ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն` մարտի լույս 4-ի գիշերը ՀՀ Տավուշի մարզի Կոթի գյուղի մերձակայքում Ադրբեջանից հայկական տարածք է ներխուժել 5-6 հոգուց բաղկացած զինված դիվերսիոն խումբ: Պետական սահմանն անցած խումբը զբաղվել է նաեւ ավազակային գործողություններով եւ անասնագողությամբ: Հայկական կողմի ձեռնարկած հատուկ միջոցառումների արդյունքում խումբը վնասազերծվել է, ադրբեջանական կողմից կան զոհեր: Մեկ դիակ գտնվում է հայկական տարածքում, ծանր վիրավորված եւս մեկ դիվերսանտ մահացել է հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին, մեկ այլ դիակ ենթադրաբար գտնվում է չեզոք գոտում: Դիվերսիոն խմբի վիրավոր մյուս անդամներին հաջողվել է փախչել եւ անցնել սահմանը: Հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: