Բուժիչ նամակներ

16/03/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Եղեսպակը (շալֆեյ)՝ հազար հիվանդության դեմ

Այս դեղաբույսի անվանումը հին հունական ծագում ունի եւ նշանակում է արեւ, առողջություն եւ բարեկեցություն: Հիպոկրատն այն անվանում էր «սուրբ դեղաբույս»: Սովորաբար եղեսպակն օգտագործում են որպես բերանի ողողման միջոց` անգինայի սուր ընթացքի դեպքում, քրոնիկական տոնզիլիտի, ստոմատիտի ու բերանի խոռոչի էլի շատ հիվանդությունների դեպքում: Օրինակ` հերպեսիկ ստոմատիտի ժամանակ շատ լավ օգնում է հետեւյալ բաղադրատոմսը. 1 ճաշի գդալ եղեսպակի խոտը լցնել 1 բաժակ եռջրի մեջ ու թրմել 1 ժամ: Հետո քամել ու ստացված թուրմով կատարել ողողումներ: Կամ կարելի է նաեւ եղեսպակ օգտագործել ատամի ցավը հանգստացնելու համար: 1 գդալ եղեսպակը 10 րոպե եռացնել 1 բաժակ ջրով ու սառելուց հետո ողողել բերանը` մի քանի անգամից հետո ցավը կանցնի: Բացի այս, եղեսպակ կարելի է օգտագործել նաեւ ստամոքսի հիվանդությունների, խոլեցիստիտի, հեպատիտի, շաքարային դիաբետի թույլ ձեւերի դեպքում:

Եղեսպակով լոգանքները շատ օգտակար են պսորիազի, էկզեմաների ու այլ մաշկային հիվանդությունների դեպքում:

Եղեսպակը նաեւ շատ օգտակար միջոց է կորյակների դեպքում: Դրա համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ եղեսպակը թրմել 30 րոպե, քամել, վրան լցնել 0,5 թեյի գդալ մեղր, լավ խառնել ու այս խառնուրդով տաք թրջոցներ դնել դեմքին` օրվա մեջ 2-3 անգամ:

Եղեսպակի օգնությամբ կարելի է բարձրացնել դիմադրողականությունը: Վերցնել հավասար քանակությամբ երիցուկ, մասուր եւ եղեսպակ: 3 ճաշի գդալ այս խառնուրդի վրա լցնել երեք բաժակ եռջուր ու ողջ գիշեր թողնել թերմոսում: Առավոտյան քամել ու խմել օրը 3 անգամ` 100-ական գրամ` ուտելուց 30 րոպե առաջ:

Ընդհանրապես բուսաբույժները գտնում են, որ եղեսպակը լավացնում է հիշողությունը եւ մաքրում արյունատար անոթները: Պարզվել է, որ այն ունի կատալիզատորի դեր եւ նման է մարդկային հորմոններին, օրինակ, էստրոգեններին` կանանց սեռական հորմոնին: Ահա թե ինչու կանանց հատկապես 35-ից հետո խորհուրդ է տրվում անցկացնել երիտասարդացման կուրս` խմելով տարվա մեջ երեք անգամ, առավոտյան, 1 ամիս շարունակ՝ 1 բաժակ եղեսպակի թուրմ` 1 թեյի գդալ եղեսպակին 1 բաժակ եռջուր: Այս դեպքերում համի համար կարելի է ավելացնել կիտրոն կամ մեղր: Իսկ Հին Եգիպտոսում պատերազմներից հետո քրմերն այս խոտաբույսը ձրի բաժանում էին կանանց, որպեսզի անպայման խմեն թուրմը` սերունդը բազմացնելու համար: Դրանում զարմանալի բան չկա, որովհետեւ եղեսպակն ազդում է բեղմնավորման վրա` ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց օգտագործելու դեպքում:

Եղեսպակը Հին Հունաստանում համարվում էր նաեւ «երկարակեցության բույս», եւ դրա թուրմը տալիս էին խմելու տարեցներին: 100գ եղեսպակի ծաղիկները, 800 մլ օղին եւ 400գ ջուրը խառնել ու թողնել 40 օր արեւի տակ փակ ապակե անոթի մեջ: 40 օր հետո ընդունել առավոտյան քաղցած վիճակում` լուծելով կես ճաշի գդալ հումքը նույնքան ջրի մեջ: Այս հումքը ժամկետի մեջ է 1 տարի: Այն տոնուսը բարձրացնող հատկություն ունի, բացի այդ, պարունակում է բնական հակաօքսիդանտներ: Հիշողությունը լավացնելու համար կարելի է եղեսպակի տերեւներից պատրաստել փոշի եւ ընդունել օրական երեք անգամ, մի պտղունց, վրայից խմելով ջուր:

Եղեսպակը նաեւ շատ օգտակար է նեւրոզների դեպքում:

Պետք է նշել, որ այսքան դրական ազդեցությունների հետ մեկտեղ՝ դեղատնային եղեսպակն ունի նաեւ լուրջ հակացուցումներ, օրինակ` վահանագեղձի հիվանդություն ունենալու դեպքում պարզապես պետք է հեռու մնալ այս դեղաբույսից: Այն հակացուցված է նաեւ երիկամային հիվանդություն ունեցողներին` նեֆրիտ, պիելոնեֆրիտ, գլոմերոնեֆրիտ եւ այլն: Չի կարելի եղեսպակ ընդունել ուժեղ հազի դեպքում. այն միայն կուժեղացնի հազը: Եղեսպակը լավ չի ազդում նաեւ հիպոտոնիկների վրա: Օգտագործելու դեպքում էլ չարժե ընդունել 3 ամսից ավելի, անպայման պետք է ընդմիջում տալ: Եղեսպակը հակացուցված է հղիներին ու կերակրող մայրերին: