10 դրամանոց «ախպերություն»

07/03/2010

Բենզինի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները հեղուկ վառելիքը թանկացրեցին նույն օրը, նույն ժամին` միմյանց հետ փոխհամաձայնեցված, մինչդեռ թանկացման պատճառների վերաբերյալ բոլորը տալիս են իրարից խիստ տարբեր ու հակասական պատասխաններ:

Անցնող շաբաթվա ընթացքում արձանագրված դրամի արժեւորումն, անշուշտ, պետք է անդրադառնար սպառողական գների վրա: Մարտի 4-ին «Նասդաք Օէմէքս Արմենիա» ֆոնդային բորսայում կատարված գործարքների միջին կշռված փոխարժեքը կազմել է 387,61 դրամ` 1 դոլարի դիմաց, իսկ երեկ, տարադրամի փոխանակման կետերում 1 դոլարի փոխարժեքը կազմում էր 389 դրամ: Դրամի արժեւորումն առաջին հերթին անդրադարձավ լայն սպառման ապրանքատեսակներից մեկի` բենզինի վրա: Ընդամենը 1 օրվա մեջ, գրեթե նույն ժամին հանրապետության բենզալցակայանների տերերը «միասնաբար» թանկացրեցին բենզինը առնվազն 10 դրամով: Այսօր արդեն «ռեգուլյար» տեսակի բենզինի 1 լիտրը մայրաքաղաքի բենզալցակայաններում վաճառվում է 370, «պրեմիումը»` 390, «սուպերը»` 420, իսկ դիզելային վառելիքի 1 լիտրը` 330 դրամով: Եթե հաշվի առնենք փորձագետների այն կանխատեսումները, որ դրամի արժեւորումը շարունակվելու է, ապա, պարզ է դառնում, որ բենզինի գինն այս մակարդակի վրա կանգ չի առնի: Հիշեցնենք, որ, օրինակ, ըստ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի, մինչեւ 2010թ. մայիս ամիսը դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կտատանվի 400-450 դրամի սահմանում: Իր կանխատեսումներից մեկում տնտեսագետը նշել էր անգամ 1 դոլարի դիմաց մինչեւ 800 դրամի սահմանը:

Ուշագրավ է, որ տնտեսվարողները բենզինի թանկացումը տարբեր կերպ են մեկնաբանում: Ստացվում է, որ թանկացրել են նույն օրը, նույն ժամին, բայց` տարբեր պատճառաբանություններով: Ըստ բենզինի ներկրմամբ զբաղվող խոշոր ընկերություններից մեկի` «Ֆլեշի» փոխտնօրեն Մուշեղ Էլչյանի, թանկացումը պայմանավորված է միջազգային շուկայում արձանագրված գնաճով: Մինչդեռ բավական է հետեւել միջազգային կայքերում նշված նավթամթերքի գնային փոփոխությունների դինամիկային, համոզվելու համար, որ առնվազն վերջին 1 շաբաթվա ընթացքում համաշխարհային շուկայում որեւէ թանկացում չի արձանագրվել, ավելին` բենզինի որոշ տեսակների` AԼ-92-ի, AԼ-95-ի եւ AԼ-98-ի գները նախորդ շաբաթվա ընթացքում նույնիսկ նվազել են 0,9 տոկոսով: Ի պատասխան մեր այս դիտարկմանը՝ Մ. Էլչյանը խորհուրդ տվեց չհավատալ այդ տեղեկատվությունները տարածող կայքերին, քանի որ, ըստ նրա` դրանք ստեղծված են միայն մարդկանց ապակողմնորոշելու համար, եւ հավելեց, որ մեր նշած ժամանակահատվածում, այսինքն` նախորդ շաբաթ, ոչ թե բենզինի գնանկում, այլ գնաճ է արձանագրվել, ինչն էլ ուղղակիորեն անդրադարձել է տեղական շուկայի վրա:

Սովորաբար, միջազգային շուկայում նավթի գնի անգամ ամենաչնչին տատանումները, իհարկե գնաճի առումով՝ անմիջապես անդրադառնում են տեղական շուկայի վրա, մինչդեռ գնանկման դեպքում` ներկրվող որեւէ ապրանքատեսակի, այդ թվում նաեւ՝ բենզինի գնանկում տեղի չի ունենում: Սակայն, նշենք, որ եթե անգամ միջազգային շուկայում նավթի գների տատանումներ են գրանցվում, ապա դա ոչ մի կերպ չի կարող անմիջապես ազդեցություն ունենալ տեղական շուկայում` բենզինի գների վրա, այն պարզ պատճառով, որ բենզինը նավթից ստացվող` վերամշակվող արտադրանք է եւ տվյալ պահին նավթի համար սահմանված գինը չի կարող նույն պահին անդրադառնալ բենզինի գնի վրա: Լավագույն դեպքում այն պետք է որ ցանկացած, այդ թվում նաեւ՝ հայաստանյան շուկայի վրա անդրադառնա 1,5-2 ամիս հետո: Բացի այդ, բենզինի ներկրմամբ զբաղվող ընկերությունները ամեն օր բենզին չեն ներկրում, հետեւապես, եթե անգամ, ինչպես պարոն Էլչյանն է պնդում` մարտի 2-ին 1% գնաճ է արձանագրվել, ապա մեր շուկան չէր կարող հենց մարտի 3-ին արձագանքել միջազգային շուկայի գնաճին, այն պետք է տեղի ունենար գոնե բենզինի նոր խմբաքանակի ներկրման ժամանակ: Ըստ էության, այս պահին բենզինի թանկացման մեջ, դրամի արժեզրկումից ու գազի սպասվելիք թանկացումից բացի, այլ գործոն պետք չէ փնտրել: Պարզապես բենզինի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողները, թանկացնելով շաբաթներ առաջ ներկրված բենզինը, արդեն իսկ ապահովագրում են իրենց` դրամի հետագա արժեզրկման հետեւանքով սպասվող վնասներից: Ավելի ճիշտ` գերշահույթների համեմատական նվազումից:

Բենզինը Հայաստան է ներկրվում հիմնականում Ռումինիայից եւ Բուլղարիայից, որտեղ ներկրողը դոլարով վճարելով գնված բենզինի համար, Հայաստանում եւս իր եկամուտը հաշվարկում է դոլարով, եւ բնական է, որ դրամի շարունակական արժեզրկման պարագայում, ակնկալվող շահույթը չնվազեցնելու համար, նա պետք է ապահովագրի իրեն: Առաջին հայացքից 1 լիտրի մեջ 10 դրամի թանկացումը տոկոսային հարաբերությամբ գուցե այնքան բարձր չէ, սակայն ամենակոպիտ հաշվարկներով անգամ պարզ է դառնում, թե այդ լրացուցիչ 10 դրամները որքան հավելյալ եկամուտ են ապահովում ներկրողի համար:

Ինչ վերաբերում է բենզինի եւ գազի սպասվելիք գնաճի միջեւ տրամաբանական կապին, ապա պարզ է, որ դրանք հանդես են գալիս որպես միմյանց փոխարինող ապրանքներ, եւ եթե գազը թանկանա, իսկ բենզինը` ոչ, ապա, բնականաբար, շատերը գազի փոխարեն կնախընտրեն բենզին օգտագործել, քանի որ գնալով գազով եւ բենզինով աշխատող մեքենաների միջեւ եղած գնային տարբերությունը նվազում է: Որպեսզի երկու մոնոպոլ բիզնեսների միջեւ հակասություն չառաջանա, բենզինի գինը գազի հետ համամասնորեն կթանկանա: Համենայն դեպս, նախորդ թանկացումների հաջորդականությունը հուշում է, որ մեր բենզին ներկրողները, ավելորդ գլխացավանքից ու խոսակցություններից զերծ մնալու համար, միանգամից կտրուկ թանկացումների չեն գնում: Մեկնարկը սկսել են 10 դրամից, որպեսզի հասցնեն մինչեւ ապրիլի 1-ը եւս 20 կամ 30 դրամով թանկացնել բենզինը:

Մեզ հետ զրույցում բենզինի վաճառքով զբաղվող ընկերություններից մեկի տնօրենն էլ խոստացավ ձայնագրիչի առջեւ անկեղծանալ ու բացահայտել բենզինի թանկացման «առեղծվածը», եթե մենք էլ մեր հերթին խոստանանք չհրապարակել իր եւ իր ղեկավարած ընկերության անունը. «Ախր բենզին ներկրողն ո՞վ է, որ հարց որոշի: Գին թանկացնողը վարչապետն է, հրահանգը հենց նրա կողմից է տրվել: Զանգել-ասել են՝ թանկացրեք, մենք էլ սուս ու փուս թանկացրել ենք: Վե՛րջ»:

Նշենք նաեւ, որ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2010թ. փետրվարին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ բենզինի գնաճը կազմել է 44.2 տոկոս, իսկ դիզելային վառելիքինը` 29.8 տոկոս:

Գայանե ՍԱՀԱԿՅԱՆ