Այլեւս հետամուտ չէ

07/03/2010

Պայմանները փոխվել են, եւ ԱՄՆ-ի կարծիքով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող խնդիրների քննարկումն ամենանպատակահարմար ուղին է: Այս մասին երեկ Կոստա Ռիկայում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Ե՛վ Դուք, եւ՛ նախագահ Օբաման նախքան ձեր պաշտոնավարումն աջակցում էիք 1915թ. իրադարձությունները որպես Ցեղասպանություն ճանաչելուն ուղղված արշավին: Սակայն վերջին օրերին եւ՛ Դուք, եւ՛ Օբաման կոչ արեցիք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին` դեմ քվեարկել բանաձեւին: Ինչո՞ւ եք այդ հարցում փոխել ձեր դիրքորոշումը» հարցին Քլինթոնը պատասխանել է. «Կարծում եմ` պայմանները շատ են փոխվել: Երբ նախագահ Օբաման եւ ես սկսեցինք պաշտոնավարել, որոշում կայացրեցինք աջակցել Շվեյցարիայի նախաձեռնած հայ եւ թուրք իշխանությունների միջեւ երկխոսության ծավալման գործընթացին եւ աջակցեցինք: Ես նույնպես Ցյուրիխում էի, երբ 2 երկրները ստորագրում էին հարաբերությունների կարգավորում նախատեսող արձանագրությունները: Կարծում ենք` ամենանպատակահարմար ուղին հարաբերությունների կարգավորման առջեւ ծառացած խնդիրների քննարկումն է»: Նա նաեւ հայտարարել է, որ Սպիտակ տունը չի կարծում, թե Կոնգրեսի բոլոր նախաձեռնությունները տեղին են, եւ որ իրենք դեմ են Ցեղասպանության բանաձեւի նախաձեռնությանը: Ի դեպ, պետքարտուղարը հույս է հայտնել, որ բանաձեւն, այնուամենայնիվ, չի մտնի Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ: