Ժամանակին, երբ մի շարք տնտեսագետներ եւ լրագրողներ զգուշացնում էին, որ ճգնաժամի հետեւանքները հաղթահարելու համար արտերկրից ներգրավված վարկային միջոցները գլխացավանք են դառնալու Հայաստանի Հանրապետության համար, համապատասխան ոլորտի պաշտոնյաները հանգստացնում էին` ասելով, թե արտաքին պարտքը թույլատրելիի սահմաններում է, եւ խորհուրդ էին տալիս չանհանգստանալ պետության համար։
Ժամանակը ցույց տվեց (առաջիկայում ավելի պարզորոշ ցույց կտա), որ նրանք ճիշտ էին։ Սակայն այս դեպքում ճիշտն ու սխալը որոշելու համար պետք է հստակ տարանջատել՝ գլխացավանքն ո՞ւմ համար է՝ պետությա՞ն, թե՞ հասարակ քաղաքացիների։ Եվ եթե նկատի ունենանք, որ մեզանում պետության եւ ժողովրդի մեջ սարեր-ձորերի տարբերություն կա, ու չինովնիկն էլ ներկայացնում է իրականությունից կտրված պետական իշխանությունը, ստացվում է՝ պետության համար ոչ մի գլխացավանք էլ չկա։ Գլխացավանքը հասարակ քաղաքացիների համար է՝ հարկերի ու տուրքերի տեսքով։ Մեկ շաբաթ առաջ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, խոսելով արտաքին պարտքի մասին, նշեց, որ այն իրոք, շատ արագ աճում է։ Սակայն մյուս կողմից ավելացրեց, որ անհանգստանալու կարիք չկա, պարզապես պետք է կարողանալ սպասարկել այդ պարտքը։ «Իսկ դրա համար պետք է ավելի շատ հարկեր հավաքել»,- նշեց Վարուդակիսը։ Ահա այս դրույթն է, որ ընկած է կառավարության գործելաոճի հիմքում։ Հավաքել, որքան կարելի է շատ, բոլոր հնարավոր մեթոդներով։ Հասանք անգամ այնտեղ, որ շուն պահելու համար էլ պետք է պետական տուրք վճարել։ Մնացածը՝ տնտեսության դիվերսիֆիկացիա, օլիգոպոլիաների դեմ պայքար, տեղական արտադրողին օգնություն եւ այլն, ընդամենը գեղեցիկ խոսքեր են։ Ըստ տրամաբանության՝ նախ պետք է կոնկրետ քայլեր կատարել տնտեսության իրական աճ ապահովելու համար, նոր միայն մտածել հարկերի ավելացման մասին։ Այսինքն՝ առաջին հերթին հարկավոր է մեծացնել հարկման բազան։ Պատկերավոր ասած՝ սա նման է մեղրի դատարկվող տակառի պատերը քերելու մարտավարությանը։ Մինչդեռ անհրաժեշտ է նախ տակառը լցնել (կամ՝ առնվազն չխանգարել, որ լցնողը լցնի), նոր միայն հագեցնել մեղր ուտելու փափագը։ Մեզ մոտ իրականացվում է տրամագծորեն հակառակը, եւ դա ներկայացվում է որպես հաղթանակ։ Երկու օր առաջ գրեթե բոլոր հեռուստաալիքները իրենց լրատվական թողարկումներում հատուկ ուշադրության էին արժանացրել Պետեկամուտների կոմիտեի՝ հունվար-փետրվար ամսվա մուտքերին վերաբերող տեղեկատվությունը։ «2010թ.-ը Պետական եկամուտների կոմիտեն սկսել է բավականին տպավորիչ արդյունքներով. հունվար եւ փետրվար ամիսների հավաքագրումները գերակատարվել են ինչպես հարկային, այնպես էլ մաքսային մասով. պետբյուջե է մուտքագրվել 80մլրդ դրամից ավելի գումար` պլանային 74մլրդ-ի փոխարեն (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ արձանագրվել է մոտ 8,4% աճ): Սոցիալական վճարների մասով հավաքագրվել է մոտ 16.4մլրդ դրամ, ընդ որում, եթե հունվարին հավաքագրվել էր 6.8մլրդ, ապա փետրվարին արդեն` ավելի քան 9.6մլրդ դրամ սոց.վճար (նախորդ տարվա հունվար-փետրվարի նկատմամբ աճը կազմել է 28,1%)»: Իսկապես, լավ է, որ դրական դինամիկա է արձանագրվել։ Վատն այն է, որ այս չոր ինֆորմացիան փորձել էին հնարավորինս տպավորիչ հրամցնել հեռուստադիտողին։ Լրատվականներից մեկն էլ իր կողմից ավելացրել էր՝ «թե շնորհիվ ինչի՞ են արձանագրվել այս արդյունքները, ՊԵԿ-ը չի նշում»։ Մենք էլ գիտեինք, թե լրատվամիջոցը հենց նրա համար է, որ եթե չեն նշել, հարցնեն` պարզեն։ Օրինակ՝ պարզեն, թե ինչպե՞ս է ստացվում, որ տնտեսությունն աճում է 2.4%-ով, իսկ պետբյուջեի մուտքերը՝ 8.4։ Միգուցե հարցնեին, ու պարզվեր, որ բյուջեի մուտքերի աճը արձանագրվել է ստվերի կրճատման արդյունքում։ Ռեպորտաժն ավելի տպավորիչ ու ականջ շոյող կստացվեր։ Եթե ավելի լուրջ, ապա ՊԵԿ-ը կարող էր ավելի խորամանկ գտնվել՝ այդքան մեծ ոգեւորությամբ չներկայացնելով թվերը եւ «վատամարդ» դուրս չգալով հարկատուների աչքին։ ՊԵԿ-ն անում է իր գործը. տնտեսությունից հավաքում է այնքան գումար, որքան նշված է բյուջեում։ Համաձայն ենք, որ պետք է «եղած տեղից» հավաքել։ Սակայն ՊԵԿ-ի խնդիրը «եղած տեղ»՝ այսինքն՝ նորմալ տնտեսություն ձեւավորելը չէ։ Դրանով, իրականում, պետք է զբաղվեն մյուս գերատեսչությունները։ Այսինքն՝ պետք է լինի միասնական մոտեցում, որի հիմքում պետք է լինի ոչ թե մաքսիմալ փող հավաքելը, այլ հարկման բազան մաքսիմալ մեծացնելը։ Պարզապես՝ մեզ մոտ տրամաբանությունն է այլ։
Ինչ վերաբերում է բիզնեսի աշխուժացմանը, ապա այս դաշտում, ինչպես նշեցինք, միայն գեղեցիկ խոսքեր են։ Կառավարությունը, որպես կանոն, փոքր ու միջին բիզնեսի մասին խոսելիս միշտ նշում է վարկավորման հեշտացումը։ Մինչդեռ բիզնեսին վարկ տրամադրելու համար ցանկացած բանկ այսօր պահանջում է կայուն եկամուտներ եւ գրավի առարկա։ Այսինքն՝ այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում վարկի կարիք ընդհանրապես չէր լինի։ Բանկի հետ գործ ունեցած ցանկացած գործարար կհաստատի մեր այս խոսքերը։
Իրականում, բիզնեսը ոտքի կանգնեցնելու համար շատ մեծ ջանքեր չեն պահանջվում։ Պարզապես պետք է չխանգարել, արհեստական խոչընդոտներ չստեղծել։ Օրինակ՝ պետական մի կառույցը քաղաքացուց չպետք է պահանջի տեղեկանք բերել պետական մեկ այլ կառույցից։ Մի ինչ-որ հասարակ թղթի կտորի համար քաղաքացին ժամանակ է կորցնում, էներգիա, ու քայքայում է նյարդերը՝ ստորին օղակի «մուննաթոտ» չինովնիկների հետ շփվելով։ Եվ սա՝ բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում, երբ 7 տարեկան երեխան ինտերնետով ցանկացած փատաթուղթ կարող է ուղարկել Մոզամբիկում ապրող մեկ այլ երեխայի։ Ի դեպ, երկու օր առաջ մեր իշխանությունները մեծ ոգեւորությամբ սկսեցին խոսել էլեկտրոնային կառավարման նոր համակարգի ներդրման մասին, որը կնվազեցնի փաստաթղթաշրջանառության համար պահանջվող ժամանակը, բյուրոկրատիան, նվազագույնի կհասցնի քաղաքացու եւ չինովնիկի շփումը եւ կկրճատի կոռուպցիոն ռիսկերը։ Լավ նախաձեռնություն է, սակայն, որքան գիտենք, տեղեկանքի հարցը սրանով չի լուծվում։ Մեկ այլ օրինակ։ Նոր բիզնես սկսելու համար տեղացի գործարարին նրա պոտենցիալ գործընկերը արտասահմանից ուղարկում է մի կատալոգ եւ մի երկու նմուշ (ասենք՝ օծանելիք)՝ տեղի շուկայի մասնակիցներին ցույց տալու համար։ Ուղարկում է DHL ծառայության միջոցով, որ արագ տեղ հասնի։ Սակայն տեղացի բիզնեսմենին հասնելու փոխարեն՝ այդ նմուշները հանգրվանում են մաքսայինում։ Ընդհանուր առմամբ 10-15 հազար դրամ արժողությամբ ապրանքը վերցնելու համար (որի համար մաքսային օրենսդրությամբ ԱԱՀ չի գանձվում), հարկավոր է լինում վճարել 10.000 դրամ՝ ինչ-որ թղթաբանության համար։ Թվում է՝ մանրուք է, բայց շատ-շատերը բախվել են այս խնդրի հետ՝ դեռ գործը չսկսած թեւաթափ լինելով պետական նման վերաբերմունքից։
Սրանք առաջին հայացքից մանր խնդիրներ են, որոնց լուծումը պետությունից մեծ ջանքեր չի խլի։ Իսկ տված օգուտը հաստատ ավելի մեծ կլինի, քան տարբեր տեսակի թրեյնինգները՝ իրենց քոֆի-բրեյքներով։ Պարզապես ցանկություն է պետք… բիզնեսին օգնելու, ոչ թե՝ միայն փող հավաքելու։