Մեդալի երկու կողմը կամ արհեստական թարթիչների հետեւանքները

11/03/2010

Ինչ խոսք` երկար թարթիչները գրավում են ցանկացած տղամարդու ուշադրությունը: Երկար թարթիչներ ունենալու հնարավորություն այսօր ընձեռում է ցանկացած գեղեցկության սրահ: Սակայն քչերը գիտեն այդ պրոցեդուրայի մասին: Գեղեցկության սրահների խորհրդատուներն ասում են, որ այս պրոցեդուրան ընդհանրապես անցավ ու անվնաս է, իսկ հետեւանքներն էլ` միայն դրական են: Իսկապես, այն դնելու ընթացքում դուք ոչ մի տհաճ զգացողություն չեք ունենա: Սակայն ամեն ինչ այնքան պարզ չէ, որքան թվում է, քանի որ այդ պրոցեդուրայից հետո ձեզ համար առաջանում են որոշակի սահմանափակումներ ու կանոններ, որոնց պետք է հետեւել: Օրինակ` արհեստական թարթիչներին հակացուցված են կոսմետիկ միջոցները, ջուրն ու օճառը: Հետեւաբար պետք է հրաժարվել նույնիսկ լվացվելուց: Նույնիսկ ստվերաներկը պետք է ոչ հաճախ օգտագործել ու շատ զգույշ: Պետք է մոռանալ որոշ սովորույթների մասին, օրինակ` փորի վրա քնելը: Հակառակ դեպքում դրանք կարող են թեքվել ու ծռվել, երբեմն նույնիսկ` պոկվել: Պետք է նաեւ հիշել, որ արհեստական թարթիչներից կարող է թուլանալ ձեր սեփականը, որովհետեւ արհեստականի ծանրությունից` բնական թարթիչներն արագ թափվում են: Բացի այդ, երբեմն արհեստական թարթիչները պոկելը հեշտ չի լինում նույնիսկ հատուկ կրեմներ ու ձեթեր գործածելիս, եւ հաճախ վնասվում է նույնիսկ կոպը: 2 շաբաթ ճոխ թարթիչներ ունենալու դիմաց կարող եք կորցնել ձեր սովորական թարթիչները: Հետեւանքների մասին նշելիս՝ պետք է չմոռանալ որոշ հակացուցումների մասին: Նման պրոցեդուրաներ չի կարելի անցկացնել նրանց, ովքեր կրում են օպտիկական լինզաներ: Բացի այդ, հնարավոր են նաեւ ալերգիաներ: Պարզապես խորհուրդ է տրվում նման քայլի դիմելիս խորհրդակցել մասնագետների հետ: