Շատերի համար սեպտեմբերի 1-ն ամենալուսավոր տոնն է։ Տոն է եւ՛ առաջին
դասարանցիների համար, ովքեր ճերմակ շապիկներով ու հուզմունքից կարմրատակած
դեմքերով շտապում են դպրոց, եւ՛ նրանց ծնողների համար, եւ՛ ուսուցիչների
համար… Պարզապես ուսումնական տարվա առաջին օրվան նախորդած վազվզոցն ու
ֆինանսական հոգսերը մի տեսակ երկրորդ պլան են մղում բուն տոնն ու
սեպտեմբերի 1-ի իրական խորհուրդը։ Մինչդեռ շատերն իրենց ամբողջ կյանքում
հիշում են այս օրը։ Եվ ամենեւին պարտադիր չէ, որ լուսավոր այս օրը հիշվի
միայն հոգսերով ու վազվզոցով։ Դրա համար տարվա մյուս օրերն էլ հերիք են։