Էմոցիոնալ շախմատիստուհի Էլինան

08/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հնագույն ու իմաստուն այս խաղը կյանքի իմիտացիա է, նրա լավագույն ու
արդար մոդելը: Կարող ես ատել մրցակցիդ, բայց ստիպված ես կանոններով խաղալ:
Եվ եթե պարտվում ես՝ մեղավորներ չես փնտրում, չես օգտագործում «կապերդ»
առաջ անցնելու համար, այլ սուսուփուս ընդունում ես պարտությունդ եւ
հասկանում՝ ուրեմն թույլ էիր: Դու ես եւ քո մտքերը, հեռատեսությունն ու
տաղանդը:

Շախմատի տախտակի վրա կարող են այնպիսի կրքեր եւ ողբերգություններ
ծավալվել, որոնց նախանձել կարող է անգամ իրական կյանքը: Առաջին իսկ երեք
քայլերից հետո մոտ ինը միլիոն հետագա շարունակություն է ծնվում: Ամեն ինչ
հաշվարկել, միեւնույն է, չի ստացվի, պետք է գործի դնել երեւակայությունն
ու բնազդը: Չէ՞ որ, վերջիվերջո, հաղթում է նա, ով մրցակցից մեկ քայլ առաջ
է տեսնում: Կանանց շախմատը միշտ տարբերվել է տղամարդկանց շախմատից, եղել է
ավելի էմոցիոնալ եւ այդ պատճառով էլ զիջել է: Հուզական խառնվածքը
խանգարում է ճիշտ կողմնորոշվել եւ միլիոնավոր տարբերակներից ընտրել
ամենաճիշտը: Հայ կանայք շախմատային հաջողություններով չեն փայլել, բայց
այսօր մեր կանայք բավական ուժեղ թիմ ունեն: Ունենք երեք միջազգային
գրոսմայստեր՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան եւ Նելլի Աղինյան: Բոլորն
էլ երիտասարդ են, մեծ ներուժ եւ պայքարելու ցանկություն ունեն:

Էլինա Դանիելյանը շախմատով սկսել է զբաղվել 7 տարեկանից: Այն ժամանակ նա
ընտանիքի հետ ապրում էր Բաքվում, հասցրել էր երիտասարդ շախմատիստների
պատրաստման խորհրդային համակարգով մարզվել եւ ԽՍՀՄ-ի կազմում մասնակցել
աշխարհի առաջնությանը: Նա ընտանիքով Հայաստան է տեղափոխվել 1988 թվականին,
երբ Բաքվում ապրելն այլեւս անհնար էր: Էլինա Դանիելյանը 14 տարեկանում
Գերմանիայում կայացած պատանեկան առաջնությունում դարձել է աշխարհի
չեմպիոնուհի:

– Հայաստանի շախմատիստուհիներին աշխարհում լավ չե՞ն ճանաչում:

– Կարծում եմ, արդեն սկսում են ճանաչել: Առաջ մեր թիմը թույլ էր, բայց
հիմա մենք ամուր եւ ուժեղ ենք: Վերջիվերջո, մենք Եվրոպայի նախկին
չեմպիոններ ենք: Հիմա աշխարհում մեզ շատ լուրջ են վերաբերվում: Վերջերս
Շվեդիայում կայացած կանանց թիմային առաջնությունում մենք վեցերորդ տեղը
զբաղեցրինք: Դա լավ արդյունք է:

– Իսկ անհատական մրցումներում չեմպիոնի կոչմանը հավակնո՞ւմ ենք:

– Իհարկե, միշտ մասնակցում ենք: Վերջերս Քիշնեւում անցկացված Եվրոպայի
առաջնությանը ես երրորդ տեղը զբաղեցրի: Իսկ 2006 թվականին անպայման
կմասնակցեմ աշխարհի առաջնությանը: Արդեն սկսել եմ պատրաստվել, փորձում եմ
խնայել ուժերս եւ աշխատում եմ ավելի թեթեւ մրցումների չմասնակցել:
Ուժեղների մրցումներին մասնակցելիս դու ինքդ ես ուժեղանում եւ, բացի այդ,
հնարավորություն ես ունենում բարձրացնել անձնական վարկանիշդ:

– Աշխարհում ո՞վ է համարվում ամենաուժեղ շախմատիստուհին:

– Աշխարհի ներկա չեմպիոնուհին բուլղարուհի Անտուանետա Ստեֆանովան է:
Սակայն դժվար է վստահ ասել, որ նա լավագույնն է: Ամեն ինչ շատ արագ է
փոխվում: Շատ ուժեղ են ռուս, չինացի շախմատիստուհիները: Կարեւոր
մրցումներին մասնակցում է կանանց մի խումբ, եւ բոլորն էլ միմյանց շատ լավ
ճանաչում են, իրար համար անակնկալ չեն: Չինուհիները, օրինակ, բոլորովին
այլ խաղաոճ ունեն, ավելի համառ, զուսպ եւ լուրջ են: Սխալ կլինի կարծել, որ
նրանք մեզանից տաղանդավոր են, սակայն աշխատասեր են: Տեսեք, նրանք սկսում
են յուրաքանչյուր սպորտաձեւում գրոհել, նույնիսկ բասկետբոլ են խաղում:
Բայց միեւնույն է, նրանք էլ են շատ էմոցիոնալ: Կին են, վերջիվերջո,
(ծիծաղում է.-Ն.Հ.): Շախմատը շատ է երիտասարդացել: Ես 27 տարեկան եմ եւ
ինձ արդեն ծեր եմ զգում (ծիծաղում է.-Ն.Հ.):

– Շախմատն ամենօրյա մարզումներ կամ Գարրի Կասպարովի բառերով ասած՝
«ուղեղի ակտիվ գործունեություն» է պահանջում: Արդյոք ամեն օ՞ր եք շախմատով
զբաղվում: Ունե՞ք անհատական մարզիչ:

– Ոչ, իհարկե, ամեն օր զբաղվել շախմատով չի ստացվում: Բայց, եթե կորցնում
ես մարզավիճակը, հետո խաղին վերադառնալը բարդանում է: Իսկ առանց անհատական
մարզչի ուղղակի անհնար է: Հիմա ինձ օգնում է բելառուս գրոսմայստեր Անդրեյ
Կովալովը: Նա միշտ իմ կողքին չէ, հանդիպում ենք մրցաշարերին կամ էլ ես եմ
գնում նրա մոտ: Լավ մարզիչից շատ բան է կախված: Նա պետք է իմանա քո թույլ
կողմերը, լավ հոգեբան լինի:

– Ես գիտեմ, որ եւ Լիլիթ Մկրտչյանի, եւ ձեր ծնողների համար ֆինանսապես դժվար էր ձեզ պարապմունքների ուղարկել:

– Այո, նրանք շատ բաներից են զրկել իրենց՝ մեր պարապմունքներն ապահովելու
համար: Բայց դա ես նորմալ եմ համարում, յուրաքանչյուր ծնող ցանկանում է
տեսնել իր երեխայի հաջողությունները: Հիմա մենք ենք օգնում նրանց:
Աշխատավարձ ենք ստանում, գումարային մրցանակներ շահում:

– Հնարավո՞ր է շախմատով փող աշխատել:

– Հնարավոր է, բայց շատ բարդ է: Եվրոպան չի հետաքրքրվում շախմատով:
Շախմատում ընդհանրապես մեծ փողեր չկան: Գումարային ֆոնդ ունի աշխարհի
առաջնությունը: Օլիմպիական սիստեմ է, որքան ուշ դուրս եկար մրցապայքարից,
այնքան մեծ գումար կստանաս: Ես պարտվեցի երկրորդ փուլում, եւ վաստակեցի
մոտ հինգ հազար դոլար: Իրականում շատ դժվար է փող աշխատել, անընդհատ պետք
է լավ մարզավիճակում լինես: Մտավոր լարված աշխատանքը ֆիզիկական աշխատանքից
վտանգավոր է: Կոտրվածքներն ու վնասվածքները բուժել կարելի է, իսկ ի՞նչ
անել մաշված ուղեղի հետ: Նյարդերը չեն վերականգնվում: Ես վերջերս կարդացի,
որ շախմատը կյանքի համար ամենավտանգավոր սպորտաձեւն է, որովհետեւ
յուրաքանչյուր սպորտաձեւ վաղ թե ուշ ավարտվում է, իսկ շախմատը՝ ոչ: Միակ
ուրախությունն այն է, որ միայն քո ուժերով ես վաստակում, ոչ ոք քեզ կոպիտ
ասած՝ «չի քցի»: Ով լավ խաղա, նա էլ կհաղթի:

– Շախմատը եւ արվեստ, եւ գիտություն, եւ սպորտ է, որում սակայն
պարտադիրը ոչ այնքան տաղանդն է, որքան «սպորտային չարությունը»: Համաձա՞յն
եք:

– Դա տարիների ընթացքում է ձեւավորվում, հանդիպումների ժամանակ սովորում
ես անզիջում լինել: Երիտասարդ ժամանակ ես շատ բարյացակամ էի, ոչ
կոնֆլիկտային, կարող էի ընկերուհիների հետ խաղը ոչ ոքի ավարտել: Հիմա ես
նման բան չեմ անի: Այդ «չարությունը» փորձի հետ ես ձեռք բերում:

– Հաջողության հասնելու համար պարզապես լավ խաղալը հերի՞ք է, թե՞ անպայման է սեփական, ուրիշներից տարբեր խաղաոճ ունենալ:

– Պետք է անսպասելի լինես մրցակցի համար: Ես ագրեսիվ շախմատի կողմնակիցը
չեմ եղել, բայց վերջին մրցումների ժամանակ սկսել եմ ինքս ինձ չճանաչել:
Հոգնել եմ հանդարտ, հանգիստ շախմատից, եւ եթե հավասար, անորոշ իրավիճակում
ինձ ոչ ոքի են առաջարկում, ես, որպես կանոն, հրաժարվում եմ: Ուզում եմ
յուրաքանչյուր հնարավորություն օգտագործել հաղթելու համար, լինել հանդուգն
եւ անկանխատեսելի, նոր բան հնարել: Ուզում եմ չնմանվել ուրիշներին, թեկուզ
սխալվեմ, բայց դրանք իմ սխալները կլինեն:

– Իսկ չի՞ լինում այնպես, որ երբ ցանկանում ես ամեն գնով հաղթել մրցակցին, արդյունքում պարտվում ես:

– Այդպես շատ հաճախ է լինում: Ուզում ես հաղթել, սկսում ես զիջել դիրքերդ,
ֆիգուրներ կորցնել, սակայն չես նկատում դա, դեռ տաք ես, մտածում ես՝
ուզում եմ հաղթել եւ վերջ: Եվ պարտվում ես, ինչպես կյանքում: Միշտ պետք է
հսկես ինքդ քեզ: Ես փորձում եմ ավելի ռացիոնալ մոտենալ շախմատին, կարծում
եմ, հաջողվում է: Լինում են պարտիաներ, որոնք հիմնված են էմոցիաների վրա,
դա լինում է երբ անհարմար, նյարդային հակառակորդի հետ եմ խաղում: Դա շատ է
խանգարում: Ցավոք, հաճախ հաջող խաղը կախված է քո տրամադրությունից:

– Տղամարդկանց հետ մրցումների մասնակցո՞ւմ եք:

– Ես շատ եմ սիրում տղամարդկանց հետ խաղալ: Եթե հաղթում եմ տղամարդուն,
շատ ավելի մեծ հաճույք եմ զգում, իսկ երբ պարտվում եմ, մտածում եմ՝ դե,
ոչինչ, տղամարդ էր, նրան կարելի էր պարտվել: