Հակաքայլերի մասին

11/03/2010

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն եւ Անկարա կանչված՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը քննարկել են ԱՄՆ-ի դեմ իրականացվելիք հնարավոր հակաքայլերի ծրագիրը Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման դեպքում: Թուրքական «Star» օրաթերթը, վկայակոչելով դիվանագիտական անանուն աղբյուրները, գրել է, որ հնարավոր հակաքայլերի ծրագրում ներառված են պաշտպանական ոլորտին, Իրանին եւ Աֆղանստանին առնչվող հարցեր: «Դավութօղլուն եւ Թանը քննարկել են, թե ինչպիսին են լինելու պաշտոնական Անկարայի հնարավոր հակաքայլերն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ապրիլքսանչորսյան ուղերձում գործածի Ցեղասպանություն եզրույթը: Հնարավոր պատժամիջոցների ցանկում տեղ են զբաղեցնում թուրք-ամերիկյան արտաքին քաղաքական ոլորտում առկա համագործակցության վերանայումը, F-35 կործանիչներ, 14 CH-47 Chinook ուղղաթիռներ ներառող 1.2 միլիարդ դոլար արժողությամբ համաձայնագրի, ինչպես նաեւ Patriot հրթիռներ ձեռք բերելու շուրջ իրականացվող բանակցությունների հետաձգումը: Առաջին հակաքայլերն իրականացվելու են Իրանի եւ Աֆղանստանի հարցում ԱՄՆ-ին աջակցելուց հրաժարվելու տեսքով»,- գրել է թերթը։