Վարդենիսում անտեղյակ են

08/09/2005 Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Բազմիցս մեր պաշտոնյաներն արտահայտել են այն կարծիքը, թե ժողովուրդը 2-3
ամիս ունի` տեղեկանալու համար, թե ինչ Սահմանադրություն է ապագայում
ունենալու։ Եթե Երեւանում են շատերն անտեղյակ Սահմանադրության
փոփոխություններից, ապա ի՞նչ կլինի հեռավոր մարզերում։ Վերջերս
Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում պատահական անցորդներից կատարված
փոքր սոցհարցումից պարզ դարձավ, որ ժողովուրդը նույնիսկ չգիտի էլ, որ
Սահմանադրական բարեփոխումների հարցն է քննարկվում։ 50 անցորդներից
Սահմանադրական փոփոխությունների մասին հեռուստատեսությամբ հնչող կցկտուր
տվյալներից տեղյակ էին միայն 8-ը։ Իսկ անցորդներից մեկն էլ բարկացած
պատասխանեց. «Ինչ է, ամեն ամիս Սահմանադրությո՞ւն եք փոխում, երկու ամիս
առաջ չընդունեցի՞նք նոր Սահմանադրությունը»։ Մեր այն հարցին, թե ո՞վ է
ընդունել այդ նոր Սահմանադրությունը, պատասխանեց. «Էլ ո՞վ, ԱԺ-ն ընդունեց,
իսկ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ ստորագրեց»։