Արհեստականորեն

11/03/2010

Արդեն տեւական ժամանակ է` հայ գյուղացիները խանդավառությամբ վաճառում են իրենց ոչխարները պարսիկ «ոչխարասերներին»: Վերջիններս էլ, բարձր գնահատելով հայկական ոչխարի համային հատկությունները, գյուղացիներից ոչխար գնում են համեմատաբար բարձր գներով: «Մեզ լավ գին են առաջարկում, մենք էլ տալիս ենք: Էս դեպքում հայ վերավաճառողները բողոքում են, որովհետեւ ուզում են առաջվա պես մեր հաշվին հարստանալ»,- ամիսներ առաջ այսպես էին խոսում Հայաստանի ոչխարաբուծության «մայրաքաղաք» Զովունիում բնակվող եզդիները, որոնց մոտ, ըստ Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի, ոչխարների 90%-ն արդեն վաճառվել է: Ստեղծված իրավիճակը, բնականաբար, դժգոհության ալիք բարձրացրեց ոչ միայն մսամթերքի առեւտրով զբաղվողների շրջանում, այլեւ` գնորդների: Վերջիններիս համար անհասկանալի էր այն, թե ինչո՞ւ ոչխարի մսի 1կգ-ն դարձավ 3500-4000 դրամ, մինչդեռ տավարի միսը կարելի էր գնել անհամեմատ էժան` 1կգ-ն՝ 1800-2200 դրամ: Ավելին` վերջին շրջանում ոչխարի մսի մասնակի բացակայության պատճառով անհասկանալիորեն թանկացավ նաեւ տավարի մսի գինը: Համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության» հ/կ-ի ուսումնասիրությունների` տավարի մսի թանկացումը կատարվել է արհեստականորեն: Կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանի կարծիքով՝ նման իրավիճակի ստեղծումը որոշակի առնչություն ունի ոչխարի մսի թանկացման հետ: Ա. Եղոյանի փոխանցմամբ, տավարի մսի թանկացումը պայմանավորված չէ պահանջարկի բարձրացմամբ: