Իտալիայի կառավարությունն ու «Google» ինտերնետային ընկերությունը երկարաժամկետ պայմանագիր են կնքել, որի արդյունքը կդառնա Վերածննդի դարաշրջանի ողջ գրական ժառանգության տեղադրումը համացանցում։ Իտալական պետական թանգարանների արխիվները (որոնք կազմում են 1 մլն ստեղծագործություն) այսուհետ թվայնացվելու են ու հասու են լինելու «Google»-ի «այցելուների» համար։ Էլեկտրոնային տարբերակ ձեռք կբերեն Դանթեի, Նիկոլո Մաքիավելիի, Գալիլեո Գալիլեի ձեռագրերը։ Իտալիայի կառավարությունը վստահ է, որ այդ կերպ հնարավոր կլինի ապահովագրել մշակութային արժեքները բնական արհավիրքների վտանգից (հիշատակվում է, որ 1966 թվականի ջրհեղեղը լրջորեն վնասել էր Ֆլորենցիան)։ Նաեւ հնարավորություն կտա՝ մեծ թվով մարդկանց ներկայացնել Ռենեսանսի գանձերը։