Քաղաքական հաշվեհարդար

11/03/2010

Լոս Անջելեսում գործող «Հայ Քաղաքացիական Հասարակություն» մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը տարածել է հաղորդագրություն, որում անդրադարձել է «ՀԺ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությանը: Հետեւելով դատաքննության ընթացքին` ընկերակցությունը արձանագրել է, որ վերաքննիչ դատավորների կողմից իրականացվել են ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի հիմնարար սկզբունքների միտումնավոր խախտումներ: Օրինակ` չի պահպանվել դատավարության կողմերի հավասարությունը, խոչընդոտվել է կողմերի միջեւ մրցակցության սկզբունքի կիրառումը, «դատարանը բացեիբաց ճնշումներ է կիրառել պաշտպանական կողմի եւ նրա անմեղությունը ապացուցող վկաների նկատմամբ, հակառակը՝ ջանասիրորեն տեղի է տվել մեղադրող կողմի կողմից ներկայացվող, իրավագիտության համար անընդունելի, որոշ «ապացույցների» եւ միջնորդությունների»: «Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ իրականացված քրեական հետապնդմամբ ու դատավարությամբ ապացուցվել է հետեւյալները՝

Ա) Ն. Փաշինյանը հետապնդվել եւ շարունակում է հետապնդվել իր քաղաքական հայացքների, ընդդիմության պատկանելու եւ իր ընդդիմադիր քաղաքական գործունեության համար։

Բ) Ն. Փաշինյանի վերաբերյալ կայացված բոլոր որոշումները կայացվել են ոչ թե արդարադատության, դատական համակարգի կողմից, այլ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից։

Գ) Ն. Փաշինյանի, ինչպես նաեւ բոլոր այլ քաղբանտարկյալների նկատմամբ իրականացվել է ոչ թե արդարադատություն, այլ քաղաքական հաշվեհարդար, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության, արդարադատության իրականացումը ապահովող այլ օրենքների եւ ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին»,- ասված է կազմակերպության հայտարարության մեջ:

«Հայ Քաղաքացիական Հասարակություն» Մարդու իրավունքների պաշտպանության ընկերակցությունը կոչ է անում ՀՀ Վճռաբեկ դատարանին՝ չկրկնելու իրեն ընդդատյա երկու դատարանների սխալները, կասեցնել ՀՀ քաղաքացի Ն. Փաշինյանի նկատմամբ անարդարադատության իրականացումը, չընկրկել Հայաստանի քաղաքական իշխանությունների առջեւ եւ կայացնել արդարադատ որոշում՝ Հանուն, այլ ոչ թե Ընդդեմ Հայաստանի Հանրապետության: