Համացանցը կվերածվի՞ քաղաքական վերահսկողության գործիքի

13/03/2010

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) Կիբեր-գրաքննության դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ սուր գրաքննության են ենթարկվում եւ իշխանությունների կողմից վերահսկվում համացանցային կայքերը: RSF-ի «Համացանցի թշնամիները» վերտառությամբ զեկույցում քաղաքացիների` համացանցից օգտվելու հնարավորությունները սահմանափակող «ամենաահավոր խախտումներ կատարող» երկրների ցանկում տեղ են զբաղեցրել Սաուդյան Արաբիան, Բիրման, Չինաստանը, Հյուսիսային Կորեան, Կուբան, Եգիպտոսը, Իրանը, Ուզբեկստանը, Սիրիան, Թունիսը, Թուրքմենստանը եւ Վիետնամը: Զեկույցի «համացանցը վերահսկող» երկրների ցանկում են ընդգրկվել Թուրքիան եւ Ռուսաստանը: Նշվում է, որ մինչեւ օրս Թուրքիայում տաբու են համարվում «Աթաթուրքի, բանակի, Հայկական եւ Քրդական հարցերի քննարկումները», ինչի պատճառով հազարավոր կայքէջեր են արգելափակվում: Որպես դրա վառ օրինակ` RSF-ը նշում է YouTube-ի արգելափակումը: Զեկույցում նաեւ ասվում է, որ քանի որ Ռուսաստանում ԶԼՄ-ների մեծ մասը վերահսկվում է Կրեմլի կողմից, համացանցն ավելի ազատ տեղեկատվության աղբյուրի է վերածվել: Սակայն այդ անկախությունը մի շարք բլոգերների ձերբակալությունների եւ հետապնդումների պատճառով հայտնվել է սպառնալիքի տակ: Ըստ RSF-ի` վարչակարգի քարոզչությունը սկսում է ավելի մեծ տեղ զբաղեցնել համացանցում, եւ վտանգ կա, որ համացանցը կվերածվի քաղաքական վերահսկողության գործիքի: