ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի բնորոշմամբ` ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի քննարկումը նման էր «լոբբինգների պատերազմի»: «Քննարկման ժամանակ մատնանշվեցին «կողմ» եւ «դեմ» արտահայտվողների հստակ մոտեցումները, եւ առաջիկայի համար Հայաստանը պարտավոր է վերլուծել բոլոր «դեմ»-երի ելույթները: Փոփոխություններ են պետք լոբբինգի մարտավարության մեջ: Պետք է լինի հայեցակարգված մոտեցում»,- ասել է Ռուստամյանը: Ըստ նրա` «սար ու ձորի տարբերություն կա» հայկական եւ թուրքական լոբբինգների ֆինանսական ծախսերի միջեւ. «Մի կողմից` Հայ դատի գրասենյակներն են եւ հայկական կազմակերպությունները, մյուս կողմից` թուրքական պետությունը»: Բանաձեւի քննարկման ժամանակ թուրքական կողմի կեցվածքը, Ա. Ռուստամյանի կարծիքով, պետք է սթափեցնող ազդեցություն ունենա ՀՀ իշխանությունների վրա, քանի որ Թուրքիան, ըստ նրա, չի հրաժարվելու նրանից, ինչ ուզում է ստանալ, հատկապես` ԼՂՀ հարցով: Նրա ասելով` բանաձեւի ընդունումը շատ կարեւոր է, բայց վերջը չէ, եւ որպեսզի այն ընդունվի նաեւ Կոնգրեսի լիագումար նիստում, պետք է միավորել բոլոր ուժերը` պետական ողջ ապարատի, հայկական կազմակերպությունների ներուժը: Իսկ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` Թուրքիան փորձում էր սպառնալիքի լեզվով խոսել բոլորի հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ ռազմական գործընկեր լինելով ԱՄՆ-ի հետ, կարող է իրեն իրավունք վերապահել ճնշումներ գործադրել այնպիսի գերտերության Կոնգրեսի վրա, ինչպիսին ԱՄՆ-ի Կոնգրեսն է: «Պարզ է, որ Թուրքիան անհանգստացած է. Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը ասել է, որ արձանագրությունները չեն վավերացվի՝ մինչեւ չունենան միջազգային իրավական փաստաթուղթ, որ ՀՀ ՍԴ որոշումն արժեք չունի: Նաեւ ասել էր, թե կպահանջենք ԼՂՀ-ի հիմնահարցի կարգավորման մանրամասն համաձայնեցված ճանապարհային քարտեզ: Իհարկե, սրանք արդեն այն նախապայմաններն են, որ այսօր Թուրքիան այլեւս չի թաքցնում, պարզ է, որ Թուրքիան չի պատրաստվում վավերացնել արձանագրությունները եւ նման բանաձեւերը շատ հեշտությամբ որպես պատրվակ կարող է օգտագործել: Մենք կբանակցենք Թուրքիայի հետ այն օրը, երբ Թուրքիան կխոսի առանց նախապայմանների, սակայն այժմ ճիշտ է դուրս գալ բանակցային գործընթացից, այլապես ինչքան ուշացնենք, այնքան դժվար կլինի դա անել»,- ասել է Կ. Մանոյանը: