Անցած ժամանակով

11/03/2010

«Իրականում 80-ականներին Ղարաբաղը տխուր վիճակում էր. իշխանություններն ուշադրություն չէին դարձնում Ղարաբաղին: Նույնիսկ հնարավոր չէր Ղարաբաղից կապվել, օրինակ, Երեւանի հետ: Ղարաբաղը չէին ֆինանսավորում»,- «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է ԽՍՀՄ առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նրա ղեկավարած հիմնադրամը զեկույց է հրապարակել «Պերեստրոյկայի» 25-ամյակի մասին, որտեղ խոսվում է ԽՍՀՄ-ի փլուզման պատճառների մասին, որոնց շարքում հիշատակվում է ղարաբաղյան շարժումը: Հարցին, թե արդյո՞ք ԽՍՀՄ-ի ղեկավարությունը այն ժամանակ գիտակցում էր, թե ի՞նչ է իրականում տեղի ունենում, Գորբաչովը պատասխանել է. «Ինձ թվում է՝ պետք էր աջակցել ԼՂ-ին, կարգավիճակ տալ: Պետք էր աջակցել հատկապես տնտեսական առումով, պետք էր այնպես անել, որ մարդիկ կարողանային հանգիստ կապ ունենալ Երեւանի հետ: Հետո, իհարկե, մենք ԼՂ-ին գումարներ հատկացրեցինք, իսկ թե ինչպե՞ս ծախսվեցին այդ գումարները՝ չգիտեմ: Այն ժամանակ իմ առաջարկներին ի պատասխան՝ ասում էին, որ ես սիրում եմ հայերին, եւ չեմ սիրում ադրբեջանցիներին: Ինչպիսի հիմարություն»: «Այսօր կողմերը սպառնալիքներ են հնչեցնում. ի՞նչ է դա նշանակում: Նրանք ի՞նչ է, ուզում են բոլորին, նաեւ մեծ տերություններին պատերազմի մե՞ջ ներքաշել: Կարծում եմ, որ չի կարելի դա թույլ տալ: Այն երկխոսությունը, որն ընթանում է, պետք է շարունակել։ Բանակցել այնքան, որքան պետք է»,- ասել է նա` ավելացնելով, թե խնդրի կարգավորման հնարավոր լուծումներ չի տեսնում: «Չգիտեմ, հնարավո՞ր է արդյոք Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանի կազմ: Այն ժամանակ դա դեռեւս հնարավոր էր անել՝ Ղարաբաղին ինքնուրույնություն տալով, Ղարաբաղը զարգացնելով ընդհանրապես, եւ տնտեսապես, ֆինանսավորում տրամադրել»,- ասել է նա: