ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը դարձել է «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի սեփականատեր: Այս մասին երեկ հայտնել է Սարիբեկ Սուքիասյանի փաստաբան Լուսինե Սահակյանը` ներկայացնելով գործարանի բաժնետոմսերի գնման հետ կապված պատմությունը: Ըստ նրա` Ռոբերտ Հարությունյանը եւ Գոռ Դավթյանը հանդիսացել են «Բյուրեղ հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի 32.467 հատ (85,6%) բաժնետոմսերի սեփականատերերը: Ընկերությանն էր պատկանում Բջնի գյուղում մի փոքր տարածք: Ըստ փաստաբանի` կանխատեսելով, որ «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ գույքը կխլեն 02.10.2008թ. Ռոբերտ Հարությունյանից եւ Գոռ Դավթյանից` առուվաճառքի պայմանագրով գնվել են նշված բաժնետոմսերը Սարիբեկ Սուքիասյանի կնոջ` Ասպրամ Տոնոյանի անունով: «Նշված պայմանագրի 9-րդ կետով Ռոբերտը եւ Գոռը հավաստել են, որ Ընկերության այլ բաժնետերերի, ինչպես նաեւ Ընկերության նկատմամբ պահպանվել է նախապատվության կիրառման օրենքով սահմանված բոլոր գործառույթները»,- ասել է նա: Բաժնետոմսերը ձեռք բերելուց հետո այդ Ընկերությունում 9 տոկոս բաժնետոմսեր ունեցող ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը հայց է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին, այն պատճառաբանությամբ, որ խախտվել է իր նախապատվության իրավունքը (այսինքն` նախքան վաճառքը բաժնետոմսերը իրեն չեն առաջարկել): Դատական գործընթացի ժամանակ Ասպրամ Տոնոյանը առաջարկել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը` նույն պայմաններով ձեռք բերել բաժնետոմսերը` իր կողմից վճարած գումարը վերադարձնելով, ինչը Գյուղնախարարության կողմից մերժվել է: 2009թ. մայիսի 15-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճիռ է կայացրել բաժնետոմսերի առուվաճառքի գործարքն անվավեր ճանաչելու մասին: Վճռի հետագա բողոքարկումները որեւէ արդյունք չեն տվել: «Սակայն Գոռը եւ Ռոբերտը պարտավորվել են բաժնետոմսերը կրկին վաճառել` այս անգամ խոստանալով պահպանել օրենքի պահանջները: Այդ կապակցությամբ մայիսի 22-ին բաժնետոմսերի առուվաճառքի նախնական պայմանագիր է կնքվել Ռոբերտ Հարությունյանի, Գոռ Դավթյանի եւ Ասպրամ Տոնոյանի միջեւ (նոտարական կարգով)»,- ասել է Լ. Սահակյանը: Նաեւ հավելել է, թե 2010թ. հունվարի 10-ին Գոռ Դավթյանը եւ Ռոբերտ Հարությունյանը գրավոր առաջարկներ են ուղարկել Ընկերության բաժնետերերին` որպեսզի սպառեն նախապատվության իրավունքի հետ կապված միջոցները: «Փոքր բաժնետերերից մեկը, ով հանդիսացել է Գ. Դավթյանի եւ Ռ.Հարությունյանի նախկին աշխատակիցը (հաշվապահը), գրավոր ցանկություն է հայտնել գնել առաջարկվող բաժնետոմսերը: Դրանից հետո, այդ նույն փոքր բաժնետերն իր բաժնետոմսերը նվիրել է Ռուբեն Հայրապետյանին, ով հանդես գալով որպես նրա իրավահաջորդ` փետրվարի 11-ին Գոռին եւ Ռոբերտին թղթեր է ստորագրել տվել, որ ցանկանում է գնել այդ բաժնետոմսերը: Փետրվարի 12-ին Գ. Դավթյանը Սուքիասյանների փաստաբան Արա Զոհրաբյանից խնդրել է հանդիպում կազմակերպել Սարիբեկ Սուքիասյանի հետ` պատճառաբանելով, որ իր նկատմամբ Ռ.Հայրապետյանը եւ նրա մարդիկ ճնշումներ են գործադրում, ընդհուպ արգելանքներ են դրել կազմակերպությունների դրամական միջոցների վրա: Հանդիպման ժամանակ որոշվել է նամակ գրել Ռ. Հայրապետյանին` հաղորդելով, որ բաժնետոմսերի վաճառքի առաջարկը չի ուղղվել Ռ.Հայրապետյանին, հետեւաբար նա իրավասու չէ այդ գործարքը կատարել: Արա Զոհրաբյանը Գ. Դավթյանի խնդրանքով կազմել է այդ նամակները, որը վերջինս ստորագրել է: Գործնական հանդիպման ավարտից հետո Գ. Դավթյանը դուրս է եկել Ս.Սուքիասյանի գրասենյակի շենքից, որի բակից Ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել: ՀՀ ոստիկանության այլ բազմաթիվ աշխատակիցներ ներխուժել են Սուքիասյանի գրասենյակը եւ ավերածություններ անելով՝ բերման ենթարկել Ս.Սուքիասյանին, իսկ հարակից շենքից` նաեւ Արտաշես Ստեփանյանին, ձերբակալել նրանց, այնուհետեւ մեղադրանք է առաջադրվել նրանց նկատմամբ: Այս բոլոր գործողությունների արդյունքում, փետրվարի 22-ին, այսինքն՝ Ս.Սուքիասյանի եւ Ա.Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուց ընդամենը 10 օր անց, Ռ. Հայրապետյանը Գ. Դավթյանից եւ Ռ. Հարությունյանից գնել է (նրանց հետ կնքել է համապատասխան պայմանագիր) այդ պահին նրանց պատկանած բաժնետոմսերը` դառնալով Ընկերության բաժնետոմսերի շուրջ 90%-ի սեփականատեր»,- ասել է Լ. Սահակյանը: