Ընդունեց բանաձեւը

13/03/2010

Շվեդիայի խորհրդարանը հինգշաբթի օրը ընդամենը 1 ձայնի առավելությամբ քվեարկել է 1915թ. Օսմանյան Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի օգտին: Շուրջ 6 ժամ շարունակված քննարկումների արդյունքում բանաձեւին կողմ են քվեարկել 131 պատգամավոր, դեմ`130-ը: Ըստ «Ազատության»` քվեարկության ելքը պարզ չէր մինչեւ վերջին րոպեն, առավել եւս, որ խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դեմ էր արտահայտվել բանաձեւին: Այս որոշմամբ, Շվեդիայի խորհրդարանը` Ռիկսդագը, 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները ճանաչում է որպես ցեղասպանություն: Խորհրդարանի կայքէջում տեղադրված հաղորդագրության համաձայն, բանաձեւում հիշատակված են ոչ միայն հայերի, այլեւ Օսմանյան կայսրությունում բնակվող ազգային մյուս փոքրամասնությունների` ասորիների եւ Պոնտոսի հույների զանգվածային սպանությունները: «Համոզված ենք, որ Շվեդիան պետք է գործունեություն ծավալի Եվրամիության եւ ՄԱԿ-ի շրջանակներում` 1915թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ: 1915թ. ցեղասպանության ճանաչումը ոչ միայն յուրատեսակ փոխհատուցում կհանդիսանա ազգային այն խմբերի ու փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, որոնք շարունակում են բնակվել Թուրքիայում, այլեւ կնպաստի այդ երկրի հետագա զարգացմանը: Թուրքիան չի կարող ժողովրդավարական պետություն համարվել, քանի դեռ այնտեղ ժխտվում է անցյալի իրական պատկերը»,- ասված է Ռիկսդագի որոշման մեջ: Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը մտահոգություն է հայտնել երկրի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ։ «Ես շատ մտահոգված եմ: Ես զգուշացրել էի հետեւանքների մասին»,- ասել է Բիլդտը` տեղեկացնելով, որ Թուրքիայից հաղորդագրություն է ստացել, որտեղ ասված է, որ թուրքական ընդդիմությունը հիմա ցանկանում է կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Ես կարծում եմ, որ պատմության քաղաքականացումը ռիսկեր է ստեղծում, որոնք ավելի կդժվարացնեն հարաբերությունների կարգավորումը»,- ասել է նա: CNN Turk հեռուստաընկերության փոխանցմամբ, քվեարկությունից հետո Անկարան հետ է կանչել Ստոկհոլմում իր դեսպանին, իսկ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը չեղյալ է հայտարարել մարտի 17-ին նախատեսված իր այցը Շվեդիա: Խորհրդարանի որոշման հրապարակումից հետո Թուրքիայի դեսպանը` Զերգյուն Քուրութուրքը, ասել է, թե ինքը շատ հիասթափված է. «Դժբախտաբար, խորհրդարանականների գործողություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ավելի շուտ պատմաբաններ են, քան խորհրդարանականներ, եւ դա շատ, շատ ցավալի է ու որոշակի ազդեցություն կունենա մեր երկկողմ հարաբերությունների վրա, եւ ես չեմ կարծում, թե դա կուղղվի կարճ ժամանակում»: Շվեդիայի խորհրդարանի պահպանողական պատգամավոր Գուստավ Բլիխը խորհրդարանում տեղի ունեցած քննարկումների ժամանակ ասել է, որ սա այն հարցը չէ, որի վերաբերյալ որոշումը պետք է պառլամենտն ընդունի. «Սա պատմաբաններին վերաբերող հարց է, եւ ոչ թե քաղաքական գործիչներին»: Պատգամավոր Lինդն էլ հակադարձել է` ասելով. «Եթե ցեղասպանության զոհերը չճանաչվեն, ու նրանց տառապանքները չհաստատվեն, այս ցավը կարող է շարունակվել սերունդներ»: