Շաբաթ երեկոյան Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը գանգահարել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին եւ պաշտոնապես ներողություն խնդրել մարտի 11-ին շվեդական խորհրդարանի` Ռիկսդագի կայացրած որոշման համար: Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը շվեդական խորհրդարանը ձայների 131 կողմ եւ 130 դեմ հարաբերակցությամբ ճանաչեց 1915 թվականին հայերի, ասորիների եւ Պոնտոսի հույների` Օսմանյան կայսրությունում իրականացված ցեղասպանությունը: «Շվեդական կառավարությունը կտրականապես դեմ էր այս բանաձեւի ընդունմանը, եւ դրա հաստատումը Ռիկսդագում բացառապես ներքաղաքական զարգացումների արդյունք էր: Այս բանաձեւը օրենքի ուժ չունի»,- ըստ թուրքական լրատվամիջոցների, հեռախոսազրույցի ընթացքում նշել է Ռեյնֆելդտը` հավելելով. «Մենք թույլ չենք տա, որպեսզի այս բանաձեւը որեւէ բացասական ազդեցություն ունենա թուրք-շվեդական երկկողմ հարաբերությունների վրա»: Շվեդիայի վարչապետի խոսքով, Շվեդիայի իշխանությունները շարունակելու են անել հնարավորը` «երկկողմ հարաբերությունները պաշտպանելու նման հիմնազուրկ որոշումներից, որոնք կայացվում են ընդամենը մեկ քվեի առավելությամբ»: Ֆրեդրիկ Ռեյնֆելդտը Էրդողանին նաեւ փոխանցել է, որ Շվեդիան շարունակում է մնալ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ամենահավատարիմ ջատագովների շարքում: Էրդողանը, իր հերթին, Շվեդիայի վարչապետին կոչ է արել «քայլեր ձեռնարկել կատարված սխալն ուղղելու համար»: Թուրքիայի վարչապետը կրկին պնդել է, թե թուրքական արխիվները բաց են աշխարհի ցանկացած պետության գիտնականների համար: Մեկնաբանելով Ռիկսդագի որոշումը` Էրդողանն ասել է. «Այս քայլը անգրագիտության եւ նախապաշարմունքների արդյունք է: Դրա նպատակն էր՝ տապալել տարածաշրջանում Թուրքիայի գործադրած խաղաղասիրական ջանքերը»: