Խորխե Լուիս Բորխես «Ջոն Քիթսի սոխակը»

11/03/2010 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Նա, ով վերընթերցում է անգլիական քնարերգությունը` թոքախտավոր, չքավոր եւ, հավանաբար, սիրո մեջ դժբախտ Ջոն Քիթսի «Ձոն սոխակին» բանաստեղծությունը չի անտեսի, որը նա գրել է քսաներեք տարեկանում, 1819 թվականի ապրիլյան գիշերներից մեկում, խեմսթեդյան այգում: Քաղաքամերձ այգում Քիթսը լսում է Օվիդիոսի եւ Շեքսպիրի հավերժական սոխակին, զգում իր դատապարտվածությունը, եւ դրան հակադրում է աննշմարելի թռչնի նրբին եւ անկործան դայլայլը: Քիթսը մի անգամ գրել է, որ բանաստեղծությունները պետք է հայտնվեն պոետի մեջ ինքնաբերաբար, ինչպես տերեւները ծառի վրա. ընդամենը երկու-երեք ժամում նա ստեղծել է այդ անսպառ եւ հարակա գեղեցկության էջը, որին հետագայում համարյա թե չի դիպչել: Դրա արժանիքն անվիճարկելի է, ինչը չես ասի մեկնության մասին: Խնդիրների հանգույցը նախավերջին տունն է: Մարդը` պատահական եւ վաղանցիկ հյուրը, դիմում է թռչնին.

Ո՜վ անմահ թռչուն, քո ձայնը վսեմ,
Հար սերունդներ են լսել անհամար.
Եվ ում այսօրվա ձայնը լսել է հնամենի երեկոյան Իսրայելի դաշտերում մոաբուհի Ռութը:

Իր` 1887 թվականին հրատարակած Քիթսին նվիրված մենագրության մեջ Սիդնի Քոլվինը՝ Սթիվենսոնի թղթակիցն ու ընկերը, այդ տան մեջ մի խոչընդոտ է տեսնում. «Մեղանչելով տրամաբանության դեմ, եւ իմ կարծիքով՝ տուժելով նաեւ պոեզիայում, Քիթսն այստեղ մարդու վաղանցիկ կյանքին, որի տակ նա հասկանում է անհատին, հակադրում է թռչնի, այսինքն` տոհմի անվերջանալի կյանքը: Բրիջեսը 1895 թվականին կրկնում է այդ մեղադրանքը: Ֆ. Ռ. Լիվիսը սատարում է նրան տողատակին կցելով մի ծանոթագրություն. «Այդպիսի պատկերացման թյուրակարծությունը, բնականաբար, հատուցվում է դրանից առաջացած պոետական զգացողության ուժով»: Առաջին տան մեջ Քիթսը սոխակին կոչում է «դրիադ», դա բավական է, որպեսզի եւս մի քննադատ` Հերրոդը, լրջորեն վկայակոչելով վերոհիշյալ մակդիրը, ազդարարի, իբր յոթերորդ տողում թռչունն անմահ է կոչվում, քանզի մեր առջեւ դրիադ է` անտառային աստվածություն: Ճշմարտությանը մոտ է Էմի Լոուելը. «Եթե ընթերցողը գեթ մի կաթիլ երեւակայություն կամ պոետական զգացողություն ունի, ապա հեշտությամբ կհասկանա, որ Քիթսը խոսում է ոչ թե այդ պահին երգող սոխակի, այլ սոխակային ցեղի մասին:

Ես մեջբերեցի վաղեմի եւ այժմյան քննադատների հինգ դատողություն, ըստ իս, այլոցից ամենաքիչն է սխալվում հարավամերիկուհի Էմի Լոուելը, սակայն ես նրան հետեւելով՝ չէի հակադրի այս գիշերվա վաղանցիկ թռչնին սոխակի ցողին: Մեր տողի բանալին, ճշգրիտ բանալին, կարծում եմ, թաքնված է Շոպենհաուերի մի մետաֆիզիկական դրվագում, ով այդ տողը չէր կարդացել:

«Ձոն սոխակինը» թվագրվում է 1819-ին, իսկ 1844-ին լույս ընծայվեց «Աշխարհը որպես կամք եւ պատկերացում» երկի երկրորդ հատորը: Նրա 41-րդ գլխում կարդում ենք. «Հարցնենք մեզ ամենայն հնարավոր անկեղծությամբ. Մի՞թե այս ամառ մեզ մոտ չվող ծիծառը, նույնը չէ, որ պտույտ էր գալիս դեռեւս աշխարհի արշալույսին, եւ մի՞թե այդ ժամանակաընթացքում արարման հրաշքը ոչնչից իսկապես կրկնվել է միլիոն անգամ, որպեսզի ի զվարճանս ամենքի՝ այդչափ էլ բազմիցս չքանա առ բացարձակ ոչինչը: Թող ինձ խեւ համարեն, եթե ես սկսեմ հավատացնել, որ իմ առջեւ խաղացող կատվիկը հենց նույնն է, որ ցատկոտում եւ մագլցում էր այստեղ երեք հարյուր տարի առաջ, սակայն մի՞թե առավել խելացնորություն չէ նրան բացարձակ ուրիշը համարելը»: Այլ կերպ ասած` անհատը, որոշակի իմաստով, տոհմն է, հենց դրա համար էլ Քիթսի սոխակը նաեւ Ռութի սոխակն է:

Քիթսը կարող էր առանց դույզն-ինչ վիրավորվածության գրել. «Ես ոչինչ չգիտեմ, քանզի ոչինչ չեմ կարդացել», սակայն դպրոցական բառարանի էջով նա կռահեց Հունաստանի ոգին, ահա այդ կռահման (կամ փոխակերպման) վկայությունը. մի գիշերվա անտեսանելի սոխակի մեջ նա զգաց պլատոնյան գաղափարների սոխակին: Քիթսը, ով, ըստ երեւույթին, ունակ չէր բացատրելու «արքետիպ» բառը, քառորդ դար առաջ կանխատեսել էր Շոպենհաուերի թեզիսը:

Ըմբռնելով մի խնդիր` ժամանակն է ընկալելու բոլորովին այլ կարգի մի խնդիր: Ինչու մեր մակերեսային մեկնությանը չհանգեցին Հերրոդը, Լիվիսը եւ այլք: Չէ՞ որ Լիվիսը դասավանդում էր Քեմբրիջի քոլեջներից մեկում` քաղաք, որ հանգրվան եւ հենց անուն է տվել Cambridge platonists (քեմբրիջյան պլատոնականներին): Բրիջեսը գրել է պլատոնական ոգով «Չորրորդ չափում» բանաստեղծությունը: Թվում է՝ այդ փաստերի պարզ թվարկումն ավելի շատ է դժվարացնում լուծումը: Եթե չեմ սխալվում, բանն այստեղ բրիտանական մտքի որոշ առանձնահատկություններն են:

Քոլրիջը մի անգամ նկատել է, որ մարդիկ լույս աշխարհ են գալիս՝ որպես կամ Արիստոտելի, կամ Պլատոնի հետեւորդներ: Վերջիններիս համար ցեղերն ու դասակարգերը իրականություն են, իսկ առաջինների համար` մտավոր ընդհանրացում, առաջինների համար լեզուն խորհրդանշանների աղոտ խաղ է, իսկ վերջիններիս համար` տիեզերքի քարտեզ: Պլատոնի հետեւորդն աշխարհում ինչ-որ տիեզերք եւ կարգ է տեսնում, իսկ Արիստոտելի համախոհի համար այդ կարգը լիովին կարող է մշտապես միակողմանի ուղեղի սխալը կամ հորինվածքը լինել: Այդ երկու ախոյաններն ընթանում են լայնարձակությունների եւ հարյուրամյակների միջով` փոխելով լեզուներն ու անունները, մի կողմից՝ Պարմենիդեսը, Պլատոնը, Սպինոզան, Կանտը, Ֆրենսիս Բրեդլին, մյուս կողմից` Հերակլիտեսը, Արիստոտելը, Լոկկը, Յումը, Ուիլյամ Ջեյսը: Միջնադարի մանրակրկիտ դպրոցներում ամենքը ոգեկոչում էին մարդկային բանականության դաստիարակ Արիստոտելին («Convivio, 4, 2»), սակայն, եթե նոմինալիստները հետեւում էին Արիստոտելին, ապա ռեալիստները հետեւում էին Պլատոնին: 14-րդ դարի անգլիական նոմինալիզմը վերակենդանացավ տասնութերորդ դարի անգլիական մանրախույզ նոմինալիզմի մեջ, եւ Օկկամի տնտեսող բանաձեւը. «Entia non sunt multiplicantda practer necessilatero» («Առանց անհրաժեշտության էությունները չբազմապատկել»): «Մենք բոլորս,- ասում է Քոլրիջը,- ծնվում ենք որպես կամ Արիստոտելի կամ Պլատոնի հետեւորդներ. անգլիական մտքի մասին կարելի է ասել, որ այն արիստոտելյան սերնդից է: Նրա համար իրական են ոչ թե վերացական հասկացությունները, այլ լոկ անհատները, ոչ թե սոխակը` որպես տոհմ, ալ սոսկ կոնկրետ այս սոխակը: Բնական է (եւ նույնիկ անխուսափելի), որ Անգլիայում «Ձոն սոխակինը» պարզապես չհասկացան»:

Իմ խոսքերի մեջ ոչ կշտամբանք կա, ոչ էլ քամահրանք: Անգլիացին ժխտում է տոհմայինը, քանզի զգում է` անկործան, անկրկնելի եւ յուրօրինակ է միայն անհատականը: Գերմանական վերացարկումներից նրան փրկում է բարոյական փափկանկատությունը եւ ոչ ամենեւին մտահայեցական ունակությունների բացակայությունը: Նա չի հասկանում «Ձոն սոխակինը», եւ այդ մեծ անըմբռնողությունը նրանց Լոկկ, Բերքլի կամ Յում լինելու ուժ է պարգեւում եւ իր յոթանասունամյա հասակում ստեղծելու, այդպես էլ ոչ մեկի ուշադրությանը չարժանացած, «Անհատն ընդդեմ պետության» նախազգուշացումը:

Աշխարհի բոլոր լեզուները սոխակին երգեցիկ անուններ են ընծայում (nihghtingell, nachigall, usignolo), ասես բնազդաբար մենք ջանում ենք նրա կախարդական երգերի արժանապատվությունը չգցել: Նա այնքան է հիացրել բանաստեղծներին, որ դարձել է համարյա թե անիրական եւ ավելի մոտ է հրեշտակին, քան արտույտին: Սաքսոնյան հանելուկներից սկսյալ` Էքսեթերյան գրքից («Ես հնամենի երգիչ եմ, որ երեկոյան դեմ բերկրանք եմ բերում տներն արիների») եւ մինչեւ Սուինբերնի «Ատալանտան»` անգլիական պոեզիայում չի լռում անմահ սոխակը: Նրան փառաբանում են Չոսերն ու Շեքսպիրը, Միլթոնն ու Մեթյու Առնոլդը, սակայն մեզ համար նրա կերպարը հավերժորեն կապված է Ջոն Քիթսի հետ, ինչպես վագրի կերպարը` Ուիլյամ Բլեյքի:

Հանճարեղ հրաձիգը

Մարդիկ արյունակցական կապերին, թերեւս, չափազանց մեծ նշանակություն են տալիս: Պեդրո Էնրիկես Ուրենյան տարիներ առաջ պատմում էր ինձ, որ Եթովպիայում քննարկվում էր ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի, ում նախապապը ծնունդով խափշիկ էր, հուշարձանի նախագիծը: Պուշկինի գրեթե պաշտոնական պաշտամունքը Ռուսաստանում նրա հեռավոր ցեղակիցների համար մատչելի դարձրեց «Եվգենի Օնեգինի» անմահ նորարարական յամբով հիանալը` առանց գրական թարգմանության միջնորդության:

Ճիշտ է, Կարլ Գուստավ Յունգը պնդում էր, որ գոյություն ունի բնապատկերի եւ այլացեղ բնակչության ազդեցությունն անձի վրա: Ինչպես նա գրում է ամերիկացիների մասին` «Մարմինն արձագանքում է Ամերիկային, իսկ հոգին` Աֆրիկային»: Շատ ու շատ Պուշկին ուսումնասիրողներ փորձել են բացահայտել, թե ինչում է դրսեւորվել նրա աֆրիկյան նախնիների ազդեցությունը: Մեծամասնությունը հանգեց այն բանին, որ նա նրանց է պարտական իր տաքարյունությամբ եւ սիրային բազում հաղթանակներով:

Սակայն այդպիսի հետեւությունը ոչ միայն տափակ է, այլեւ անստույգ: Իշխան Վյազեմսկու եւ մարկիզ դը Կյուստինի գրառումների համաձայն` ռուս հասարակության բարձր խավերի բարքերը Պուշկինի ժամանակ մնում էին համարյա նույնքան ազատ, ինչպես եկատերինյան բարոկկոյի տարիներին: Ինչո՞վ կառանձնանար Պուշկինը մյուս ազնվականներից, եթե բարձր վարչական դիրք չգրավեր: Սակայն չի կարելի մշտապես լինել «Ոսկե երիտասարդության» մեջ, եւ Պուշկինի լիովին ռուսական չարաճճիությունները փոխարինվում են նույնքան «ազգային» ամուր ընտանեկան կապերով, ընտանեկան բարօրության ամրապնդման հոգսերով: Այդ դեպքում ո՞ւր կորավ նրա հաբեշական արյունը:

Վատիկանի գրադարանի գլխավոր գրապահի սիրալիրության շնորհիվ ձեռքիս տակ է մի ձեռագրի պատճենը, որը հայտնի Մոդզալեւսկին թվագրել է 1840-ականների առաջին կեսով, սակայն կեղծիք էր համարում:

Իրոք, Պուշկինի մենամարտին նվիրված վիթխարի գրականության մեջ ոչ մի հիշատակություն չկա, որ նրա մարտավկա Դանզասը Գիտությունների ակադեմիայի համար ճակատագրական մենամարտի «իսկական» նկարագրությունն արտացոլող զմռսած ծրարով գրություն է թողել: Այդուհանդերձ, ես հակված եմ համաձայնելու Ռոման Յակոբսոնի այն կարծիքին, որ «կեղծ Դանզասի» գրությունը կազմել է Դանզասի, իսկ թերեւս, նաեւ հենց Պուշկինի մերձակա շրջապատին իրազեկ մի մարդ:

Ահա այդ գրության ամենաուշագրավ հատվածը. «գԵս սնապաշտ եմ, բայց այս անգամ, չգիտես ինչու, չէի կասկածում մենամարտի ելքին: Ա. Ս. Պուշկինը ինձ հայտնի էր որպես գերազանց հրաձիգ: Կար եւս մի հանգամանք, որն ինձ վստահություն էր ներշնչում, վերջին ժամանակներս նա սկսել էր տառապել չափազանց հեռատեսությամբ, այնպես որ ընթերցելիս եւ նամակ գրելիս հարկադրված էր ակնոց կրել, ինչից ամաչում էր եւ նույնիսկ իր առանձնասենյակում այն թաքցնում էր հետաքրքրասեր այցելուներից: Մի խոսքով, ես վստահ էի, որ եթե նրան վիճակված լիներ կրակել ատելի հակառակորդի վրա, նա չէր վրիպի:

գ Սկսեցին մոտենալ: Ես նկատեցի, որ պարոն Դանտեսի ձեռքերը դողում են, դեմքն ուռած է, եւ այդ ամենից երեւում էր, որ նա հախուռնորեն է անցկացրել նախորդ երեկոն, իսկ, թերեւս, նաեւ գիշերը: Դա մենամարտի լավագույն հաղթաթուղթը չէր:

Դանտեսը կրակեց. այդպես էլ կա, գնդակը թռավ-անցավ Ա.Ս.-ի գլխից գրեթե մեկ արշին բարձրությամբ եւ թշշալով խրվեց ձյան մեջ: Ա. Խ.-ն չարախնդորեն ժպտաց, այնուհետեւ նրա գունատ դեմքը լարվեց, նա կրակեց: Դանտեսը ցած գլորվեց, բայց անմիջապես ոտքի կանգնեց: Ճակատագիրը կամեցավ, որ հեծելազորային համազգեստը զարդարող բազմաթիվ կոճակներից մեկը փրկի նրա անիմաստ կյանքը:

Դանտեսը, սեթեւեթ ժպտալով, ձեռքը մեկնեց Պուշկինին, սակայն նա նզովելով՝ վայր նետեց ատրճանակն ու վազեց դեպի իր կառքը: Մենք բռնեցինք ետդարձի ուղին, ես ընթանում էի Ա. Ս.-ի կառքի ետեւից: Երբ անցանք ուղեկալը, ինձ թվաց, որ Պուշկինի կառքում կրակոց հնչեց: Ես մտածեցի, թե հողաթմբին բախվելով՝ կառքը ճռնչաց: Մենք կանգ առանք Ա.Ս.-ի տան մոտ: Կառքից դուրս գալիս նա հապաղում էր: Կամենալով օգնել նրան՝ ես մոտեցա: Պուշկինի դեմքը մարմարից էլ դժգույն էր, որովայնին սեղմած ձեռքն արնաշաղախ էր, ոտքերի տակ ընկած էր անգլիական արտադրության գրպանի ատրճանակը: «Ասա նրանց, որ սա Դանտեսն արեց»,- կամացուկ շշնջաց նա:

Ես այդպես էլ արեցի:

Սակայն, ակներեւաբար, պարոն Դանտեսը միանգամից չկռահեց առիթն օգտագործել` մենամարտողի իր փառքն ամրապնդելու համար: Այսպես թե այնպես, բայց մենամարտի իսկական ելքը եւ Ա.Ս.-ի ճակատագրականորեն վիրավորվելու պատճառը հայտնի դարձան կայսրին եւ, որ ավելի վատ է, Սրբազան սինոդին:

Միայն հանգուցյալի ազդեցիկ բարեկամների միջամտությամբ եւ կոմս Ա.Խ. Բենկենդորֆի միջամտության շնորհիվ հաջողվեց երեցներին համոզել, որ թույլատրեն Պուշկինին ոչ թե որպես ինքնասպանի թաղելու եկեղեցու ճաղաշարից դուրս, ինչպես պնդում էին նրա կղերական թշնամիները, այլ՝ որպես բարի ուղղափառի: Գիշերը, գրեթե գաղտնի, նրա մարմինը փոխադրվեց պսկովյան կալվածք եւ թաղվեց Սվյատոգորսկի վանքումգ»:

Կարելի է հասկանալ Պուշկինի հուսահատությունը, երբ ինքը ծիծաղի առարկա էր դարձել այն պատճառով, որ սպա Դանտեսը սիրահետում էր իր կնոջը եւ լուրեր ու բամբասանքներ էր տարածում, եւ ինքը հիմար պատահականության հետեւանքով չկարողացավ իր անարգանքը սրբել իրեն վիրավորողի արյունով: Նա պատկերացնում էր իր կրքերը փոթորկող պաթոսին հավասարապես համապատասխանող երկու ելք` սպանել կամ սպանվել: Սակայն նախախնամությունը չկամեցավ մատուցել ակնկալվող նշանը կամ էլ մատուցեց բնավ ոչ այն, ինչը Պուշկինը պատրաստ էր հնազանդորեն ընդունելու:

Եվ այդժամ իր գրական հերոսների ճակատագրերը կերտողը վճռեց շտկել Արարչի կամքը եւ վսեմ ողբերգության օրենքների համաձայն՝ մենամարտի ելքը փոխել նույնիսկ մահացու մեղքով` իր հոգին ծանրաբեռնելու գնով: Այդ վերջին մոլեգին հուսաբեկության եւ ճակատագրական պոռթկման մեջ ի հայտ չեկա՞վ արդյոք իր աֆրիկյան նախնիների արյան հրայրքը:

Պարացելսի վարդը

Երկու նկուղային սենյակներում տեղակայված լաբորատորիայում Պարացելսն աղոթում էր իր Աստծուն, Աստծուն ընդհանրապես, միեւնույն է, թե որ Աստծուն, որպեսզի նա նրան աշակերտ ուղարկի: Մթնում էր: Բուխարու փայլատ կրակն աղոտ ստվերներ էր նետում: Վեր կենալու եւ երկաթյա աշտանակը վառելու ուժ չէր մնացել: Հոգնությունն ուժասպառել էր Պարացելսին, եւ նա մոռացել էր իր պաղատանքի մասին: Գիշերն արդեն ջնջել էր փոշոտված փորձանոթների եւ թորանոթների ուրվագծերը, երբ դուռը թակեցին: Կիսանինջ տանտերը ելավ, բարձրացավ բարձր պտուտակավոր սանդուղքով եւ բացեց փեղկերից մեկը: Տուն մտավ անծանոթը: Նա էլ շատ հոգնած էր: Պարացելսը նրան մատնացույց արեց նստարանը, ներս մտնողը նստեց եւ սկսեց սպասել: Նրանք որոշ ժամանակ լռել էին:

Առաջինը խոսեց ուսուցիչը:

– Ինձ ծանոթ է դեմքի թե արեւելյան, եւ թե արեւմտյան տեսակը,- ոչ առանց հպարտության ասաց նա,- բայց քոնն ինձ անծանոթ է: Ո՞վ ես դու եւ ի՞նչ ես ինձանից սպասում:

– Իմ անունը նշանակություն չունի,- պատասխանեց ներս մտնողը: -Երեք օր ու երեք գիշեր ես ճամփին էի, մինչեւ որ հասա քո տուն: Ես ուզում եմ քո աշակերտը լինել: Ես ինձ հետ վերցրել եմ այն ամենը, ինչ ունեմ:

Նա հանեց խուրջինն ու պարպեց այն սեղանի վրա: Դրամները ոսկյա էին, եւ դրանք շատ-շատ էին: Նա այդ արեց աջ ձեռքով: Պարացելսը հեռացավ, որպեսզի վառի աշտանակը: Վերադառնալով, նա տեսավ, որ ներս մտնողի ձախ ձեռքին վարդ էր: Վարդը նրան հուզեց:

Նա ավելի հարմարավետ նստեց, մատների ծայրերը խաչեց եւ արտաբերեց.

– Դու հուսով ես, թե ես կարող եմ ստեղծել մի քար, որն ունակ կլինի ոսկու վերածելու բոլոր բնական տարրերը, եւ ինձ ոսկի ես առաջարկում: Բայց ես ոսկի չեմ փնտրում, եւ եթե քեզ հետաքրքրում է ոսկին, դու երբեք իմ աշակերտը չես լինի:

– Ոսկին ինձ չի հետաքրքրում,- պատասխանեց ներս մտնողը,- այս դրամները սոսկ իմ աշխատելու պատրաստակամության ապացույցն են: Ես ուզում եմ, որպեսզի դու ինձ Գիտություն ուսուցանես: Ես ուզում եմ քո կողքին անցնել առ Քարը տանող ճամփան:

Պարացելսը դանդաղ արտաբերեց.

– Ճանապարհը` հենց Քարն է: Տեղը, որտեղից գալիս ես` հենց Քարն է: Եթե դու չես հասկանում այս խոսքերը, ապա դու առայժմ ոչինչ չես հասկանում: Յուրաքանչյուր քայլ նպատակ է:

Ներս մտածը կասկածանքով նրան էր նայում: Նա հստակ արտասանեց.

– Ուրեմն, այդուհանդերձ, նպատակ կա՞:

Պարացելսը ծիծաղեց.

– Ինձ անարգողները, նույնչափ բազմաթիվ, որչափ եւ անհեռատես, հավատացնում են, որ չկա, եւ ինձ խաբեբա են կոչում: Ես այդ առթիվ այլակարծիք եմ, սակայն ընդունում եմ, որ իսկապես ինձ պատրանքներով եմ հրապուրում: Ինձ լոկ հայտնի է, որ կա Ճանապարհը:

Լռություն իջավ, այնուհետեւ ներս մտածն ասաց.

– Ես պատրաստ եմ այն քեզ հետ անցնելու, եթե հարկ լինի` դրա վրա տարիներ վատնել: Թույլ տուր ինձ հաղթահարել անապատը: Թույլ տուր ինձ, դե թեկուզ հեռվից տեսնել ավետյաց երկիրը, եթե նույնիսկ ինձ վիճակված չէ այնտեղ ոտք դնել: Սակայն, նախքան ճամփա ընկնելը, տուր ինձ քո վարպետության մի ապացույց:

– Ե՞րբ,- տագնապով հարցրեց Պարացելսը:

– Անհապաղ,- անսպասելի հաստատակամությամբ պատասխանեց աշակերտը:

Սկզբում նրանք լատիներեն էին խոսում, այժմ՝ գերմաներեն:

Պատանին բարձրացրեց իր առջեւ վարդը.

– Ասում են, թե դու կարող ես, քո գիտությամբ զինված, այրել վարդն ու այնուհետեւ այն մոխիրներից վերածնել: Թույլ տուր ինձ այդ հրաշքի վկան լինել: Ահա թե ինչի մասին եմ ես քեզ խնդրում, եւ ես կյանքս անմնացորդ քեզ կտամ:

– Դու չափազանց դյուրահավատ ես,- ասաց ուսուցիչը: -Ես դյուրահավատության կարիք չունեմ: Ինձ հավատ է հարկավոր:

Ներս մտածն իրենն էր պնդում.

– Հենց այն պատճառով, որ ես անվստահ եմ, ես ուզում եմ աչքովս տեսնել վարդի անհետացումն ու դարձն առ կյանք:

Պարացելսը վերցրեց այն, խոսելով, խաղում էր դրանով:

– Դու դյուրահավատ ես,- կրկնեց նա: -Դու պնդում ես, որ ես կարող եմ այն վերացնե՞լ:

– Ուզածդ մեկը կարող է այն վերացնել,- ասաց աշակերտը:

– Դու մոլորվում ես: Մի՞թե դու կարծում ես, թե հնարավոր է վերադարձ առ անգոյություն: Մի՞թե դու կարծում ես, թե Ադամը դրախտում կարող էր վերացնել դե թեկուզ մի ծաղիկ, դե թեկուզ խոտի մի ծեղ:

– Մենք դրախտում չենք,- համառորեն կրկնում էր պատանին,- այստեղ, լուսնի տակ, ամենայն ինչ մահկանացու է:

Պարացելսը ելավ:

– Դե ուրեմն որտե՞ղ ես դու: Մի՞թե դու կարծում ես, թե Ամենազորը կարող էր դրախտից զատ ինչ-որ այլ բան ստեղծել: Արդյոք դու հասկանո՞ւմ ես, որ Մեղանչումը` մեր դրախտում լինելը չգիտակցելն է:

– Վարդը կարող է այրվել,- համառում էր աշակերտը:

– Սակայն բուխարու մեջ կրակը մնում է,- ասաց Պարացելսը:

– Բավ է դու այդ վարդը հրի մեջ նետես եւ դու կհամոզվես, որ այն կանհետի, իսկ մոխիրը իսկական կլինի:

– Ես կրկնում եմ, որ վարդն անմահ է, եւ որ միայն նրա կերպարանքն է փոխվում: Միայն իմ խոսքը բավական կլիներ, որպեսզի դու այն կրկին տեսնեիր:

– Մեն մի խո՞սքը,- թերահավատությամբ ասաց աշակերտը: -Թորանոթը անգործ կեցած է, իսկ փորձանոթները ծածկված են փոշու շերտով: Ուրեմն դու ինչպե՞ս կարող ես նրան կյանքի կոչել:

Պարացելսը ափսոսանքով նայեց նրան:

– Թորանոթը անգործ կեցած է,- կրկնեց նա,- եւ փորձանոթները ծածկված են փոշու շերտով: Ինչից ասես ես չեմ օգտվել իմ երկար կենաց ընթացքում, իսկ հիմա ես բավարարվում եմ առանց դրանց:

– Իսկ ինչի՞ց ես դու օգտվում այժմ,- առերեւույթ խոնարհությամբ հարցրեց ներս մտածը:

Այն բանից, ինչից որ օգտվում էր երկինք ու երկիր ստեղծած Ամենազորը, եւ անտեսանելի Դրախտը, որում մենք բնակվում ենք եւ որը ծածկված է մեզանից առաջին մեղքով: Ես նկատի ունեմ Բանը, որը հասկանալուն մեզ օգնում է Կաբբալան:

Աշակերտը լիակատար անտարբերությամբ ասաց.

– Ես խնդրում եմ, որպեսզի դու ինձ ցուցադրես վարդի անհետացումն ու հայտնությունը: Իսկ այդ ընթացքում թե դու ինչին ես դիմում`թորանոթին թե Խոսքին` ինձ համար նշանակություն չունի:

Պարացելսը մտորմունքի մեջ ընկավ: Այնուհետեւ նա ասաց.

– Եթե ես դա անեի, դու կարող ես ասել, որ ողջ տեսածը` ընդամենը տեսողական խաբկանք է: Հրաշքը քեզ չի բերի որոնելի հավատը: Այդ պատճառով դիր վարդը:

Պատանին անվստահությամբ նայում էր նրան: Այդժամ ուսուցիչը, ձայնը բարձրացնելով, ասաց.

– Իսկ քեզ ո՞վ է իրավունք տվել մտնել ուսուցչի տուն եւ հրաշք պահանջել: Ինչո՞վ ես դու արժանացել համանման ողորմածության:

Ներս մտածը, հուզմունքով համակված, արտաբերեց.

– Ես գիտակցում եմ իմ այժմյան ոչնչությունը: Ես աղերսում եմ քեզ հանուն իմ երկար տարիների գալիք աշակերտության քեզ մոտ, թույլ տաս ինձ տեսնելու մոխիրը, իսկ այնուհետեւ՝ վարդը: Ես այլեւս ոչ մի բանի մասին քեզ չեմ խնդրի: Իմ աչքերով տեսածն էլ ինձ համար ապացույց կլինի:

Կտրուկ շարժումով նա ճանկեց վարդը, որը Պարացելսը նոտակալի վրա էր թողել, եւ կրակը նետեց: Ծաղիկը հալվեց, եւ մնաց մոխրակույտը: Որոշ ժամանակ նա հրաշք ու խոսք էր սպասում:

Պարացելսն անվրդով էր: Նա անսպասելի շիտակությամբ ասաց

– Բազելի բոլոր բժիշկներն ու դեղագործները ինձ խաբեբա են համարում: Ինչպես երեւում է, նրանք ճիշտ են: Ահա մոխիրը, որը վարդ էր եւ որը այլեւս այն չի լինի:

Պատանին ամոթ զգաց: Պարացելսը սուտասան էր կամ էլ երեւակայամոլ, իսկ ինքը, ներխուժելով նրա մոտ, պահանջում էր, որ նա ընդուներ իր ողջ կախարդական գիտության անզորությունը:

Նա ծնկները ծալեց ու ասաց.

– Ես զանցանք գործեցի: Իմ հավատը չբավեց, առանց որի՝ Տիրոջ համար չկա բարեպաշտություն: Դե ուրեմն թող աչքերն իմ տեսնեն մոխիրը: Ես կվերադառնամ, երբ ոգին իմ ամրապնդվի, կդառնամ քո աշակերտը, եւ ճանապարհի վերջում ես կտեսնեմ վարդը:

Նա խոսում էր անկեղծ զգացմունքով, սակայն այդ զգացմունքը հարուցվել էր կարեկցանքից առ ծեր ուսուցիչը, այդչափ մեծարվող, այդչափ տառապած, այդչափ արտասովոր եւ այդ պատճառով՝ այդչափ աննշան: Ինչպես է նա համարձակվում, Յոհան Գրիզեբախը, իր պիղծ ձեռքով պոկել դիմակը, որը ծածկում է դատարկությո՞ւնը:

Թողած ոսկեդրամները ողորմություն կլինեին: Հեռանալիս նա դրանք վերցրեց: Պարացելսը նրան մինչեւ սանդուղքը ուղեկցեց եւ ասաց, որ այս տանը նա միշտ ցանկալի հյուր կլինի: Երկուսն էլ հիանալիորեն հասկանում էին, որ իրենք այլեւս չեն հանդիպի:

Պարացելսը մենակ մնաց: Մինչ աշտանակը մարելն ու բազմոցի մեջ հարմարավետ տեղավորվելը, նա թափ տվեց մոխրակույտի պտղունցը, կամացուկ արտաբերեց Բառը: Եվ հայտնվեց վարդը:

Ազգագրագետը

Հենց պատմությունն ինձ պատմեցին Տեխասում, բայց տեղի էր ունեցել այն այլ վայրում: Եվ թեպետ դարերի ընթացքում նրա հերոսներն էին բյուր-հազարավոր իրական եւ ցնորական, կենդանի եւ մեռյալ մարդիկ, նրա հերոսը մեկն է: Նրան, որքան հիշում եմ, կոչում էին Ֆրեդ Մերդոք: Նա ամերիկավարի պարթեւահասակ էր, ոչ մուգ եւ ոչ էլ բաց գույնի մազերով, ձեւված էր առանց առանձնահատուկ տարօրինակությունների եւ զրույցի սիրահար չէր: Ոչնչով չէր առանձնանում, նույնիսկ այն շինծու չնմանությամբ այլոց, ինչը ներհատուկ է երիտասարդությանը: Ի ծնե հարգալից, Մերդոքը պաշտում էր գրքերն ու նրանց ստեղծողներին: Նա դեռեւս դուրս չէր եկել այն տարիքից, երբ մի կարգին չգիտես, ով ես դու, եւ առանց ետ նայելու, նետվում ես այն ամենի վրա, ինչ պատահում է` պարսիկների միստիկան եւ հունգարացիների հանելուկային ծագումը պատերազմի կամ հանրահաշվի հանկարծական փոփոխությունները, ճգնակեցությունը կամ շվայտությունը: Համալսարանում նրան առաջարկեցին մասնագիտանալ հնդկացիների բարբառներում: Արեւմուտքի որոշ ցեղերում դեռեւս պահպանվել էին գաղտնի ծեսերը: Մերդոքի գիտական ղեկավարը, տարեց մի պրոֆեսոր, նրան հանձնարարեց բնակվել հնդկացիների մոտ, հետեւել նրանց ծեսերին եւ հասու լինել գաղտնիքին, որը կախարդը բաց է անում շնորհառություն անցնող պատանիներին: Հետո նա դիսերտացիա կպատրաստի, որը ղեկավարությունը պարտավորվում է տպագրել: Ֆրեդը սիրով համաձայնվեց: Նրա նախնիներից մեկը զոհվել էր սահմանամերձ բախումներում, այժմ այդ վաղեմի երկպառակությունը, ընդհակառակը, դառնում էր կապող օղակ: Նա, անշուշտ, հասկանում էր, որ հեշտ չի լինի, հարկ է հասնել այն բանին, որ կարմրամորթները իրեն յուրային համարեն: Եվ, այդուհանդերձ, նա ձեռք զարնեց այդ երկարատեւ գործին: Երկու տարուց ավելի նա ապրեց լիակատար ամայության մեջ, կաշվե վրանի ծածկույթի տակ, իսկ երբեմն քնեց բաց երկնքի ներքո: Ելնում էր ադամամութին, լուսադեմին պառկում էր, սկսել էր մտածել օտար լեզվով: Քիմքը վարժեցրել էր հասարակ համին, ինչ ասես հագնում էր, մոռացել էր ընկերներին ու քաղաքը, սովորել էր այլ, տրամաբանություն անտեսող, մտակարգին: Աշակերտության առաջին ամիսներին գրառումներ էր անում, սակայն հետո թողեց, ոչ այն է` ուշադրություն չգրավելու համար, ոչ այն է՝ դեռեւս դրանց կարիքը չզգալով: Անցավ այն ժամկետը, որ տրված էր մարմնի եւ մտքի փորձությունների համար, եւ մոգը հրամայեց նրան հիշել իր երազը, իսկ լուսաբացին պատմել այն: Մերդոքն արդեն համոզվել էր, որ լիալուսնի գիշերներին նա երազում բիզոններ է տեսնում: Լուսադեմին նա դաստիարակին պատմեց կրկնվող երազը, եւ նա էլ վերջապես բացեց նրա առաջ գաղտնի գիտության գանձարանները: Մի օր լուսաբացին, ոչ մեկին չզգուշացնելով, Մերդոքն անհետացավ:

Քաղաքում նա սկզբում կարոտ զգաց առ այն առաջին երեկոներն ամայության մեջ, երբ, շատ օրեր առաջ, կարոտում էր քաղաքին: Նա հայտնվեց պրոֆեսորի կաբինետում, ասաց, որ գիտի գաղտնիքը, բայց որոշեց այն չհրապարակել:

– Դուք ի՞նչ է, երդո՞ւմ եք տվել,- հարցրեց զրուցակիցը:

– Բանն այդ չէ,- արձագանքեց Մերդոքը: -Այնտեղի հեռվում ես այնպիսի մի բան իմացա, որի մասին չես պատմի:

– Գուցե մեղավորը անգլերե՞նն է,- ենթադրեց պրոֆեսորը:

– Ոչ, ոչ: Այսօր, տիրապետելով գաղտնիքին, ես կարող եմ շարադրել այն հազարավոր տարաբնույթ կերպերով: Միայն մի բան չգիտեմ` ինչպես հաղորդել, որ գաղտնիքն անգին է, եւ մեր գիտությունը, ողջ մեր այս գիտությունը, դրա կողքին դատարկ բան է թվում: -Լռելով, նա հավելեց,- Ի վերջո, ամենակարեւորը նույնիսկ գաղտնիքը չէ, այլ առ այն տանող ուղիները: Ահա թե ինչը պիտի անցնես:

Պրոֆեսորը սառնությամբ հարեց.

– Դե ինչ, ձեր որոշման մասին հայտնեք Խորհրդին: Մտածում եք վերադառնալ հնդկացիների մո՞տ:

Մերդոքն առարկեց.

– Ոչ, դա հազիվ թե հնարավոր է: Դե եւ ինչո՞ւ: Այդ մարդիկ ինձ սովորեցրին այն, առանց որի չես կարող բավարարվել եւ ոչ մի տեղ եւ ցանկացած ժամանակ:

Դրանով, կարճ ասած, զրույցն ավարտվեց:

Ֆրեդն ամուսնացավ, բաժանվեց եւ Նյու Յորքի համալսարանում գրադարանավար է աշխատում: