«Կյանքը բնավ էլ լուրջ ու բարդ բան չէ, որքան մենք սովոր ենք պատկերացնել։ Կյանքին պետք է ուրախ տեսանկյունից նայել, եւ հանդիսատեսին էլ հաճույք պատճառել, ծիծաղեցնել, հակառակ դեպքում՝ մարդկանց նույնիսկ ծեծելով կինոթատրոն չես բերի։ Կինոյի հզորագույն ազդեցությունը պետք է օգտագործել կյանքի ողջ գեղեցկությունն ու ուրախությունը ցուցադրելու համար։ Ես ինքս սարսափելի դեպրեսիվ անձնավորություն եմ, եւ ամենաշատը ուզում եմ օգնել մարդկանց՝ ազատվել տխուր մտքերից»,- այսպես է մտածում կինոռեժիսոր, երաժիշտ, նաեւ Կուստենդորֆ սերբական փոքրիկ գյուղաքաղաքի գյուղապետ Էմիր Կուստուրիցան (Emir Kusturica), ում հետ հայաստանյան հանդիսատեսը հանդիպելու հնարավորություն ունեցավ մարտի 5-ին։ Կուստուրիցան առաջին անգամ իր ստեղծած «Չծխող նվագախմբի»` «The No Smoking Orchestra»-ի հետ ելույթ ունեցավ Հայաստանում, հանդիպեց ՀՀ նախագահին, վարչապետին, կաթողիկոսին, այցելեց Եղեռնի թանգարան ու կոնյակի գործարան։ Այսինքն` արեց այն ամենն, ինչ նախատեսվում է պետական բարձր այցելությունների շրջանակներում:
Լինելով եվրոպական կինոյի ամենավառ անհատականություններից մեկը (ում անվանում են «Բալկանյան Ֆելինի»)` Էմիր Կուստուրիցան նկատում է, որ իր ստեղծած եւ՛ ֆիլմերը, եւ՛ երաժշտությունը հնաոճ են։ «Իմ երաժշտությունը մոտավորապես 100 տարով ետ է մնում այսօրվա մոդայիկ ուղղություններից։ Ի՞նչ արած, ես այդպիսին եմ, անում եմ միայն այն, ինչն ուզում եմ։ Եվ վստահ եմ, որ երաժշտությունը թերապեւտիկ ազդեցություն ունի։ Այն յուրատեսակ հիպնոս է, միգուցե այդ պատճառով էլ ինձ շատ հարազատ են Գյուրջիեւի հայացքները»,- ասում է նա։ «Չծխող նվագախումբը» չի ջանում երաժշտության մեջ նոր խոսք ասել, այն պարզապես հաջողությամբ ու հաճույքով իրար է խառնում բազմաթիվ ոճերը՝ գնչուական կրքոտ մեղեդիները, քայլերգերը, ռոքը, դիսկոն ու բալլադները: Իսկ երաժիշտներն էլ բեմում ոչ միայն նվագում ու երգում են, այլեւ` պարում, վազում, թռչկոտում ու ակրոբատիկ համարներ են ցուցադրում: Մի խոսքով` փորձում են հաճույք պատճառել:
«Ես սիրում եմ էկլեկտիկան, վաղ ռոք-ն-ռոլն էլ էր այդպիսին»,- ասում է Կուստուրիցան, իսկ նրա համերգներին ներկա մարդիկ «չծխողների» երաժշտությունը համեմատում են այս ու այնտեղ թափված մանկական խաղալիքների հետ, որոնք երբեմն շատ հետաքրքիր ու գեղեցիկ կոմպոզիցիաներ են դառնում: «The No Smoking Orchestra»-ն Կուստուրիցայի «Սեւ կատու, սպիտակ կատու» եւ «Կյանքը հրաշք է» ֆիլմերի երաժշտության հեղինակն է: Եվ հենց այդ ֆիլմերում են առավել ցայտուն երեւում ազգայինի ու ռոքի միաձուլումը, եւ գովերգվում է ազատ ու ուրախ կյանքը:
Կուստուրիցան խոստովանում է, որ ունակ չէ կոմերցիոն ֆիլմեր ստեղծել եւ միշտ փորձում է արվեստի ու կոմերցիայի միջեւ կոմպրոմիս գտնել. «Կինոն հիմա շատ տարօրինակ է զարգանում: Երբ սկսում եմ մտածել կինոյի զարգացման մասին, միանգամից մտաբերում եմ Սթիվեն Սպիլբերգին: Երբ միջնադարյան նկարչին որեւէ գործ էին պատվիրում, նա հստակ իմանում էր` թե ո՞վ է իր պատվիրատուն, եւ որտե՞ղ է կախվելու նրա պատվերով արված դիմանկարը: Մեկ-մեկ էլ նկարիչն իր պատվիրատուի տուն էր գնում` տեսնելու, թե ինչպե՞ս են «ապրում» իր նկարները: Արդյոք Սպիլբերգին չի՞ հուզում, թե ովքեր են դիտում իր ֆիլմերը, որքան շատ են նրանց շարքերում ապուշներն ու լիակատար տխմարները: Եվ քանի որ իմ ֆիլմերն ավելի քիչ հանդիսատես են ունենում, քան Սպիլբերգի ֆիլմերը, հույս ունեմ, որ իմ իմ հանդիսատեսի շարքերում ապուշները զգալիորեն քիչ են»:
Կուստուրիցան ոչ միայն ազատ է իր խոսքի մեջ, այլեւ` այդ ազատության հետքերը փնտրում է ուրիշների մեջ: Եվ երբ իրեն հարց են տալիս Ղարաբաղի ճակատագրի մասին, նա գերադասում է պատմել նախկին Հարավսլավիայի պետությունների խճճված փոխհարաբերությունների մասին, քանի որ համոզված է, որ պատասխանելով իր հայրենիքի մասին հարցերին, այդպիսով ինքը պատասխանում է նաեւ հայերին հուզող հարցերին:
«Բոլոր ազգերն իրենց միֆոլոգիան ունեն: Ամերիկան, օրինակ, իր առօրյա առասպելաբանությունը ստեղծում է Հին Հռոմի նմանությամբ: Եվ շատ է նյարդայնանում, երբ տեսնում է, որ այլ ազգերը փորձում են իրենց սեփական առասպելաբանությունը կառուցել: Փոքր ազգերը միայն մեկ ճանապարհ ունեն. պետք է շարունակեն ամրացնել իրենց պատմական միֆոլոգիան: Եվ դա պիտի արվի ամերիկյանին զուգահեռ: Գլոբալացումը ջնջում է ազգային տարբերությունները, եւ կարծում եմ, որ մեր մոլորակի նորագույն կոնցեպցիան փոքր ազգերի միավորումը պիտի լինի»,- ասում է նա:
Կուստուրիցան ընդհանրապես սիրում է իր կյանքը շրջապատել միֆերով։ Եվ զարմանալի օրինաչափությամբ՝ նրա ստեղծած բոլոր միֆերը իրականություն են դառնում։ Դեռ ավելին։ Սարաեւոյում ծնված բոսնիացի սերբ Կուստուրիցան մեծացել է մուսուլմանական ընտանիքում, սակայն հետագայում քրիստոնեական մկրտություն է ստացել (այդ որոշումը ընդունելու ժամանակ նրա մայրը մահամերձ էր)։ Նրա հարազատ Սարաեւոն պատերազմի ժամանակ ռմբակոծվել է, եւ նա զրկվել է հարազատ տնից: Սակայն տարիներ անց «Կյանքը հրաշք է» ֆիլմը նկարահանելուց հետո նա Սարաեւո եւ Զագրեբ քաղաքներն իրար կապող Մոկրա Գոռա անտառային հատվածում հիմնել է Կուստենդորֆ գյուղաքաղաքը: Տան, ընտանիքի, ազգության գաղափարները նրա մոտ միահյուսվել ու վերածվել են համայնքային կոսմոպոլիտիզմի. «Ես կոսմոպոլիտ եմ, որն իր սեփական քաղաքն ունի։ Իմ քաղաքը ինքս եմ նախագծել ու ինքս եմ կառուցել (նույնիսկ մեխերն էլ եմ ինքս մեխել)։ Այն նման է միջնադարյան սերբական փայտյա քաղաքի։ Ու թեեւ այդ քաղաքն ուղղակի անտառում է կառուցվել ու պատմություն չունի, սակայն շատերը հավատում են, որ այն իսկապես գոյություն է ունեցել դեռ վաղ ժամանակներից։ Երբ որոշեցի սեփական գյուղը կառուցել, հասկացա, որ դեմոկրատիա չեմ ուզում։ Սովորական քաղաքներում քաղաքացիներն են քաղաքապետ ընտրում, իսկ Կուստենդորֆում հակառակն է՝ ես՝ լինելով գյուղապետ, ինքս եմ բնակիչներ ընտրում»։ Կուստենդորֆում ամեն տարի կինոփառատոն է տեղի ունենում, հաճախ այնտեղ այցելության են գալիս Կուստուրիցայի ընկերները, եւ քաղաքի փողոցները նկարահանման հրապարակ են դառնում։ Այդ վայրը բաց ստեղծագործական տարածք է հայտարարվել, որտեղ պարբերաբար կինոդիտումներ, քննարկումներ ու գիտաժողովներ են անցկացվում: Ընդ որում` ոչ միայն արվեստին վերաբերող, այլեւ` էկոլոգիայի, ֆիզիկայի, քաղաքաշինության ու միջուկային զենքի օգտագործման թեմաներով: Կուստուրիցան հանդիպելով հայաստանցի լրագրողների հետ` ասաց, որ սերբ ժողովուրդը շատ նման է Չեխովի պատմվածքների հերոսներին, այսինքն` սիրում է նստել, մտորել, երեւակայել ու երազել, սակայն երբ գործելու ժամանակն է գալիս, սերբերը գերադասում են ուրիշների խորհուրդները լսել:
Անկասկած, Էմիր Կուստուրիցայի նման խոշոր անհատականության այցը Հայաստան միայն ստեղծագործական բնույթ չի կրում, այն նաեւ պետական նշանակություն ունի (նույնիսկ հիմա, երբ «պետական» բառը բավական արժեզրկվել է): Ազատատենչ, հմայիչ ու խելացի ռեժիսոր Կուստուրիցան շատ բծախնդրորեն է մոտենում իր այցելություններին (օրինակ` վերջերս նա հրաժարվեց մասնակցել Կիեւի կինոփառատոնին)՝ գերադասելով մեկնել փոքր, բայց հետաքրքիր պետություններ: «Ինձ Հայաստան բերեց հետաքրքրասիրությունը»,- առանց սեթեւեթանքի ասաց նա: Ի դեպ` նա անհիմն համարեց այն հայտարարությունը, որ Ռուսաստանի պատվերով ֆիլմ է նկարահանելու Հարավային Օսիայի մասին: «Դա ընդամենը կատակ էր, ես պատրաստ չեմ նման ֆիլմի,- ասաց նա ու ավելացրեց,- Ընդհանրապես ես կարծում եմ, որ աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր փոքր ազգերը պետք է միավորվեն, քանի որ գրեթե բոլորն էլ նույն խնդիրներն ունեն: Օրինակ, ինձ համար Հայաստանը ընդամենը էկզոտիկ մի վայր էր թվում, սակայն, երբ սկսեցի տեղեկություններ հավաքել, հասկացա, որ հայ եւ սերբ ազգերը շատ նմանություններ ունեն: Դուք մեկուսացված աշխարհագրական դիրքում եք գտնվում, մենք էլ նույն վիճակում ենք եւ եվրոպական պատուհանի տակ մի փոքր անկյուն ենք զբաղեցնում: Դուք եղեռն եք տեսել, մենք էլ ենք տեսել, քանի որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին բազմաթիվ սերբեր են ոչնչացվել: Մենք նույն պատմության ընթացքն ու թշնամիներն ենք ունեցել: Միգուցե այդ պատճառով էլ Հայաստանում սիրում են իմ ֆիլմերն ու գնահատում են իմ երաժշտությունը: Համոզված եմ, որ Հայաստանում հայտնի լինելն ավելի լավ է, քան հայտնի լինելն Ամերիկայում: Ես երջանիկ եմ, որ եկել եմ Հայաստան: Հավատացեք, դա միայն բառեր չեն, ես իրոք երջանիկ եմ ինձ զգում»:
Կուստուրիցան սիրում է կինոն, երաժշտությունն ու ֆուտբոլը: Մարադոնային նա համարում է դարի հերոս: Այդ հայտնի արգենտինացի ֆուտբոլիստի մասին նա ոչ միայն ֆիլմ է նկարահանել, այլեւ` վստահ է, որ Մարադոնան իր խաղով ու խփած գոլերով «տեղը դրեց» Անգլիային: «Մարադոնան իմ Աստվածն է»,- ասում է նա:
Հայտնի է, որ Կուստուրիցան ակտիվորեն դիմադրում է ամերիկյան արվեստի տեսակի «գրոհի» դեմ: «Ամերիկան փորձեց արվեստը գիտության վերածել, դրա վառ օրինակը պոպ-արտն է, որով փորձ արվեց փոխել արվեստի բնութագիրը: Հիմա իսկական արվեստի պահանջ ունեն փոքր ազգերը, իսկ ամերիկացիները արվեստը վիդեոխաղերի նմանեցրին ու մեզ էլ փորձեցին ներգրավել այդ խաղերի մեջ»,- ասաց նա Երեւանում: Իր ֆիլմերը Կուստուրիցան չի ուղարկում «Օսկարի» դատին, քանի որ վստահ է, որ այդ ամենաշատ գովազդված մրցանակաբաշխության «Լավագույն արտասահմանյան ֆիլմեր» անվանակարգը ստեղծել են ԱՄՆ-ի Հատուկ ծառայությունները: «Հոլիվուդն ու ամերիկյան կինոն ընդամենը գործիքներ են` ամերիկյան գաղափարախոսությունը առաջ տանելու համար: Ինչո՞ւ պետք է մասնակցեմ «Օսկարի» շոուին: Ինքս փոքր, «համը հանող» ազգի ներկայացուցիչ եմ, եւ ինձ համար միեւնույն է` ամերիկյան մրցանակ կստանա՞մ, թե՞ ոչ»:
Ի դեպ, Կուստուրիցան նկատեց, որ իր համար «համը հանելու» ամենավառ ապացույցն այն է, որ նա միշտ անում է միայն այն, ինչ ուզում է: «Իհարկե, հոգուս խորքում արվեստին ու պատմությանը վերաբերող պատրանքներ ունեմ: Բայց գերադասում եմ շարունակել ապրել այդ պատրանքներով: Եվ դա իմ ընտրությունն է»,- ավելացրեց նա:
Կուստուրիցան նկատում է, որ կինոյից ու երաժշտությունից ավելի գնահատում է ճարտարապետությունը: Եվ այժմ պատրաստվում է 12 պատմվածքներից բաղկացած գիրք տպագրել: «Այ հիմա մենք կավարտենք մեր ասուլիսը, ու ես կգնամ`իմ պատմվածքներից մեկն ավարտելու»,- ասաց նա: Հայաստանյան հողի վրա ավարտ գտած պատմվածքի հերոսները լինելու են հենց ինքը՝ ռեժիսորը, սլովենական արջը, փարիզյան «Մոնդ» թերթի քննադատն ու պլաստիկ վիրաբույժը: Իր պատմվածքում Կուստուրիցան մաշկը փոխելու ու արջի մաշկ ձեռք բերելու ցանկություն է հայտնում: «Դա իրական պատմություն է: Երբ բալկանյան պատերազմի պատճառով ես ստիպված էի Ֆրանսիայում ապրել, իմացա, որ արջերին նույնպես չէին թողնում հայրենիք վերադառնալ, քանի որ սահմանները փակվել էին»:
Սահմանների փակ լինելու դեմ պայքարող Կուստուրիցան նաեւ զգուշացնում է. «Եթե այսօր սահմանը բացվի, ապա վաղը հսկայական միգրացիոն հոսքեր կսկսվեն, ու տեղի կունենան այնպիսի փոփոխություններ, որոնք կարող են եւ դուր չգալ ձեզ: Այնպես որ, իդեալական իրավիճակ չի կարող լինել: Սակայն բոլոր դեպքերում 2 հզորագույն «զենքերի» տեսակներ կան, որոնք կարող են պահպանել ազգային դիմագծերը: Դա հավատն ու արվեստն է: Աշխարհի երեսին ավելի գործնական զենք դեռ չի ստեղծվել»: Իսկ փոքր ազգերի բոլոր երիտասարդ ներկայացուցիչներին Կուստուրիցան խորհուրդ է տալիս առավել մեծ ուշադրություն դարձնել կրթությանը: Ուրախություն հաղորդող արվեստն, իհարկե, լավ բան է, սակայն այն իսկապես ուրախ է դառնում միայն այն ժամանակ, երբ թիկունքումդ գաղափար ու փորձ կա: «Որպեսզի հանդիսատեսը կարողանա շարունակել ռեժիսորի միտքը, հարկավոր է, որ ռեժիսորն ինքը ոչ միայն միտք ունենա, այլեւ իրականում տպավորված ու ազդված լինի այդ մտքից: Այդ դեպքում ֆիլմը կյանք մտնելու շանս կստանա»,- ասում է Էմիր Կուստուրիցան: