Գնաճին դիմանալու համար պետք է քիչ ուտել

13/03/2010 Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ

Այսպիսի մոտեցում ունեն ՀՀ պետական պաշտոնյաները, այդ պատճառով էլ, 2 տարի է` Հայաստանում կենսաթոշակներն ու նպաստները ոչ մի դրամով չեն բարձրացվում, իսկ պարենային ու ոչ պարենային ապրանքների շուկայի կտրուկ գնաճը չի դադարում:

Ակնհայտ է, որ գազի եւ ջրի սպասվող թանկացումները երկրում մեծ սոցիալական լարվածություն կստեղծեն, այնքան ակնհայտ, որ այդ մասին անգամ բարձրաձայնում են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները: Վիճակն այնպիսին է, որ այլեւս հնարավոր չէ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ոչինչ չասող թվերի միջոցով «թոզ փչել» մարդկանց աչքերին, իբր տեսեք, ամեն ինչ հրաշալի է, ճգնաժամը նահանջել է, մենք էլ տնտեսական աճ ենք արձանագրել: Նման արտահայտությունները ոչ միայն հավատ չեն ներշնչում, այլ հունից հանում ու նյարդայնացնում են թոշակով, նպաստով կամ չոր աշխատավարձով ապրող մարդկանց: Մեր կառավարությունն էլ, հավատարիմ իր գործելաոճին, որոշել է մի երկու հուսադրող բառ ասել ու ձեռքերը ծալած նստել` մինչեւ Աստված մի դուռ կբացի: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է սոցիալապես առավել անապահով խավերին աջակցելու վերաբերյալ պետության ռազմավարությանը: Վերջին 1 ամսվա ընթացքում առնվազն 10 անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ անապահով խավերին հնարավոր թանկացումից պաշտպանելու համար երկրի նախագահը կառավարությանը հանձնարարական է տվել: «Այն, որ Հայաստանում կան սոցիալական խնդիրներ` ակնհայտ է: Եվ մենք ունենք հստակ ծրագիր, որն ուղղված է այդ սոցիալական խնդիրների լուծմանը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետը: Թե ինչ հստակ ծրագրի մասին է խոսքը, Տիգրան Սարգսյանը չասաց: Գուցե այն պատճառով, որ առանձնապես ասելու բան էլ չկա: Օրինակ, ինչպե՞ս ասի, որ, ասենք, մի քանի հազար դրամով բարձրացնելու են նպաստներն ու թոշակները, կամ, որ թոշակառուների ու ծայրահեղ աղքատների օգտագործած մի քանի խմ գազն ու ջուրը սուբսիդավորելու է կառավարությունը: Այսքանը վստահաբար հայտարարելու համար, նախ պետք է համոզված լինել, որ էլի միջազգային մի կառույց կխղճա մեզ ու բարձր տոկոսադրույքով վարկ կտա: Ավելի ազնիվ գտնվեց ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, որը ժողովրդին անուղղակի խորհուրդ տվեց քիչ ուտել. «Ոչինչ, 30 հազարի դրամ եկամուտ ունեցող խավը թող տեղավորվի 28 հազարի մեջ»:

Հանրապետությունում թոշակների ու նպաստների չնչին բարձրացում վերջին անգամ տեղի է ունեցել 2 տարի առաջ: Իսկ դրանից հետո հսկայական գնաճ է արձանագրվել: Որոշ ապրանքատեսակներ թանկացել են ոչ թե կրկնակի, այլ եռակի ու անգամ քառակի: Անցյալ ամիս գրանցված աննախադեպ` 9,4 տոկոս գնաճը, ՀՀ Կենտրոնական բանկի մեկնաբանությամբ` եզակի երեւույթ էր: ԿԲ մասնագետները կանխատեսում են, որ մոտակա ամիսներին գնային ճնշումները կնվազեն, եւ գնանկում կգրանցվի, սակայն չեն նշում, թե հատկապես ո՞ր գործոնների ազդեցության տակ է դա տեղի ունենալու: Միակ բացատրությունն այն է, որ գյուղատնտեսական շրջանի բացմանը զուգընթաց` կնվազեն պտուղ-բանջարեղենի եւ մրգերի գները, դա էլ իր հերթին՝ կհանգեցնի ընդհանուր գների նվազմանը: Սակայն, ԿԲ-ն չի խոսում այն մասին, որ պարենային զամբյուղում հիմնական ապրանքատեսակների գները վերջին մեկ տարում ինչպես շարունակաբար աճել են, այնպես էլ աճման միտում են ցուցաբերում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ, ըստ կանխատեսումների, դրամը շարունակելու է արժեզրկվել, եւ մոտակա ամիսներին չի բացառվում, որ այն հատի մեկ դոլարի դիմաց 450-ի սահմանագիծը, ապա համընդհանուր թանկացումը կարող է հանգեցնել էլ ավելի բարձր` անգամ երկնիշ գնաճի: Դիտարկելով հիմնական պարենային ապրանքատեսակների գնաճը` 1 տարվա կտրվածքով, պարզ է դառնում, որ կառավարության կողմից գնաճը զսպելու քաղաքականությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ: Այսպես, մեկ տարի առաջ, մինչ դրամի կտրուկ արժեզրկումը, պարենային ապրանքների գները շատ թե քիչ տանելի էին: Օրինակ, մեկ կիլոգրամ զելանդական կարագի գինը տատանվում էր 1350-1400 դրամի սահմաններում, իսկ այժմ այն վաճառվում է 2100 դրամով` թանկանալով առնվազն 50 տոկոսով: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում 1 լիտրանոց տարայով ձեթը վաճառվում էր 450-500 դրամով, այսօր արդեն այն արժե 600-650 դրամ:

Լայն սպառման պարենային ապրանքներից մեկը` միսը, որը թեեւ ընդհանուր թանկացումների ֆոնին քիչ թե շատ կայուն էր մնացել, տարեսկզբից սրընթաց թռիչք արձանագրեց` թանկանալով ավելի քան 25 տոկոսով:

Ոչխարի մսի պարագայում գնաճը բացատրվեց արաբական երկրներ արտահանման ծավալների կտրուկ ավելացմամբ: Եթե նկատի ունենանք, որ այդ երկրներում ոչխարի եւ գառան մսի մեծ պահանջարկ կա, եւ գինն էլ բավականին գայթակղիչ է, ապա հասկանալի է, որ մեր ճարպիկ բիզնեսմենները լավ փող աշխատելու առիթը ձեռքներից հաստատ բաց չէին թողնի: Նշենք, որ, օրինակ, Սիրիայում ոչխարի մսի 1 կիլոգրամը վաճառվում է մոտ 15 դոլարով, նույն գինն է նաեւ Իրանում, իսկ Դուբայում՝ էլ ավելի բարձր` 20 դոլար: Ինչ վերաբերում է տավարի մսին, այստեղ խնդիրն այլ է: Տավարի մսի օգտագործումը մուսուլմանական երկրներում բավական ցածր տոկոս է կազմում, եւ արտահանումը չէր կարող նման կտրուկ գնաճի պատճառ դառնալ, այն, թերեւս, ներքին դրդապատճառ ունի: Հայաստան ներմուծվող հնդկական սառեցված տավարի եւ գոմեշի մսի պահանջարկը գնալով նվազում էր` ցածր որակի եւ բարձր գնի պատճառով, եւ պետք էր այնպես անել, որ արդեն գնային առումով գրեթե հավասարված ներմուծվող եւ տեղական մսի միջեւ տարբերությունը մեծանա, որպեսզի հնդկական մսի ներկրողը չտուժի` ինչն էլ արվեց գյուղացիներից մեծ քանակությամբ տավարի մսի ձեռքբերման եւ արհեստական պահանջարկի ավելացման օգնությամբ: Իսկ Հայաստանում, պարզ է, եթե ինչ-որ բան թանկանում է, ապա, անկախ ամեն ինչից՝ այն այլեւս չի էժանանում: Ի դեպ, նշենք, որ շատ պետություններ արգելել են իրենց երկիր Հնդկաստանից մսի ներկրումը, քանի որ պարզվել է, որ բազմաթիվ դեպքերում վաճառվել է սատկած անասունի միս, իսկ Հայաստանում ճիշտ հակառակ քաղաքականություն է տարվում` գնաճ են ապահովում` ներկրողի գործերին չխփելու համար:

Թանկացումների ընդհանուր շարանում, թերեւս, բացառություն պետք է համարել միայն շաքարավազը, որի գինը համաշխարհային շուկայում իսկապես բարձրացել է եւ տատանվում է մեկ տոննայի դիմաց 760-780 դոլարի սահմաններում: Այսօր համաշխարհային շուկայում 1 կիլոգրամը մոտ 305 դրամ արժեցող շաքարավազը տեղական շուկայում վաճառվում է 330 դրամով: Եթե հավատալու լինենք Վիճվարչության թվերին, ապա վերջին 5 տարիներին մեր քաղաքացիների եկամուտները կայուն կերպով աճում են: Եթե 2005-ին միջին աշխատավարձը Հայաստանում կազմել է 52 հազար 60 դրամ, ապա 2008-ին այն հասել է 87 հազար 406 դրամի: Բացի այդ, աղբյուրի համաձայն, չնայած տնտեսական անբարենպաստ իրադրությանը, աշխատատեղերի եւ աշխատավարձերի կրճատմանը, բնակչության եկամուտներն աճել են մոտ 10 տոկոսով: Իսկ թոշակները, ինչպես կան, այնպես էլ մնացել են նույն մակարդակի վրա, եւ հավանաբար դրանց հաջորդ բարձրացմանը կարելի է սպասել 2012 թվականից ոչ շուտ, քանզի Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել դրանց անդրադառնալ միայն ընտրություններից ընտրություն:

Նշենք նաեւ, որը ըստ Համաշխարհային բանկի կողմից նախորդ տարի հրապարակված զեկույցի` Հայաստանում աղքատ է բնակչության 28,4 տոկոսը, իսկ ծայրահեղ աղքատ` 6,9 տոկոսը: