ՕԵԿ-ում (ով) պատրաստվում են ընտրություններին

16/03/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ անսպասելիորեն հայտնի դարձավ, որ «Օրինաց Երկիր» կուսակցությունը հետ է կանչել միանգամից երկու` արտակարգ իրավիճակների ու տրանսպորտի եւ կապի նախարարներ Մհեր Շահգելդյանին ու Գուրգեն Սարգսյանին:

Կուսակցությունն այս որոշումն ընդունել է կիրակի երեկոյան կայացած քաղխորհրդի նիստում: Ընդ որում` այդ կուսակցությունը միաժամանակ որոշել է նաեւ, թե ովքեր պետք է փոխարինեն նրանց: Եվ այսպես` Մ.Շահգելդյանի փոխարեն ՕԵԿ-ն առաջադրել է փոխոստիկանապետ Արմեն Երիցյանին, իսկ ՏԿ նախարարի համար` Կադաստրի պետական կոմիտեի նախկին պետ Մանուկ Վարդանյանին, ով մինչ այժմ ՀՀ նախագահի խորհրդական էր: Երեկ Ազգային ժողովում ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը եւ քարտուղար Հովհաննես Մարգարյանը լրագրողներին հավատացնում էին, որ այդ փոփոխությունից չպետք է զարմանալ, որ դրա նպատակը միայն կուսակցության ուժեղացումն է, եւ այլն: Մ.Շահգելդյանը զբաղվելու է կուսակցության քաղաքական հարցերով, Գ.Սարգսյանը համակարգելու է տնտեսական բլոկը: Իսկ միգուցե ՕԵԿ-ը դժգո՞հ էր իր անդամների աշխատանքից եւ դրա համար է հետ կանչում: «Նրանք վայելել են եւ վայելում են կուսակցության վստահությունը, ու դրա համար ՕԵԿ-ը նրանց ավելի պատասխանատու գործ տվեց»,- պատասխանեց Հ.Մարգարյանը: Այս փոփոխության շուրջ շրջանառվող հիմնական կարծիքն այն է, որ ՕԵԿ-ը պատրաստվում է առաջիկա` բնականաբար, խորհրդարանական ընտրություններին: Կուսակցության անդամները չհերքեցին այդ հանգամանքը: «Ընտրություններին ցանկացած քաղաքական ուժ է պատրաստվում: Բնականաբար, մենք կուտակված ռազմավարական լուրջ խնդիրներ ունենք, որոնց լուծմամբ էլ պետք է զբաղվեն քաղաքական փորձ ունեցող Մ.Շահգելդյանն ու Գ.Սարգսյանը»,- մեկնաբանեց Հ.Մարգարյանը: Այստեղ արդեն առանցքային է, թե ՕԵԿ-ը խորհրդարանական ո՞ր ընտրություններին է պատրաստվում` հերթակա՞ն, թե՞ արտահերթ: Վերջերս արդիական է դարձել արտահերթ ընտրությունների թեման, եւ չի բացառվում, որ իշխանությունները պատրաստվում են հենց դրանց: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման շրջանառվում է հիմնականում ԼՂՀ հակամարտության գործընթացի շրջանակում: Վերջին զարգացումների ֆոնին նույնիսկ իշխանական շրջանակներում են խոսում, որ ՀՀ իշխանությունները հայտնվել են պարտադրվող փաստաթուղթ ստորագրելու բազմակողմանի ճնշումների եւ դրանից դուրս գալու անելանելի վիճակի մեջ: Եվ չի բացառվում, որ այդ վիճակից դուրս գալու համար լուծարեն խորհրդարանն ու նոր ընտրություններ անցկացնեն: Սակայն, եթե արտահերթ ընտրությունների խնդիր էլ չլինի, միեւնույն է, հերթական ընտրությունները հեռու չեն: Ընդամենը 2 տարի հետո` 2012թ. տեղի են ունենալու խորհրդարանական հերթական ընտրությունները, եւ մեր իշխանություններն, իրենց սովորության համաձայն, նախընտրական քարոզարշավը սկսում են ընտրություններից նվազագույնը 1 տարի առաջ: Հիշեցնենք, որ հատկապես Մ.Շահգելդյանը ընտրությունների անցկացման գործում փորձ ունի: Բավական է հիշել հատկապես 2005 թ. Սահմանադրության բարեփոխման հանրաքվեն, որի ժամանակ «ԱՅՈ»-ի շտաբի պետը Մ.Շահգելդյանն էր: Եվ վերջինս դպրոցների` ՕԵԿ անդամ դարձած տնօրենների ու ուսուցիչների օգնությամբ հաջողությամբ կեղծեց այդ հանրաքվեի արդյունքները: Այնպես որ, առաջիկա ընտրություններում իշխանություններին կարող է պետք լինել նրա այդ փորձը: Այս փոփոխությունը որքան անսպասելի, նույնքան էլ սենսացիոն էր այն առումով, որ ՕԵԿ-ը միանգամից 2 նախարար է փոխում: Մեկ նախարարի դեպքում կարելի է հասկանալ, որ տվյալ քաղաքական ուժը կուսակցական խնդիր է լուծում, բայց երկուսի դեպքում` նման «հիմնավորումները», մեղմ ասած, համոզիչ չեն: Այսինքն` իրականում սա ներկուսակցական խնդիր չէ, եւ այն պետք է դիտարկել իշխանության մեջ տեղի ունեցող խմորումների համատեքստում: Անուղղակիորեն դա են ապացուցում ՕԵԿ-ական նոր նախարարների անունները: Միամտություն կլինի կարծել, որ ՕԵԿ-ը իր շարքերում չէր կարող գտնել երկու կուսակցականի` այս պաշտոններում նշանակելու համար: Հասկանալի է, որ Վարդանյանն ու Երիցյանը ՕԵԿ-ական են դարձել իշխանության վերնախավի իմացությամբ: Բնականաբար, ՕԵԿ-ականները ժխտում են նման վարկածները: «Նրանք էլ են մեր թեկնածուները, որովհետեւ այսուհետ նրանք ՕԵԿ անդամներ են: Մենք ընտրել ենք լավագույն մարդկանց: Նրանք ճանապարհ անցած, փորձառու, լավ կենսագրություն ունեցող մարդիկ են: Մենք վստահ ենք, որ այդ նշանակման արդյունքում անպայման շահելու է եւ՛ համակարգը, եւ՛ կուսակցությունը: Նրանք մեր հին բարեկամներն են, մեր հին ընկերներն են, եթե ուշադիր լինեիք, այդ մասին կիմանայիք: Մենք ընտրություն ենք արել մեր բարեկամների, ընկերների շրջանակում»,- Մ. Վարդանյանի եւ Ա. Երիցյանի մասին ասում է Հեղինե Բիշարյանը:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Ա.Երիցյանը Արթուր Բաղդասարյանի հետ քավոր-սանիկային կապ ունի: Եվ նա ՕԵԿ-ին հաճախ է օգնել կուսակցական բոլոր հարցերում: Նույնիսկ նրա կարծիքը որոշ դեպքերում որոշիչ է եղել այդ կուսակցության համար: Մ.Վարդանյանը նույնպես մտերիմ հարաբերություններ է ունեցել Ա.Բաղդասարյանի հետ, եւ Կադաստրի պետական կոմիտեի պետ եղած ժամանակ բազմաթիվ ՕԵԿ-ականների եւ Ա.Բաղդասարյանի բարեկամների է ընդունել աշխատանքի: Օրինակ` ժամանակին Արաբկիրի Կադաստրի տարածքային կառույցի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր Ա.Բաղդասարյանի հորեղբայրը: Այնպես որ, Հ.Բիշարյանը ճիշտ է ասում:

Այս փոփոխության դեպքում հետաքրքիր է նաեւ մի հանգամանք. Ա.Երիցյանը լինելով ուժային կառույցի պաշտոնյա` իրավունք չուներ անդամակցելու որեւէ կուսակցության: Սակայն նա դա արել է կիրակի երեկոյան, երբ դեռ զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը: ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը երեկ հակասական պատասխաններ տվեց այս հարցի առնչությամբ: Նախ ասաց, որ, Ա.Երիցյանը արդեն ՕԵԿ անդամ է, հետո խոսքը փոխեց` նշելով, թե նա կուսակցական կդառնա Ոստիկանությունից դուրս գալուց եւ ՕԵԿ-ին անդամակցելու դիմում գրելուց հետո: «Մենք քաղխորհրդի նիստում արդեն այդ որոշումը կայացրել ենք, օրը կարեւոր չէ: Ինքը այս պահի դրությամբ, այսօր եւեթ դուրս կգա: Ինքը կուսակցական կդառնա դիմումը գրելուց եւ ուժային կառույցից դուրս գալուց հետո: Ես չեմ ուզում ժամային խնդիրներ առաջադրել, բոլորս տիրապետում ենք եւ ՀՀ կուսակցությունների մասին օրենսդրությանը, եւ Սահմանադրությանը: Ամեն ինչ կլինի օրենքի սահմաններում»,- պատասխանեց Հ.Մարգարյանը:

Իսկ երեկ Ա.Երիցյանի ու Մ.Վարդանյանի ազատման եւ նշանակման հրամանների մասին տեղեկությունը հրապարակվեց երեկոյան ժամը 21-ի սահմաններում, այսինքն նրանց` ՕԵԿ անդամ դառնալուց մի օր հետո: