Իրական վտանգ

11/03/2010

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի վերսկսման վտանգը իրական է»,- «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նման համոզմունք է հայտնել ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: «Այսօր ապակայունացման լուրջ վտանգ է առկա: Նախկինում ո՛չ Բաքուն եւ ո՛չ էլ Երեւանը չէին ցանկանում, որպեսզի իրավիճակը սրվի: Այսօր արդեն իրադրությունը փոխվել է: Ալիեւի վարչակազմը իր առջեւ լուրջ նպատակ է դրել, որին հասնելու համար կարող է նույնիսկ ռիսկի դիմել եւ վերսկսել պատերազմական գործողությունները: Ադրբեջանը կարող է այդ քայլին գնալ անգամ այն դեպքում, եթե ռազմական գործողությունները իր համար բարենպաստ ընթացք չունենան: Ադրբեջանի ձեռնարկած այդ քայլի նպատակը ոչ թե Lեռնային Ղարաբաղը ետ բերելն է լինելու, այլ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կանխելը»,- նշել է վերլուծաբանը: Ֆելգենգաուերի բնորոշմամբ` այսօր արդեն Ղարաբաղյան հակամարտությունը դժվար է դասել սառեցված հակամարտությունների շարքին: «Իրավիճակը սառեցված վիճակից դուրս է եկել, եւ ինչ ասես կարող է պատահել», – նշել է նա: Միաժամանակ, Ֆելգենգաուերի կարծիքով, Ադրբեջանի Զինված ուժերն այսօր այն վիճակում չեն, որ Բաքուն կարողանա ռազմական հաղթանակ տոնել։ «Ադրբեջանական բանակում իրականացվող վերազինումն ու բարեփոխումները դեռ չեն հասել այն մակարդակին, որը թույլ կտար Հայաստանի նկատմամբ լուրջ առավելության հասնել: Եթե ադրբեջանցիները ավելի նպատակաուղղված կերպով ծախսեին իրենց տրամադրության տակ եղած գումարները, կոռուպցիայի մակարդակն էլ ավելի ցածր լիներ, ինչպես, օրինակ, Վրաստանում է, այդ դեպքում գուցեեւ արդյունքներն ավելի տեսանելի լինեին: Այսօր, սակայն, նրանք ավելի շատ գումար են ծախսում, քան Հայաստանը, բայց ժամանակակից պատերազմին պատրաստ չեն,- ասել է Ֆելգենգաուերը` ավելացնելով,- Այնպես որ, եթե հանկարծ որոշակի լարվածություն ծագի, չեմ կարծում, որ այն կհանգեցնի կողմերից որեւէ մեկի որոշիչ հաղթանակին: Ո՛չ հայերին է ձեռնտու Բաքուն գրոհելը, ո՛չ էլ ադրբեջանցիները կկարողանան գրավել Lեռնային Ղարաբաղը»: