ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը 2009 թվականի հունվար-դեկտեմբերին» զեկույցը։
Իհարկե, հունվար-դեկտեմբերի մակրոտնտեսական ցուցանիշները 20 օր առաջ արդեն հրապարակվել էին, սակայն ԱՎԾ-ն այս անգամ տեքստային տեղեկանքի նման մի բան է լույս ընծայել։ Այսինքն՝ չոր թվային աղյուսակների փոխարեն վիճակագիրները տեքստային տարբերակով, ոլորտ առ ոլորտ ներկայացրել են նախորդ տարվա սոցիալ-տնտեսական պատկերը։
Նոր բան, իհարկե, այնտեղ չկա։ Սակայն այն առիթ է, որպեսզի եւս մեկ անգամ «հիանանք» երկնիշ աճի ոսկյա տասնամյակ ապրած մեր տնտեսության խղճուկ վիճակով։ Կարելի է կարծել, որ ԱՎԾ-ն իր կամքից անկախ եւս մեկ անգամ հիշեցնում է, որ կառավարությունը՝ իր հակաճգնաժամային ծրագրով հանդերձ, ըստ էության, ձախողվել է։
«Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշը 2009թ.-ին 2008թ.-ի նկատմամբ կազմել է 85.6%: 2009թ.-ին ՀՆԱ-ն կազմել է 3165.5 մլրդ դրամ (8.7 մլրդ ԱՄՆ դոլար)` 2008թ. 3646.1 մլրդ դրամի (11.9 մլրդ ԱՄՆ դոլարի) դիմաց»,- նշված է զեկույցում: Իհարկե (միտումնավոր, թե առանց հետին մտքի՝ չենք կարող ասել) մեր վիճակագիրները դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի ծավալները նշել են, սակայն տոկոսային անկման չափը՝ ոչ։ Որովհետեւ այն մեծ, շատ մեծ թիվ է կազմում՝ 36.7%։ ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով 2009թ.-ին կազմել է 975.7 հազ. դրամ (2686 ԱՄՆ դոլար կամ 1923 եվրո)` 2008թ.-ի 1127.4 հազ. դրամի (3685 ԱՄՆ դոլարի կամ 2504 եվրոյի) դիմաց:
Առանձին-առանձին վերցրած՝ կան ոլորտներ, որտեղ դրական դինամիկա է արձանագրվել։ Օրինակ՝ ծնելիությունն աճել է 8%-ով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նույնպես այդ մասին հպարտությամբ նշել է՝ այն ներկայացնելով որպես խոշոր ձեռքբերում։ Չէ, իհարկե լավ է, որ ծնելիությունն աճում է։ Ամենեւին էլ չենք կիսում հայտնի տնտեսագետ Թոմաս Մալթուսի տեսակետը, ով համարում էր, որ ծնելիությունը եւ տնտեսական աճը անհամատեղելի բաներ են, եւ խորհուրդ էր տալիս զերծ մնալ շատ երեխաներ ունենալու գաղափարից։ Բայց չենք կիսում նաեւ իշխանությունների այն պնդումը, որ ծնելիության աճը պայմանավորված է իրենց վարած քաղաքականությամբ, այսինքն՝ նախորդ տարվա ընթացքում երեխաներին տրվող նպաստների կամ ծննաբերության ժամանակ վճարվող միանվագ գումարների աճով։ Այս հիմնավորումը ծիծաղելի է, որովհետեւ նախորդ տարի ծնված երեխաների «հիմքը գցվել» է մինչ այդ «դարակազմիկ» միջոցառումները՝ 2008 թվականին (այն ժամանակ, երբ իշխանությունները հերքում էին, որ ճգնաժամը Հայաստանի վրա ազդելու է)։ Ուրիշ բան, եթե այս տարվա ընթացքում ծնելիության նույնպիսի աճ լինի, ապա նոր միայն հնարավոր կլինի ասել, որ նախորդ տարվա ընթացքում՝ ճգնաժամի, եկամուտների նվազման ու գործազրկության աճի պայմաններում, ՀՀ քաղաքացիները, կառավարության քայլերից գոտեպնդված, արագիլին նամակ են գրել։
ԱՎԾ զեկույցի հետաքրքիր կետերից մեկն էլ առեւտրաշրջանառությանը վերաբերող տվյալներն են։ Այսպես՝ 2009թ. ընթացքում առեւտրի շրջանառությունը նվազել է 4.0%-ով, սակայն այդ թվում` մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 1.0%-ով։ Սա, իհարկե, «ստվերի դեմ պայքար» օպերացիայի արդյունքն է՝ բոնուսների եւ շահող կտրոնների միջոցով։ Կարծում ենք՝ ընթերցողին հետաքրքիր կլինի նաեւ իմանալ, որ մեծածախ առեւտրի շրջանառությունը նվազել է 7.9%-ով, իսկ ավտոմեքենաների առեւտրինը՝ ավելի քան 38%-ով։
Վիճակագրական ծառայության զեկույցում տեղ են գտել նաեւ ֆինանսական հատվածի ցուցանիշները, որով եւս մեր իշխանությունները սիրում են պարծենալ։
«ՀՀ առեւտրային բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերը 2009թ.-ի տարեվերջին կազմել են 785.516 մլն դրամ` 2008թ.-ի նույն ժամանակաշրջանի 692.919 մլն դրամի դիմաց (աճը կազմել է 13.4%)»,- նշված է զեկույցում: Մենք արդեն մի առիթով անդրադարձել ենք վարկային պորտֆելի աճի ցուցանիշին, եւ նշել, որ դրամով տրամադրված վարկերի ծավալը նվազել է, իսկ արտարժույթով տրվածներինը՝ ավելացել է ուղիղ այնքանով, որքանով արժեզրկվեց դրամը 2008թ. ապրիլին։ Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ վարկերի ծավալի աճի ցուցանիշը պայմանավորված է փոխարժեքով եւ տեխնիկական բնույթ է կրում։ Ցավոք, վերը նշված հրապարակումից հետո ԿԲ-ից այս առնչությամբ որեւէ արձագանք չստացանք։
Վիճակագիրներն արձանագրել են նաեւ զբոսաշրջության աճ։ «ՀՀ այցելած միջազգային զբոսաշրջիկների թվաքանակն ըստ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների, 2009թ.-ին կազմել է 575.3 հազար` 2008թ.-ի 558.4 հազարի դիմաց (աճել է 3.0%-ով)»,- նշված է զեկույցում։ Անկեղծ ասած, չգիտենք, թե ինչ փորձագիտական գնահատումների մասին է խոսքը, սակայն բազմիցս նշվել է, որ մեր վիճակագիրները զբոսաշրջիկ համարում են Հայաստան այցելած բոլոր մարդկանց, այդ թվում, օրինակ, ռուսաստանաբնակ հային, որը մի քանի օրով եկել է Հայաստան՝ բարեկամի հուղարկավորության արարողությանը մասնակցելու համար։
Ամենաիրական ցուցանիշը, թերեւս, հանցագործությունների քանակն է։ 2009թ. ընթացքում Հայաստանում գրանցվել է 14.339 հանցագործություն, որն ավելի քան 1.5 անգամ գերազանցում է 2008թ. ցուցանիշը։ Ընդ որում, սա այն եզակի դեպքերից է, երբ ցուցանիշը հաստատ չի ուռճացվում։
Ի դեպ, զեկույցում ներկայացված է նաեւ համեմատական աղյուսակ՝ ԱՊՀ երկրների ՀՆԱ ցուցանիշների վերաբերյալ։
Այս աղյուսակն առավել պարզորոշ է ցույց տալիս «կովկասյան վագր» կոչմանն արժանացած մեր տնտեսության իրական վիճակը։ Աղյուսակում ներկայացված 11 երկրներից 7-ը ճգնաժամային տարում տնտեսական աճ են արձանագրել։ Իսկ մենք՝ անկում, այն էլ՝ ամենամեծ անկումը։
Առավել ուշադիր ընթերցողներն, իհարկե, կուղղեն, նկատելով, որ Ուկրաինայում տնտեսական անկումը 0.6 տոկոսով գերազանցում է մեր ցուցանիշը։ Բայց ուկրաինացիները գոնե մխիթարվելու բան ունեն. արդար ընտրություններ են անցկացրել։