Զսպանակի հակառակ էֆեկտը

16/03/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Դոլար-դրամ փոխարժեքը նորանոր ռեկորդներ է սահմանում։ Երեկ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում իրականացվել է 6.1 միլիոն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 396.94 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 397 դրամ: Երեկ օրվա առաջին կեսին առեւտրային բանկերը ԱՄՆ 1 դոլարը գնում էին 393 դրամով, վաճառում 397-398 դրամով։ Այսօր բացառված չէ, որ վաճառքը գերազանցի 400 դրամի հոգեբանական նիշը։ Այն, որ դրամը պետք է վաղ թե ուշ արժեզրկվեր, բոլորն էին սպասում։ Իրականում, եթե դիտարկենք փոխարժեքի վրա ազդող գործոնները՝ դրամի արժեզրկման ոչ մի լուրջ ազդակ կարծես չկա։ Իհարկե՝ ճգնաժամային պայմաններում դրսից ուղարկվող տրանսֆերտները նվազել են, սակայն 2009թ. վերջին ամիսներին դրանց նվազումն ավելի մեծ թափով էր ընթանում, սակայն դոլարի գինը տատանվում էր 380 դրամի սահմաններում։ Դրամի արժեզրկման հաջորդ հիմքը արտաքին առեւտրի սալտոն է։ Երբ արտահանումը 2-2.5 անգամ գերազանցում է ներմուծմանը, դա նշանակում է, որ երկրից 2-2.5 անգամ ավելի շատ արտարժույթ է դուրս գալիս, քան մտնում՝ մեծացնելով արտարժույթի նկատմամբ պահանջարկը եւ բարձրացնելով դրա գինը։ Հայաստանի արտաքին առեւտրի հաշվեկշիռը վերջին տարիներին միշտ բացասական է եղել։ Ընդ որում՝ այդ տարբերությունը գնալով մեծացել է։ Սակայն դրամի արժեզրկում չի արձանագրվել։ Իսկ այս տարվա հունվար ամսվա մակրոտնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ, որքան էլ զարմանալի է, ներմուծման եւ արտահանման դինամիկան փոխվել է հօգուտ արտահանման. ներմուծումն աճել է 8.3%-ով, արտահանումը՝ 57.5%-ով։ Այսինքն՝ դոլարի արժեզրկման հիմքերն այսօր ավելի թույլ են, քան սրանից մի քանի ամիս առաջ։ Այդ դեպքում՝ ինչո՞ւ է դոլարն այսօր արժեզրկվում։ Միակ տրամաբանական բացատրությունն այն է, որ այս ընթացքում փոխարժեքը արհեստականորեն է պահվել։ 2009թ. մարտին, երբ դոլարի գինը 305 դրամից մեկ օրվա մեջ դարձավ 380 դրամ, շատերը դա անվանեցին «զսպանակի էֆեկտ»։ Այսօր պարզ է դառնում, որ զսպանակը բացվել էր, սակայն իշխանությունները կեսից ձեռքը դրել էին այդ զսպանակի վրա եւ հիմա կամաց-կամաց վերեւ են բարձրացնում։ Անդրադառնանք սակայն փոխարժեքի փոփոխման հետեւանքներին։ Շատերն են հարցնում՝ լա՞վ է արդյոք դրամի արժեզրկումը, թե՞ վատ։ Միանգամից նշենք, որ այս դեպքում լավ կամ վատ գնահատելը սխալ է։ Կարեւորն այն է, որ փոխարժեքի փոփոխությունը որոշի շուկան (կապ չունի՝ որ ուղղությամբ), ոչ թե այն որոշվի արհեստականորեն։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ո՞ւմ է դա ձեռնտու, այստեղ ամեն ինչ հարաբերական է։ Եթե դոլարի արժեզրկումը ուղղակիորեն հարվածում էր այն մարդկանց, ովքեր գոյատեւում էին դրսից ուղարկվող գումարների հաշվին, ապա հակառակ երեւույթը՝ դոլարի արժեւորումը, չի նշանակում, որ նրանք շահում են։ Ռուսաստանում աշխատող որդուց ամսական 300 դոլար ստացող թոշակառուն սրանից մի քանի տարի առաջ այդ գումարը մանրելով ստանում էր մոտ 170 հազար դրամ։ Հետո՝ 150 հազար, 120 հազար, իսկ 2008-ի վերջին՝ 100 հազարից էլ ավելի քիչ։ Եթե սրան էլ գումարենք գնաճը, որը 2004 թվականից սկսած միշտ գերազանցել է 5%-ը (բացառությամբ 2005թ.), ապա ակնհայտ է դառնում, թե որքան են կորցրել այս մարդիկ։ Հիմա անդրադառնանք այսօրվա վիճակին։ Երկու շաբաթ առաջ նույն թոշակառուն 300 դոլարը մանրելով՝ ստանում էր 113 հազար դրամ, այսօր ստանում է 118 դրամ՝ 5000 դրամով ավելի շատ։ Շահո՞ւմ է նա արդյոք՝ միանշանակ, ոչ։ Փողի անվանական արժեքը, որպես այդպիսին, ոչինչ չի նշանակում։ Ավելի կարեւոր է, թե այդ գումարով ի՞նչ է հնարավոր գնել։ 5000 դրամ ավելի ստանալով՝ մարդը, ըստ էության, ոչ մի ավելի բան էլ չի կարող գնել, քանի ներմուծողները կայծակնային արագությամբ թանկացնում են ապրանքները՝ դրամի արժեզրկմանը զուգահեռ (բենզինի գինը՝ ձեզ օրինակ)։ Այսինքն, թոշակառուն, ըստ էության, ոչ թե շահում է, այլ պարզապես՝ չի կորցնում։ Փոխարենը՝ կորցնում է այն թոշակառուն, ում եկամուտները բացառապես տեղական ծագում ունեն, դրամով են։ Իսկ ինչպե՞ս է դա ազդում արտադրության եւ արտահանման ոլորտի վրա։ Ըստ էության՝ վերը նշված մոդելը կիրառելի է նաեւ այս դեպքում։ Այն պնդումը, որ դրամի արժեզրկումը օգտակար կլինի տեղական արտադրողին, Հայաստանի դեպքում միանշանակ չէ։ Մեր արտադրությունը՝ թե՛ վառելիքի, թե՛ հումքի մասով, շատ մեծ կախում ունի արտաքին աշխարհից։ Օրինակ՝ գազի գինը կրկնակի հարվածում է տեղական արտադրողին։ Նախ՝ դոլարային արտահայտությամբ ապրիլի 1-ից այն բարձրանալու է ավելի քան 20%-ով, եւ երկրորդ՝ դրամային արտահայտությամբ՝ այն թանկանալու է ավելի շատ, քանի որ խոշոր սպառողների համար գազի գինը ֆիքսված է դոլարով։ Ասվածի վառ ապացույցն է գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի երեկ լրագրողներին հայտնած միտքը, թե՝ ապրանքների ընդհանուր թանկացման պարագայում իրենք էլ ապրանքների գները կթանկացնեն: «Գործարանը մինուսով չի կարող աշխատել: Եթե, ասենք թե, գազը թանկացավ, ուրեմն ամեն ինչի վրա դա ազդելու է` ապրանքներն էլ կթանկանան, տրանսպորտն էլ կթանկանա, կոնյակն էլ կթանկանա, ցեմենտն էլ կթանկանա, բա իհարկե, ամեն ինչն էլ կթանկանա»,- ասել է Ծառուկյանը: Ստացվում է՝ ոչ դրամի արժեզրկումն է տեղական արտադրողին օգուտ, ոչ էլ արժեւորումը։ Որքան էլ զարմանալի հնչի, փոխարժեքը տեղական արտադրության համար ամենակարեւոր գործոնը չէ։ Մեր աշխարհագրական դիրքն ու պայմանները, որից այդքան դժգոհում ենք, գոնե ներքին շուկայում պետք է ահագին օգուտ տային տեղական արտադրողին։ Այսպես, Հայաստան մտնող ցանկացած ապրանքից սահմանի վրա գանձվում է 20% ԱԱՀ, որոշ դեպքերում՝ նաեւ 10% մաքսատուրք։ Եթե դրան էլ գումարենք տրանսպորտային ծախսերը, ապա ցանկացած ապրանք Հայաստան հասցնելը 40-45%-ով թանկացնում է դրա գինը։ Փաստորեն, Հայաստանում նույնատիպ ապրանք արտադրողը ի սկզբանե 40%-անոց «ֆոռա» ունի եւ կարող է հաջողությամբ մրցակցել ներմուծողի հետ։ Սակայն, արի ու տես, որ տեղական արտադրողը չի դիմանում մրցակցությանը։ Ժամանակին ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը ուշադրություն էր հրավիրում բնական հյութերի շուկայի վրա։ Նախ՝ վերը նշված պատճառներով ներմուծված բնական հյութերն ավելի թանկ պիտի արժենային, բացի այդ՝ տեղական ջուրն ու պտուղն ավելի որակով են ու էժան, քան դրսինը։ Այսինքն՝ ըստ տրամաբանության, հայկական հյութերը գոնե Հայաստանում մրցակից չպետք է ունենային։ Սակայն շուկայի առյուծի բաժինը պատկանում է դրսից ներմուծված հյութերին։ Պատճառները շատ են։ Նախ՝ ներմուծման ժամանակ ապրանքի մի զգալի մասը պարզապես չի մաքսազերծվում։ Երկրորդ՝ տեղական արտադրողը հարկային ոչ մի արտոնություն չունի. դեռ ապրանքը շուկա չհանած՝ նա պիտի լիքը հարկեր մուծի։ Եվ երրորդ, ի տարբերություն ներմուծողի՝ տեղական արտադրողից ով պատահի՝ ցանկանում է իր բաժինը փախցնել՝ «սանէպիդը», «պաժառնին», եւ այսպես շարունակ։ Եվ տարիներ շարունակվող այս վիճակը հանգեցրել է նրան, որ արտադրությամբ զբաղվելը մեր երկրում համարվում է անմտություն, իսկ նոր արտադրություն հիմնողները նույնացվում են կամիկաձեի հետ։ Այնպես որ, փոխարժեքն այստեղ երրորդական, չորրորդական դեր ունի։ Պատճառները խորքային են, համակարգային ու շատ լուրջ։ Այնքան լուրջ, որ դրանց լուծման համար գուցե անգամ արմատական քայլեր են պետք։ Իսկ մեր կառավարության ամենահայտնի քայլն այս ուղղությամբ «Հայկական աշխարհի» հոլովակն է, որտեղ հեռուստասերիալի հայտնի հերոս «Ճպըլն» ու այլք խորհուրդ են տալիս նմանատիպ ապրանքների բազմության մեջ ընտրել հայկականը, մոռանալով, որ Հայաստանում ոչ մի լուրջ արտադրանք չի թողարկվում։