Մնաց մնացածը

11/03/2010

Բնական գազի բարձրացված սակագինը դեռ ուժի մեջ չմտած, Երեւանի եւ հարակից տարածքի բնակիչների համար հերթական «անակնկալն» է պատրաստում «Երեւան Ջուր» ընկերությունը: Վերջինս դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ապրիլի 1-ից խմելու ջրի սակագինը բարձրացնելու հայտով: «Երեւան Ջուրը» ցանկանում է 1խմ խմելու ջրի սակագինը գործող 181 դրամի փոխարեն բարձրացնել մինչեւ 207 դրամ: ՀԾԿՀ-ն, ամենայն հավանականությամբ, կհաստատի «Երեւան Ջուրի» հայտը` իհարկե, «ժողովրդի շահերից ելնելով»՝ սակագինը հասցնելով, ասենք, 202 կամ 203 դրամի: Օտարերկրյա ընկերությունների ներկայացրած նման հայտերը մեր իշխանությունները` ի դեմս ՀԾԿՀ-ի, որպես կանոն, չեն մերժում: Իսկ մինչ ՀԾԿՀ-ն կհաստատի հերթական սակագնի բարձրացումը, հաստատուն կերպով շարունակում է աճել բենզինի գինը: Երեկ Երեւանի բազմաթիվ բենզալցակայաններում գրեթե բոլոր տեսակի վառելիքի մեկ լիտրը թանկացել էր եւս 10 դրամով: Ակնհայտ է, որ սրանք սպասվող թանկացումների միայն առաջին ծիլերն են, եւ նույնիսկ իշխանության ներկայացուցիչներն են խոստովանում, որ գների աճը կարող է կանխատեսված ցուցանիշներից բարձր լինել: Սակայն գնաճը կանխելու որեւէ գործնական քայլ իշխանությունները չեն ձեռնարկում, քանի որ դա հնարավորություն է տալիս ավելացնել հովանավորության տակ գործող օլիգարխների գերշահույթները: Գուցե նաեւ այն պատճառով, որ վստահ են` Հայաստանում «սոցիալական բունտեր» չեն լինում: