«Միլանոյին» վտարեցին

11/03/2010

ՀԿ ծառայությունը երեկ վտարման գործողություններ է իրականացրել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվին պատկանող «Միլանո» խանութում: «Կան դատարանի վճիռները, որոնց համաձայն՝ պետք է կնքվի պայմանագիր, փողը փոխանցվի, որ վտարում իրականացվի, սակայն ձեռք բերող ընկերությունը (Ավո Ֆ.Մ.Հ. ՍՊԸ) հրաժարվում է պայմանագիր կնքել, քանի որ հասկանում է, որ պայմանագրի պայմանները շահեկան չեն, քանի որ պայմանագրում չկան նշված այնպիսի կետեր, որոնք պետք է նշված լինեին»,- panorama-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Օլիմպ» արտադրական-կոոպերատիվի բաժնետեր Հովհաննես Ղուկասյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Ըստ նրա, եթե ձեռք բերող ընկերությունը կնքի այդ պայմանագիրը, փակուղու առջեւ կկանգնի, քանի որ պայմանագրի մեջ նշվում է միայն, որ առաջին հարկում պետք է վտարում իրականացվի, այնինչ տարածքը եռահարկ է, ունի նկուղային տարածք, հողատարածք: Այսօր վտարվում է ամբողջ գույքը: «Հովհաննես Ղուկասյանն, արդեն մեկ ու կես տարի է, դիմել է, որ այդ գումարը ստանա, որպեսզի համարժեք գույք գնի ու իր գույքը տեղափոխի, բայց գումարը չեն փոխանցում, հավանաբար, իրենք իրենց նկատառումներն ունեն, ցանկանում են դրանով Հովհաննես Ղուկասյանի ֆինանսական վիճակը վատացնել եւ այլն»,- ասել է փաստաբանը: Ըստ նրա, իրենք Ավո Ֆ.Մ.Հ. ՍՊ ընկերությանը դիմել են բազմաթիվ անգամներ, որ պայմանագիրը կնքեն, գումարը փոխհատուցեն, սակայն ընկերությունը չի համաձայնվել, իսկ այժմ «առանց պայմանագիր կնքելու, առանց գումար փոխհատուցելու վտարում է իրականացվում»:

«Սահմանադրությամբ եւ օրենքով ամրագրված է, որ եթե պետությունը սեփականությունը վերցնում է հարկադրաբար, ապա նախքան գույքի վտարումը պետք է լինի համարժեք փոխհատուցում, այնուհետեւ երկու ամիս ժամանակ է սահմանվում, որպեսզի համարժեք գույք գնի ու տեղափոխի այնտեղ»,- ասել է Տ. Հայրապետյանը` հավելելով, որ բացահայտորեն խախտվում է Սահմանադրությունը, օրենքն ու մարդու իրավունքները: «Մենք դիմել ենք դատական բոլոր ատյաններ, մնում է Եվրոպական մարդու իրավունքների դատարանը»,- ասել է փաստաբանը: