Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) ՀՀ Մշտական ներկայացուցչի պարտականությունները ստանձնել է Միքայել Վարդանյանը: Վերջինս այդ առիթով ՍԾՏՀԿ Մշտական միջազգային քարտուղարության Գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի նամակը: Ըստ ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրության` նա նշել է, որ իր պաշտոնավարության ընթացքում կշարունակի ջանքեր գործադրել կազմակերպության շրջանակում համագործակցության տարբեր ոլորտներում Հայաստանի շահերը պաշտպանելու, սոցիալ-տնտեսական նախագծերում Հայաստանի մասնակցությունն ընդլայնելու ուղղությամբ: Նույն օրը Միքայել Վարդանյանին ընդունել է Թուրքիայի Հայոց Կրոնական ժողովի Ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Հանդիպման ընթացքում արքեպիսկոպոս Աթեշյանը նորանշանակ մշտական ներկայացուցչին ներկայացրեց Ստամբուլի հայ համայնքի առօրյան: