Բնությունը սովորեցնում է մռնչալ առյուծի պես

16/03/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Միջազգային հեղինակավոր (ժամանակի ընթացքում` հեղինակազրկված) շատ կառույցներ ամեն տարի կամ տարին մի քանի անգամ հարկ են համարում ներկայացնել իրենց վերլուծությունն ու եզրակացությունը` աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով: Մարտի 11-ին ԱՄՆ Պետքարտուղարության «Մարդու իրավունքները 2009 թվականին» զեկույցն այս թեմայով ամենաթարմն էր: Այնտեղ անդրադարձ կար նաեւ Հայաստանին, ուր մարդու իրավունքների եւ արժանապատվության ոտնահարման թեմայով առատ նյութ կա: Թե ո՛ր լսարանին են ուղղված նման զեկույցներն ու, առհասարակ, ինչ նպատակ ունեն իրադարձությունների պոստսկրիպտում արձանագրությունները, այնքան էլ հասկանալի չէ: Եթե մեր իսկ իրավունքների ոտնահարման գողտրիկ նկարագրությունները հայաստանցիներիս համար են, ներեցեք. Հայաստանում բոլորս` մեկ առ մեկ, գիտենք, թե ինչպես եւ ինչ մասշտաբով են խախտվում մեր իրավունքները, եւ ովքեր են խախտում: Եթե նման վերլուծությունն այլ երկրների կառավարությունների համար է, որպեսզի մեր երկրի հետ գործ սկսելուց առաջ երկար մտածեն, այլ խնդիր է: Սակայն իրականությունն այն է, որ մեր երկրում քաղաքացիների ոտնահարված իրավունքները հավասարապես անհետաքրքիր են թե՛ նրանց, ովքեր ոտնահարում են դրանք, թե՛ նրանց, ովքեր այդ մասին զեկույցներ են կազմում: Այս դեպքում` ԱՄՆ Պետքարտուղարությանը: Զեկույցում նշված է. «Էական խախտումներով անցկացված նախագահական ընտրությունների եւ տասը մարդու մահվան հանգեցրած հետընտրական բախումների հետեւանքով Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը շարունակվում է»:

Սակայն իրադարձությունների զարգացումը ցույց է տալիս, որ մեր երկրի բարձրագույն ղեկավարության եւ ԱՄՆ նախագահի հարաբերությունների վրա նման իրադարձությունները ստվեր չեն նետում: Պետքարտուղարության զեկույցից երեւում է, որ մարդիկ աշխատել են: Նրանք անգամ գիտեն Մարտի 1-ի իրադարձությունները քննող խորհրդարանական հանձնաժողովի գոյության մասին եւ, չի բացառվում, որ հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին էլ լուսանկարով կարող են ճանաչել: Սակայն իրերի դրությունը դրանից չի փոխվում. այն, որ այդ հանձնաժողովը տապալել է գործը կամ արել է այն, ինչ իրենից պահանջվել է` այսինքն` ընդդիմության վրա է բարդել տասը զոհերի համար պատասխանատվությունը, պարզ էր` առանց վերոնշյալ զեկույցի: Մարտի մեկին հաջորդած իրադարձությունների մասին Զեկույցում սեւով սպիտակին գրված է. «Իշխանություններն ուժ են գործադրել քաղաքական ցույցերի մասնակիցների դեմ: (գ) Ոստիկանները ծեծի են ենթարկել ձերբակալվածներին, ազգային անվտանգության ծառայության գործակալների եւ ոստիկանների կողմից մարդկանց իրավունքները խախտելու դեպքերն անպատիժ են մնացել»: Զեկույցի հեղինակները բավական դիպուկ են եղել` Երեւանի ավագանու ընտրությունների մասին հիշելիս. «Իշխանությունները սահմանափակել են կառավարությունն ազատ եղանակով փոխելու քաղաքացիների իրավունքը` Երեւանի ավագանու ընտրություններում»:

Նման զեկույցների եւ, առհասարակ, միջազգային հանրության հանդեպ իրենց վերաբերմունքը Հայաստանում շատերն են առիթ ունեցել ցուցադրել: Հնարավոր չէ դարձյալ ու դարձյալ չվերհիշել միջազգային հանրության հանդեպ մեր հասարակության քամահրական վերաբերմունքի ամենապերճախոս վկայությունը, որը Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքում ցուցադրեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քույր Մարգուշ Բիշարյանը: Եթե հիշում եք, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին ընտրատարածքից դուրս բերելու համար նա պատրաստ էր եղել անգամ ցուցադրել սրտին հարակից տարածքները: Եվ ոչինչ էլ չի պատահել. դեսպանն, ինչպես տեսնում ենք, վաղուց արդեն դուրս է եկել շոկից, իսկ Մարգուշ Բիշարյանը շարունակում է ապրել եւ, ինչպես ասում են, ստեղծագործել:

Այո՛, «Հայաստանում լուրջ խնդիր է մնում համատարած կոռուպցիան, եւ իշխանությունները չեն դիմում վճռական քայլերի` այն հաղթահարելու համար»: Սա եւս հանրահայտ ճշմարտություն է, որը կարելի է հենց այսօրվանից զետեղել նաեւ հաջորդ` առնվազն մի քանի տարիների զեկույցներում` վստահ, որ այն ամենեւին ժամանակավրեպ չի լինի: Ոչինչ չի փոխում նաեւ տիկին Քլինթոնի` Զեկույցի ամփոփումը. «Մարդու իրավունքների պաշտպանության առաքելություն կատարող հասարակական կազմակերպությունների վրա նորանոր եւ ավերիչ սահմանափակումներ իրականացնող կառավարությունների թիվը ներկայումս աճում է»: Աշխարհում վստահության ճգնաժամ կա: ԱՄՆ Պետքարտուղարությունը Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման փաստեր ունի՞: Ոչ ոք չի առարկում: Սակայն չունի արդեն վստահության ռեսուրս: Դատեք ինքներդ։ ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցը չի հարգում անգամ Գալուստ Սահակյանը, ով, կարծես, սպառնացել է` ոչ այն է՝ պատերազմ հայտարարել ԱՄՆ-ին, ոչ այն է` Պետքարտուղարության զեկույցին պատասխանել հակոտնյա զեկույցով: Հայաստանում նույնքան սրտատրոփ սպասում եւ քննարկում ենք նաեւ մարդու իրավունքների պաշտպանության թեմատիկայով մյուս կազմակերպությունների զեկույցները` մասնավորապես` «Human Rigths Watch»-ի: Նաեւ «Amnesty International»-ի: Ի դեպ, « Human Rigths Watch» կազմակերպության ղեկավարի աշխատավարձը (համաձայն կազմակերպության պաշտոնական կայքի)՝ 350.000 եվրո է:

Միջազգային մակարդակով մարդու իրավունքների պաշտպանությունն ինքնանպատակ, ըստ էության` անպտուղ միջոցառում է: Քաղաքակրթության այս նոր գործիքի` մոնիտորինգի նպատակն այն է, որ միջազգային հանրության ձեռքն, իբր, պահեն յուրաքանչյուր երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների եւ արժանապատվության ոտնահարման դեպքերի զարկերակին: Սակայն մոնիտորինգն իրականացվում է ոչ թե ոտնահարված իրավունքների ոտնահարումը կանխելու նպատակով: Սակայն արդեն պարզ է, որ նման փաստերը հիշեցնում են Բենդերի թղթապանակը` որքան այն ծանր լինի, այնքան թանկ կվաճառվի հենց իրենց քաղաքացիների արժանապատվությունը ոտնահարող եւ նվաստացնող իշխանություններին: Որքան մեծ են խախտումները, այնքան մեծ է Արեւմուտքի ներկայացրած գինը մեր իշխանություններին` թղթապանակի համար ցանկալի է վճարել անձնական ծառայություններ մատուցելով: Ծայրահեղ դեպքում` բնամթերքով: