Աստծուն, իսկ վատթարագույն դժոխային տարածքներն արեւմուտքում են ու հյուսիսում: Իսկ արեւելքում եւ հարավում դժոխքն աչքի է ընկնում որոշ մեղմությամբ: Ամեն ոք շրջապատ է փնտրում ըստ իր ճաշակի, ընկերներ է փնտրում ըստ ճաշակի` իր ցանկություններին համապատասխան:
Նրանք, ովքեր դժոխքին են արժանանում, սխալ պատկերացում ունեն դրա մասին: Նրանք կարծում են, թե դրախտում հարկ է մշտապես աղոթել, եւ նրանց թույլ են տալիս աղոթել, սակայն մի քանի օրից կամ շաբաթից նրանց դա ձանձրացնում է:
Նրանք հասկանում են, որ դրախտը դրա համար չէ: Այդժամ նրանք սկսում են գովաբանել Աստծուն: Բայց Աստծուն դուր չեն գալիս գովաբանությունները, իսկ նրանց էլ շուտով ձանձրացնում է այդ գովաբանությունը: Եվ այդժամ նրանք որոշում են, որ կարող են երջանկություն գտնել իրենց մերձավորների հետ զրուցելով: Բայց շուտով հասկանում են, որ թե մերձավորները, թե հանրահայտ գրողները կարող են նույնքան ձանձրալի լինել դրախտում, որքան եւ երկրի վրա:
Այդ ամենը նրանց ձանձրացնում է, եւ այդժամ միայն նրանք հասու են դառնում դրախտի բուն նշանակությանը: Հիշում եմ Թենիսոնի բանաստեղծություններից մեկը, որտեղ նա գրում է, թե հոգին չի կամենում ունենալ շքեղաշուք կացարաններ, այլ միայն կամենում է, որ իրեն ապրելու եւ չմահանալու շնորհ տրվի:
Ընդհանուր առմամբ Սվեդենբորգի դրախտը սիրո եւ աշխատանքի դրախտ է: Դա ալտրուիզմի աշխարհ է: Ամեն մի հրեշտակ աշխատում է այլոց համար: Բոլորն աշխատում են միմյանց համար: Այնտեղ պարապությունը բացառված է: Դրախտը վարձահատուցում չէ: Եթե մարդ հրեշտակային բնավորություն ունի` կապրի դրախտում եւ իրեն լավ կզգա: Բայց Սվեդենբորգի դրախտին մի այլ, շատ կարեւոր առանձնահատկություն է բնորոշ, նրա բնակիչներին ներհատուկ է ինտելեկտուալ բարձր աստիճանը:
Սվեդենբորգը հյուսում է ողբերգական պատմությունը մի մարդու, ով իր ողջ կյանքում ձգտում էր արժանանալ դրախտին: Նա հրաժարվել էր ամենայն զգայական հաճույքներից եւ մեկուսացել անապատում: Այնտեղ կենտրոնացած էր միայն մի բանի վրա` աղոթում էր ու դրախտ հայցում: Այսինքն` աղքատացնում էր իրեն: Եվ ի՞նչ պատահեց, երբ նա մահացավ: Եկավ դրախտ, իսկ դրախտում չգիտեին, թե նրա հետ ինչ անեն: Նա փորձում էր մասնակցել հրեշտակների զրույցներին, բայց չէր հասկանում նրանց: Փորձում էր հասու լինել արվեստին եւ ամեն ինչ լսել, ամեն ինչից գլուխ հանել, բայց զորու չէր, քանզի հոգեպես սնանկացած էր: Նա պարզապես առաքինի մարդ էր, բայց բանականությունն աղքատ էր: Եվ այնժամ նրան անապատի պատկերն արարելու հնարավորություն ընձեռեցին: Դրախտում մնալով, այդ անապատը քաշված նա աղոթում էր, ինչպես երկրում էր աղոթում: Եվ հասկացավ, որ ապաշխարանքն իրեն անարժան է դարձրել երկնքին, զի աղքատացրել էր իր կյանքը, մերժել բերկրանքներն ու հաճույքները, միայն հրաժարիմք էր ընդունել:
Այդ գաղափարը Սվեդենբորգի նորարարությունն էր: Միշտ համարվել է, թե փրկությունը բարոյական բնույթ է կրում: Այսինքն` եթե մարդ առաքինի է` փրկվում է: «Երանի հոգով աղքատներին, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»,- այդպես է ասում Հիսուս: Բայց Սվեդենբորգն առաջ է անցնում: Նա պնդում է, թե դա քիչ է, եւ մարդ պետք է փրկվի նաեւ բանականությամբ: Դրախտը պատկերացվում է որպես հրեշտակների աստվածաբանական զրույցների շարան, իսկ ով չի կարող մասնակցել դրանց` անարժան է երկնքին եւ պետք է միայնակ ապրի: Սվեդենբորգից հետո Ուիլյամ Բլեյքը կսկսի քարոզել փրկությունը: Նա կբարբառի, թե մենք կարող ենք, թե հարկ է, որ փրկվենք նաեւ արվեստի միջոցով: Բլեյքը բացատրում է, որ Քրիստոս նույնպես արվեստագետ էր, չէ՞ որ նրա բոլոր քարոզներն այլաբանական են: Իսկ այլաբանությունը, հարկավ, գեղագիտական արտահայտչամիջոց է: Այսպիսով, փրկությունը նվաճվում է բանականությամբ, բարոյականությամբ եւ արվեստով:
Մտաբերենք այն մի քանի ասույթները, որոնց հանգել է Բլեյքը Սվեդենբորգի երկար խրատաբանություններից: Օրինակ` հիմարը երկինք չի մտնի, որքան էլ որ սուրբ լինի, կամ` պետք է ժխտել սրբությունը եւ ապավինել բանականությանը:
Այսպիսով, մեր առաջ երեք աշխարհ է: Մահանալով` մարդ ընկնում է ոգիների աշխարհը, այնուհետեւ, որոշ ժամանակ անց, ոմանք արժանանում են դրախտին, այլք` դժոխքին: Իրականում դժոխքն Աստված է տնօրինում: Քանզի Աստված պահպանում է հավասարակշռությունը: Սատանան պարզապես դժոխքի բաժիններից մեկի անունն է: Դեւերը մշտապես փոխում են իրենց տեսքը, չէ՞ որ դժոխքը խարդավանքների աշխարհ է, ուր բոլորն ատում են միմյանց եւ միավորվում միայն այն բանի համար, որ հարձակվեն որեւէ մեկի վրա:
Սվեդենբորգը զրուցում էր դրախտի եւ դժոխքի տարբեր բնակիչների հետ: Դա նրան թույլատրված էր, որպեսզի կարողանա նոր եկեղեցի հիմնել: Եվ ինչ է անում Սվեդենբորգը: Նա քարոզներով չի զբաղվում, բայց անանուն գրքեր է լույս ընծայում` խիստ եւ չոր լատիներենով: Նա տարածում է իր աշխատությունները։ Այսպես են ընթանում նրա կյանքի վերջին երեսուն տարիները: Սվեդենբորգը Լոնդոնում շատ համեստ կյանք էր վարում: Սնունդը միայն հացն էր, կաթն ու բանջարեղենը: Մեկ-մեկ այցելում էին ընկերները, եւ այդժամ նա իրեն թույլ էր տալիս մի քանի օր հանգստանալ:
Անգլիա գալով` Սվեդենբորգը ցանկանում էր ծանոթանալ Նյուտոնի հետ, քանզի նրան շատ էր հետաքրքրում նորը աստղաբաշխության մեջ` ձգողականության օրենքը: Սակայն նրանք այդպես էլ չհանդիպեցին: Իր աշխատություններում նա հիշատակում է Շեքսպիրին, Միլթոնին եւ այլոց: Գովում է այդ բանաստեղծներին իրենց երեւակայության համար, մի խոսքով, նա լավ ճաշակ ուներ: Հայտնի է, որ իր ուղեւորություններում (նա ճամփորդել է Շվեդիայում, Անգլիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում) Սվեդենբորգն այցելում էր ֆաբրիկաներ եւ աղքատ թաղամասեր: Նրան շատ էր դուր գալիս երաժշտությունը: Նա իր ժամանակի տիպիկ ազնվական էր: Նա հարուստ մարդ դարձավ Լոնդոնում։ Սվեդենբորգի ծառաներն ապրում էին առաջին հարկում (տունն այդ վերջերս քանդեցին) եւ բազմիցս տեսել են, թե նա ինչպես էր զրուցում՝ հրեշտակների եւ վիճում` դեւերի հետ: Սվեդենբորգը վեճերում երբեք չէր պարտադրում իր գաղափարները: Անշուշտ, նա թույլ չէր տալիս քմծիծաղել իր տեսիլքների վրա, բայց եւ չէր կամենում դրանք պարտադրել` գերադասելով զրույցը վարել այլ թեմաների շուրջ:
Սվեդենբորգի եւ այլ միստիկների միջեւ էական տարբերություն կա: Օրինակ` Սան Խուան դե լա Կրուսի մոտ մենք գտնում ենք էքստազի շատ վառ նկարագրություններ: Նա հաղորդում է այդ վիճակը էրոտիկ եզրերով, համեմատում այն արբեցումի հետ: Նա գրում է մարդու` Աստծուն հանդիպելու մասին, որ իր կերպարանքով նման էր իրեն: Դա նկարագրելու համար նա մշակել է փոխաբերությունների մի ամբողջ համակարգ: Իսկ Սվեդենբորգի աշխատություններում նման բան չկա: Դրանք մի մարդու աշխատություններ են, որ եղել է շատ ու շատ անհայտ աշխարհներում եւ հանգիստ, ծանրակշիռ պատմել դրանց մասին:
Այդ պատճառով Սվեդենբորգի գրքերը, բառիս բուն իմաստով, զվարճալի չեն: Նրանք կամաց-կամաց են ներկլանում: Ես կարդացել եմ Սվեդենբորգի չորս հատորյակը` անգլերեն թարգմանությամբ, տպագրված «Էվրիմանս Լայբրերիիում»: Ինձ ասել էին, թե կա նաեւ իսպաներեն թարգմանությամբ մի հատընտիր «Էդիտորա նասիոնալում»: Ես տեսել եմ Սվեդենբորգի մասին մի քանի դասախոսությունների գրառումներ, այդ թվում նաեւ՝ Էմերսոնի կարդացած փայլուն դասախոսությունը: Նա դասախոսությունների շարք է կարդացել երեւելի մարդկանց մասին` «Նապոլեոն կամ Աշխարհական մարդը», «Մոնտեն կամ Սկեպտիկը», «Գյոթե կամ Գրագետը», «Սվեդենբորգ կամ Միստիկը»: Այդ հիասքանչ դասախոսությունն առաջին աշխատությունն էր Սվեդենբորգի մասին, որ ես կարդացի: Էմերսոնն ամենը չէ, որ ընդունում է Սվեդենբորգի ուսմունքում: Ինչ-որ բան նրանում վանում էր Էմերսոնին, հնարավոր է՝ նրա մանրակրկիտությունը, դավանաբանությունը: Չէ՞ որ Սվեդենբորգը բազմիցս պնդում է իր ասածը, կրկնում միեւնույն միտքը, համանմանություն չի փնտրում: Նա հիշեցնում է ճամփորդի, ով անցել է անսովոր երկրներով, անհամար երկինքներով եւ գեհեններով եւ նկարագրում է դրանք:
Իսկ այժմ անցնենք մի այլ թեմայի, որ զարգացնում է Սվեդենբորգը` համապատասխանությունների ուսմունքին: Ինձ թվում է` նա հորինել է այդ համապատասխանությունները, որպեսզի հիմնավորի իր ուսմունքը Աստվածաշնչի հանգույն: Ըստ Սվեդենբորգի` Աստվածաշնչի ամեն մի խոսքը ամենաքիչը երկու իմաստ ունի: Դանթեն գրում է Աստվածաշնչի յուրաքանչյուր հատվածի չորս իմաստների մասին:
Ամեն մի խոսք պետք է ընթերցվի եւ մեկնվի: Օրինակ՝ «լույս» բառը Սվեդենբորգի համար փոխաբերություն է` ճշմարտության բացահայտ խորհրդանիշը: Նժույգը նշանակում է՝ բանականություն` չէ՞ որ նժույգը մեզ մի տեղից մի այլ տեղ է տանում: Սվեդենբորգը համապատասխանությունների մի ամբողջ համակարգ է մշակել, եւ դրանով նա շատ նման է կաբալիստներին:
Այնուհետեւ Սվեդենբորգը հանգեց այն մտքին, թե ողջ աշխարհը կառուցված է համապատասխանություններով: Ստեղծանումը գաղտնագիր է, ծածկագիր, որը վերծանման կարիք է զգում: Գոյն իրականում բառերն են, սակայն շատ-շատերի ծածուկ իմաստը մենք չենք հասկանում եւ ստիպված ենք ընկալել տառացիորեն: Ես մտաբերում եմ Քայլայլի սարսափազդու դատավճիռը, ով ապարդյուն չէր ուսումնասիրել Սվեդենբորգին` «Համաշխարհային պատմությունը` գրեր են, որոնք մենք մշտապես պետք է ընթերցենք եւ գրանցենք»: Այդպես էլ կա: Մենք մշտապես ներկա ենք համաշխարհային պատմության ներկայացմանը եւ ինքներս էլ դերասաններ ենք: Մենք տառերն ենք եւ աստվածային տեքստի այբուբենը, որի վրա մեզ գրում են: Ես տանը համապատասխանությունների բառարան ունեմ: Այնտեղ կարելի է գտնել Աստվածաշնչի յուրաքանչյուր խոսքը եւ իմանալ, թե դրան Սվեդենբորգն ինչ նշանակություն էր տալիս:
Անշուշտ, Սվեդենբորգը հավատում էր բանիվ փրկությանը: Բանիվ` ոչ միայն ոգու, այլեւ` խելքի: Դա փրկությունն էր բանականությամբ: Սվեդենբորգյան դրախտում հրեշտակները հիմնականում աստվածաբանական բանավեճեր են վարում, բայց դրախտը լի է սիրով: Այնտեղ նույնպես ամուսնանում են: Ամենայն ինչ, որ առկա է զգայական այս աշխարհում, կա նաեւ դրախտում: Սվեդենբորգը ոչնչից չի հրաժարվում, ոչինչ չի սնանկացնում:
Ներկայումս գոյություն ունի սվեդենբորգյան եկեղեցի: Կարծեմ, ինչ-որ տեղ Միացյալ Նահանգներում նրանք բյուրեղապակյա տաճար են կառուցել: Այդ եկեղեցին Միացյալ Նահանգներում, Անգլիայում, հատկապես Մանչեսթերում, Շվեդիայում եւ Գերմանիայում մի քանի հազար հետեւորդներ ունի: Ուիլյամ եւ Հենրի Ջեյմսի հայրը սվեդենբորգական էր: Ես հանդիպել եմ սվեդենբորգականների Միացյալ Նահանգներում, այնտեղ նրանք համայնք են ստեղծել եւ շարունակում են Սվեդենբորգի գրքերի հրապարակումը` դրանք անգլերեն թարգմանելով:
Ուշագրավ է, որ չնայած Սվեդենբորգի աշխատությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով (նույնիսկ հինդի եւ ճապոներեն), դրանք զգալի ազդեցություն չեն թողել: Սվեդենբորգն ականատես չեղավ եկեղեցու այն բարենորոգմանը, որին ձգտում էր: Նա կամենում էր քրիստոնյա աշխարհում նոր եկեղեցի հիմնել, այնպես, ինչպես դրանից առաջ հիմնվել էր բողոքական եկեղեցին:
Սվեդենբորգականությունը, շատ առումներով, բողոքական եւ կաթոլիկ եկեղեցիներից է սերել: Բայց այնչափ նշանակալից ազդեցություն չի թողել, որքան ակնկալվում էր: Ըստ իս՝ դա կապված է ընդհանուր սկանդինավյան ճակատագրի հետ: Թվում է, թե այն ամենը, ինչ տեղի է ունենում Սկանդինավիայում, կատարվում է ասես երազում կամ ապակե ոլորտում: Օրինակ` վիկինգները հայտնաբերեցին Ամերիկան Կոլումբոսից մի քանի դար առաջ, բայց դա ոչնչի չհանգեցրեց: Վեպի ժանրը սերում է իսլանդական սագաներից, բայց այդ գրական նորարարությունը ոչ մի տարածում չգտավ: Սկանդինավիայի պատմության մեջ կան համաշխարհային ընդգրկման անհատականություններ, օրինակ՝ Կարլ 12-րդը: Բայց մենք առաջին հերթին հիշում ենք այլ աշխարհակալների, չնայած նրանց ռազմական սխրանքները, հնարավոր է, շատ բանով զիջում են Կարլ 12-րդի քաջագործություններին: Սվեդենբորգի գաղափարները պետք է որ լիովին բարենորոգեին եկեղեցին, սակայն դրանց վիճակվեց ընդհանուր սկանդինավյան ճակատագիր` մնացին, ասես երազում:
Ազգային գրադարանում պահպանվում է «Դրախտի, դժոխքի եւ նրանց հրաշքների մասին» գրքի մի օրինակ: Բայց աստվածիմացական գրախանութներում Սվեդենբորգի աշխատությունները հաճախ բացակայում են: Թեեւ նա առավել հետաքրքիր միստիկ է, քան բազում այլք: Այդ այլք պատմում են, թե ինչպես են էքստազ ապրել, եւ դա փորձում են մատուցել գրական մշակմամբ: Այնինչ, Սվեդենբորգը, անդրաշխարհի առաջին ուսումնասիրողն է` ուսումնասիրող, ում հարկ է լուրջ վերաբերվել:
Խոսելով Դանթեի մասին, ով նույնպես նկարագրում է Դժոխքը, Քավարանը եւ Դրախտը` մենք հասկանում ենք, որ դա գրական հնարանք է: Իրականում մենք չենք կարող հավատալ, թե Դանթեն տեսել է այն ամենը, ինչ նկարագրում է: Բացի այդ, Դանթեն չափածո էր գրում, եւ դա կաշկանդում էր նրան: Չէ՞ որ բանաստեղծությունն ապրածն արտահայտելու առաջնային ձեւը չէ:
Սվեդենբորգը բազում աշխատություններ է թողել: Դրանցից են, ասենք, «Քրիստոնեական կրոնը եւ Աստվածային նախախնամությունը» եւ արդեն հիշատակած Դրախտի եւ Դժոխքի մասին գիրքը, որն առաջարկում եմ ձեզ ընթերցել: Այն հրատարակվել է լատիներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, եւ ինձ թվում է` իսպաներեն: Այդտեղ Սվեդենբորգի ուսմունքը շարադրված է շատ հստակ: Ծիծաղելի կլիներ պնդելը, թե այդ գիրքը մի խելագար է գրել: Խեւն այդքան պարզ շարադրել չէր կարող: Բացի այդ, տեսիլները փոխեցին Սվեդենբորգի ողջ կյանքը: Նա թողեց գիտությունը` վճռելով, որ այդ կարգի գործերը լոկ աստվածային նախապատրաստություն են այլ գործերի համար:
Այդ պահից ի վեր Սվեդենբորգն իրեն նվիրեց դրանց, նա ճամփորդում էր դժոխքով եւ դրախտով, զրուցում Հիսուսի, հրեշտակների հետ եւ նկարագրում այդ ամենը բացառիկ ճշգրիտ ու խիստ ոճով, առանց չափազանցությունների եւ փոխաբերությունների: Նրա գրքերում շատ են կենսալի եւ հիշվող պատմությունները, նման այն մեկին, որ պատմեցի ձեզ` մարդու մասին, ով կամենում էր դրախտին արժանանալ, բայց աղքատացրել էր իր սեփական կյանքը եւ արժանացել լոկ անապատի: Սվեդենբորգն առաջարկում է մեզ փրկվել` հարստացնելով մեր կյանքը: Փրկվել առաքինությամբ, բարեգործությամբ, ինչպես նաեւ` բանականությամբ:
Իսկ այնուհետեւ կգա Բլեյքը եւ կասի, որ մարդ, հարկ է, որ նաեւ արվեստագետ լինի: Այսպիսով, ստացվում է փրկություն երիցս` մենք փրկվելու ենք առաքինությամբ ու բարեգործությամբ, վերացական մտածողությամբ, արվեստով: