Միջազգային «Save the Children» («Փրկենք երեխաներին») բարեգործական կազմակերպությունը հրապարակել է զեկույց` աշխարհի 125 երկրներում մայրության հետ կապված իրավիճակի մասին: «Save the Children»-ի ուսումնասիրության ընթացքում հաշվի են առնվել հետեւյալ գործոնները` մայրերի եւ երեխաների մահացության դեպքերը ծննդաբերության ժամանակ, ժամանակակից դեղամիջոցների օգտագործումը, կանացի առողջության ոլորտում բժշկության զարգացման աստիճանը: Կազմակերպության ցանկում առաջին հորիզոնականում է Շվեդիան, երկրորդ հորիզոնականը կիսում են Դանիան եւ Ֆինլանդիան, որոնց հաջորդում են Նորվեգիան, Ավստրիան եւ Գերմանիան: Բարենպաստ իրավիճակ է նաեւ Ավստրալիայում, Կանադայում եւ Նիդեռլանդներում, իսկ լավագույն տասնյակը եզրափակում են Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը: «Save the Children»-ի զեկույցում Հայաստանը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Նախկին Խորհրդային Միության հանրապետություններից 16-րդ հորիզոնականում է Բելառուսը, 21-րդում` Ուկրաինան, 24-րդում` Մոլդովան: Ռուսաստանն ու Ուզբեկստանը կիսել են 27-րդ հորիզոնականը, Ղազախստանը հանգրվանել է՝ 32-րդ, Թուրքմենստանը` 44-րդ, իսկ Ադրբեջանն ու Ղրղըզստանը` 52-րդ հորիզոնականներում: Տաջիկստանը զբաղեցնում է 69-րդ հորիզոնականը: Մայրության համար ամենաանբարենպաստ շրջաններն են երրորդ աշխարհի երկրները, մասնավորապես` աֆրիկյան մայրցամաքը: «Save the Children»-ի կազմած ցանկի վերջին հորիզոնականում է Նիգերիան: