Undergraund

11/03/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի այս ֆիլմը իր հայրենիքի` Հարավսլավիայի մասին է, որը 1941 թվականի ապրիլի 6-ից վեր է ածվում զենք արտադրող ընդհատակյա գործարանի: Երկրորդ համաշխարհային պատերազմն ընդհատակ է քշում մի ողջ ժողովրդի: Ընդհատակից ոչ ոք մինչեւ 1961 թվականը դուրս չի գալիս. մարդիկ կարծում են, որ վերեւում դեռ պատերազմ է: Այս կինոնկարի ամենակարեւոր միտքը, եթե կուզեք՝ առանցքային հարցադրումը, թերեւս, սա էր. «Այդ ինչպե՞ս, չկա՞ այլեւս Հարավսլավիան»: Իսկ Հարավսլավիան, իրո՛ք, չկա. կան սերբեր, բոսնիացիներ, այսինքն` մարդիկ կան, իսկ երկիրը, արի ու տես, աչքիդ առաջ չքացավ: Տեղի ունեցավ այն, ինչ այսօր, առանց պատերազմի, տեղի է ունենում Հայաստանում, մեր աչքի առաջ: Եվ զուգահեռը տեղին է` Հայաստանն էլ այս 20 տարվա ընթացքում կարծես ընդհատակում լինի: ՀՀ քաղաքացիներս ապրում ենք մի կյանքով, որն իրականության հետ թույլ աղերսներ ունի: Ժամանակի եւ տարածության զգացողությունը կորցրել են գրեթե բոլորը:

Հայ ռեժիսորներից ոչ ոք իր բնակիչներից օրեցօր ավելի հեռացող հայրենիքի մասին ֆիլմ չի նկարահանել, քանի որ մեր ռեժիսորները կամավոր, առանց լուրջ դիմադրության, իրենք իրենց զրկել են ինքնուրույն մտածելու ազատությունից: Նկարահանման ծախսերի խնդիր չունեցող ռեժիսորներ Հայաստանում գրեթե չկան: Մեկը Վիգեն Չալդրանյանն է: Նա փորձեր անում է հետաքրքիր բան նկարել, բայց, որպես կանոն, հաջողության չի հասնում, քանի որ ամեն ինչ հնարավոր է հորինել` բացի մարդու հոգեբանությունից: Իսկ Չալդրանյանի հերոսների հոգեբանությունը հորինված է: Մնաց մյուսը` Հրաչ Քեշիշյանը: «Երեք ընկեր», «Սպանված աղավնին» կամ «Մի վախեցիր» ֆիլմերի գեղարվեստական արժեքը որոշելու համար բավական է տալ մեկ հարց` իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ ֆիլմերը հանկարծ առհասարակ չլինեին: Պատասխան` ոչինչ էլ չէր լինի:

Իսկ Արտավազդ Փելեշյանը կնկարահաներ: Բայց նա Հայաստանից հեռացել է եւ, ի տարբերություն Հրաչ Քեշիշյանի, իր մտքերն իրականացնելու միջոցներ չունի: Մեր իրականությունը մշակութային գլուխգործոց կարող էր դարձնել Փարաջանովը, բայց նա արդեն չկա:

Կան, սակայն, աշխարհում ռեժիսորներ, ովքեր թեեւ ֆիլմեր են նկարահանում ամենեւին ոչ հայերի կամ Հայաստանի մասին, սակայն նրանց ֆիլմերը, միեւնույն է, աշխարհի բոլոր մարդկանց, այդ թվում եւ` հայերիս մասին են:

Անցած շաբաթ Հայաստանում էր սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան: Նրա ներկայությունը Հայաստանում ավելի սրեց զգացողությունը, որ մեր երկիրը շարունակում է ընդհատակյա ակտիվ կյանքը: Սակայն նույն այդ ընդհատակից 1 ժամ 20 րոպեով դուրս գալու հնարավորություն ունեցան բոլոր նրանք, ովքեր մարտի 5-ին մասնակցեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած «Kusturica & The No Smoking Orchestra» խմբի համերգին:

Բեմում Էմիր Կուստուրիցան էր` խմբի բաս կիթառահարը: Խմբի հոգին` դոկտոր Նելե Կարայլիչը, կապույտ չղջիկի հանդերձով, բեմի մի ծայրից մյուսն էր վազում: Նրա «տիտղոսը»` դոկտոր, լրիվ արդարացված է. Կարայլիչն իրո՛ք բժիշկ է, սակայն՝ մարդկանց լավ տրամադրության հաբեր բաժանող: Համերգին հնչեցին երգեր «Սեւ կատու, սպիտակ կատու» կինոնկարից: «Unza Unza Time» եւ համանուն ալբոմից այլ երգերի կատարումը դահլիճին հասցրեց կուլմինացիայի. բոլորը պատրաստ էին ինքնամոռաց պարել («ունցա-ունցա»-ն սերբական երաժշտության բնորոշող ռիթմն է): Երիտասարդները Նելեի հրավերով` առանց երկար սպասեցնելու, նետվում էին բեմ: Մի կատարումից մյուսին անցնելու ընթացքում «Queen» խմբի երաժշտության նախաբաններն էին հնչում: Այս ամենը հիշեցնում էր թափառական երաժիշտների, արտիստների բացօթյա համերգ` կրկեսային դրվագներով: Սակայն խումբը, հասկանալի է, զարդարում էր մի անկյունում համարյա աննկատ քաշված, անփույթ, սպորտային հագուստով բաս կիթառը նվագող Էմիր Կուստուրիցան` մեր ժամանակների ամենահետաքրքիր ու ազատ մտածող ռեժիսորը: Ի դեպ, մի առիթով, պատասխանելով լրագրողի «Դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք» հարցին` ռեժիսորը պատասխանել է. «Ասեմ այսպես` ես ազատ մարդ եմ: Ինձ համար առավել կարեւոր է լինել ազատ, քան երջանիկ»:

Արտաքին աշխարհն` իր օրենքներով, այնքան էլ ռեժիսորի սրտով չէ, եւ նա որոշել է ցույց տալ աշխարհի հզորներին, որ դիկտատուրան կարող է լինել նաեւ «քաղցր», եթե դիկտատորն, իհարկե, Էմիր Կուստուրիցայի պես ազատ միտք ունեցող փիլիսոփա մեկն է: Հայտնի է, որ իր անձնական գումարով Կուստուրիցան Սերբիայում կառուցել է գյուղ` Կյուստենդորֆը, որի գյուղապետն ու միակ տիրակալն ինքն է: Հենց իր իշխանությունն էլ ռեժիսորն անվանում է «քաղցր դիկտատուրա»: Ի տարբերություն մյուս գյուղերի, որոնց բնակիչներն իրենք են ընտրում իրենց գյուղապետին, Կուստուրիցան ինքն է ընտրում իր գյուղի բնակիչներին: Գյուղն ապրում է հարուստ մշակութային կյանքով. բնակիչներն ունեն թատրոն, կինոթատրոն, պատկերասրահ եւ գ50 կով, որոնք հիանալի կաթ են տալիս: Պատրաստում են հրաշալի չորամրգեր, հաղարջի, ելակի անմահական հյութեր, որոնցով հայկական շուկան հեղեղելու մասին Հայաստանի իշխանությունների հետ կինոռեժիսորը կարծես չի պայմանավորվել: Իզուր: Կյուստենդորֆի փողոցներն ու նրբանցքները կրում են ռեժիսորի մտերիմների անունները` կա Նիկիտա Միխալկովի նրբանցք, փողոցներ Անդրեյ Տարկովսկու, Բրյուս Լիի, Ինգմար Բերգմանի, Ջեք Նիկոլսոնի անուններով: Ի դեպ, Կուստուրիցայի վրա մեծ ազդեցություն են թողել Դոստոեւսկին եւ Չեխովը:

2005 թվականին ռեժիսորը, ով ողջ գիտակից կյանքն ապրել է որպես մահմեդական, մորից իմանում է, որ իր նախնիներն իսլամը բռնի են ընդունել, եւ որոշում է կայացնում վերադառնալ քրիստոնեությանը: Ըստ նրա` «Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր Աստված չկա: Եթե դուք Աստծուն չեք հավատում, եկեղեցի չեք գնում, որտե՞ղ է ձեր բարոյականությունը, ինչի՞ վրա կարող եք հենվել»: Նրա կարծիքով` ռեժիսորը բոլոր դեպքերում բարոյական պատասխանատվություն է կրում հանդիսատեսի առաջ: Բայց ոչ` քաղաքական: Կուստուրիցան իր հայրենիքն անասելի սիրող արվեստագետ է, ով իրեն համարում է Հարավսլավիայի քաղաքացի: Այսինքն` քաղաքացի մի երկրի, որը քարտեզի վրա արդեն չկա: Նրա տունը Սերբիայի եւ Բոսնիայի միջեւ է եւ, թերեւս, կատարում է այն թունելի դերը, որը «Կյանքը` որպես հրաշք» ֆիլմի հերոս Ղուկասը փորձում էր կառուցել Սերբիայից` Բոսնիա: Սերբ Ղուկասի եւ բոսնիացի բուժքրոջ սիրո պատմությունը ցույց է տալիս Բալկանյան պատերազմի (եւ պատերազմների` առհասարակ) պարադոքսը:

Կինոն, ըստ Կուստուրիցայի, թերապեւտիկ նշանակություն ունի եւ կարող է բժշկել, ինչպես Մոցարտի երաժշտությունը, թեեւ ռեժիսորին առավել հարազատ է Մոդեստ Մուսորգսկու երաժշտությունը:

Հետաքրքիր է` Հայաստանից իր համար հետաքրքիր եւ օգտակար ի՞նչ տարավ Կուստուրիցան: Պաշտոնական տեղեկատվությունը հաղորդեց, որ երաժիշտը եղել է մայրաքաղաքի ակումբներից մեկում եւ լսել ինչ-որ ջազ խմբի կատարում: Այն, ինչ կարող էր լսել աշխարհի ցանկացած անկյունում: Ընդ որում, շատ ավելի լավ: Լսե՞լ է նա հայկական երաժշտություն, ասենք` Կոմիտաս: Այս մասին պատմությունը լռում է: Սակայն Էջմիածնի գանձերը, Փարաջանովի տուն-թանգարանն ու իր արվեստն իսկապես գնահատողների ջերմությունը վարպետին պիտի որ իսկապե՛ս հաճելի լիներ: Պաշտոնական հանդիպումները չափազանց լուրջ էին: Իսկ եթե դեպքն այնքան լուրջ է, որ հնարավոր չլինի այն ծիծաղաշարժ պատմության վերածել, դառնում է ձանձրալի: