Ազգային վիճակագրական ծառայությունն ամփոփել է 2005-ի առաջին կիսամյակը։
Պարզվում է, տնտեսական համարյա ամեն ինչ աճել է։ Արտաքին
ապրանքաշրջանառությունն աճել է 32%-ով, արտահանումը` 38%, ներմուծումը`
23,5%։ Ոչ մի կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչի հաշվին է աճել
արտահանումը, որովհետեւ լեռնահանքային արտադրանքը նվազել է 36%-ով, իսկ
արդյունաբերությունն աճել է ընդամենը 6%-ով, գյուղատնտեսությունը` 14։
Հայտարարվում է, որ արտահանման ընդհանուր ծավալում աճ է արձանագրվել ոչ
թանկարժեք մետաղների եւ դրանցից պատրաստված իրերի գծով։ Երեւի հենց սա էլ
ապահովել է տնտեսական աճը։ Բայց ինչ է սա, հասկանալի չէ։ Վիճծառայության
նոր հրապարակումը` թվային տեխնոլոգիաների ժամանակի ոգուն համապատասխան,
կարելի է համարել թվային նկարչության հերթական գլուխգործոց։