«Պաշտպանական բարեփոխումներ»

07/03/2010

Արդիական է դարձել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում նոր՝ համարժեք մոտեցումներ որդեգրելու խնդիրը

Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների մասնակցությամբ հունվարի վերջին Պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հերթական բրիֆինգը: Բրիֆինգին մասնակցում էր 18 կցորդ, որոնց թվում` 11-ը՝ ՆԱՏՕ-ի, 1-ը` ՀԱՊԿ անդամ երկրներից, եւ 1 դիտորդ` Շվեյցարիայից:

Ողջունելով մասնակիցներին` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հակիրճ անդրադարձավ 2009թ. ռազմաքաղաքական հիմնական զարգացումներին եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված պաշտպանական քաղաքականությանը: Իր ելույթում Ս. Օհանյանը մասնավորապես նշեց.

«Հարգելի գործընկերներ.

Ձեւավորված ավանդույթի համաձայն, ուրախ եմ հերթական անգամ ողջունել ձեզ մեր հունվարյան հանդիպման կապակցությամբ: Այսօր ես հակիրճ ձեզ կներկայացնեմ անցած տարվա հիմնական ռազմաքաղաքական զարգացումները եւ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված պաշտպանական քաղաքականությունը:

Անվտանգության միջավայրի գնահատականը

Նախ ցանկանում եմ նշել, որ միջազգային անվտանգության միջավայրի փոփոխություններն անմիջականորեն ազդում են Հայաստանի եւ նրա մերձատարածքի վրա: Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի ձեւավորման գործընթացը շարունակում է ուղեկցվել անկայունության, անվստահության, հակադիր շահերի բախման, անվտանգության վերաբերյալ տարբեր պատկերացումների, էթնիկ հակամարտությունների հրահրման եւ սպառազինությունների մրցավազքի դրսեւորումներով:

Ռազմաքաղաքական առումով Հայաստանի անվտանգության միջավայրի վրա ազդող հիմնական գործոնները 2009թ. ընթացքում եղել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմականացման քաղաքականությունը, այդ երկրի կողմից ուժի կիրառման կամ դրա կիրառման սպառնալիքի ձգտումը: Ընդհանուր առմամբ կարող եմ նշել, որ չնայած այս բոլոր հարցերում դրական տեղաշարժեր արձանագրելու Հայաստանի Հանրապետության կողմից վարվող նախաձեռնողական քաղաքականությանը, դրանք իրական արդյունքների չեն հանգեցրել եւ չեն նպաստել ռազմաքաղաքական իրադրության լիցքաթափմանը: Ընդհակառակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում անտեղի ձգձգումները, ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի անհանդուրժողական դիրքորոշումը եւ ռազմատենչ քաղաքականությունը նվազեցրել են տարածաշրջանային մակարդակով դրական տեղաշարժեր արձանագրելու Հայաստանի Հանրապետության ակնկալիքները: Կարծում եմ` սա մտածելու տեղիք պետք է տա ոչ միայն տարածաշրջանային պետություններին, այլ նաեւ միջազգային հանրությանը: Որպես տարվա դրական ձեռքբերում՝ կարող եմ նշել միջազգային հանրության ուշադրության կենտրոնացումը տարածաշրջանային խնդիրների վրա: Միջազգային հանրության կողմից գործադրվող համատեղ ջանքերը նվազեցրել են արտաքին քաղաքականության մեջ տարածաշրջանային պետությունների մանեւրելու հնարավորությունները` նրանց մղելով իրատեսական քաղաքականության որդեգրման: Դա հույս է ներշնչում, որ 2010թ. մենք այս ուղղությամբ առաջընթաց կարձանագրենք:

ՀՀ պաշտպանական քաղաքականությունը

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, Հայաստանի Հանրապետության համար արդիական է դարձել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում նոր` համարժեք մոտեցումներ որդեգրելու խնդիրը: ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող պաշտպանական քաղաքականությունը 2009թ. ընթացքում նպատակաուղղվել է գերազանցապես ՀՀ ռազմաքաղաքական դիրքերի ամրապնդմանը, պաշտպանական կարողությունների զարգացմանը եւ ԶՈՒ միջազգային ինտեգրմանը:

Այդ նպատակով շարունակվել են ռազմական համագործակցության ընդլայնման միտումները ինչպես ՀՀ-ի համար կարեւորագույն անվտանգության համակարգերի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության շրջանակներում, այնպես էլ այդ կազմակերպությունների անդամ պետությունների եւ Հայաստանի մյուս գործընկերների հետ: Հիմքեր են ստեղծվել միջազգային ռազմական համագործակցության աշխարհագրության ընդլայնման համար:

1.Պաշտպանական բարեփոխումներ

Արդյունավետ կերպով իրականացվել են պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքները: 2009թ. հունվարին ՀՀ Նախագահին է ներկայացվել առաջին փուլի ընթացքում մշակված ՀՀ անվտանգության միջավայրի եւ սպառնալիքների գնահատման փաստաթուղթը: ՀՀ Նախագահի կարգադրությամբ իրականացվել են պաշտպանության ռազմավարական վերանայման երկրորդ փուլի աշխատանքները, որոնց արդյունքում մշակված պլանավորման ղեկավար փաստաթղթերը նույնպես հաստատվել են Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Պաշտպանության ռազմավարական վերանայման աշխատանքներում ՀՀ պաշտպանության նախարարությանը մեթոդաբանական խորհրդատվություն են տրամադրել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Լատվիայի, ՆԱՏՕ-ի փորձագետները:

2009թ. ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունում բարեփոխումներ են իրականացվել ՀՀ ԶՈՒ փոխգործունակության կարողությունների ընդլայնման, կադրերի կառավարման, ռազմակրթության եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ քաղաքացիական հատուկ ծառայության ներդրման ուղղությամբ: Մշակվել է ՀՀ պաշտպանական բարեփոխումների 2010-2015թթ. ծրագիրը, որը ներառում է բարեփոխումների ենթակա բոլոր ոլորտները` կատարման հստակ ժամանակացույցով:

2. ԶՈՒ միջազգային ինտեգրում եւ փոխգործունակ կարողությունների ընդլայնում

2009թ. ընթացքում Հայաստանը ձեռնամուխ է եղել ՀԱՊԿ-ի եւ ՆԱՏՕ-ի ուղղությամբ փոխգործունակ կարողությունների ընդլայնմանը: Մասնավորապես, 2009թ. փետրվարի 4-ին Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ ՀԱԽ արտահերթ նստաշրջանի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժեր ստեղծելու վերաբերյալ. իսկ հունիսի 14-ին կայացած ՀԱՊԿ-ի ՀԱԽ հերթական նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ ստորագրվել է համապատասխան համաձայնագիրը: ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի ձեւավորման առումով կարեւոր իրադարձություն էր ՀՀ ԶՈՒ մոտոհրաձգային վաշտի մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցած «Փոխգործակցություն-2009» զորավարժությանը: ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել նաեւ Բելառուսում տեղի ունեցած ռազմավարական «Զապադ-2009» զորավարժությանը: Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն ունի ինչպես ռազմաքաղաքական, այնպես էլ ռազմական կարեւոր նշանակություն: Այն նախատեսում է այնպիսի ուժերի ստեղծում, որոնք պետք է դառնան ՀԱՊԿ տարածաշրջանում անվտանգության ապահովման համակողմանի խնդիրների կատարման արդյունավետ գործիք` սկսած ՀԱՊԿ անդամ պետությունների դեմ ագրեսիայի դիմագրավումից մինչեւ հակաահաբեկչական գործողությունների իրականացումը, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը եւ արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացումը:

Միաժամանակ շարունակվել է ՀՀ խաղաղապահ բրիգադի համալրման եւ միջազգային կայունացման գործողություններին ՀՀ մասնակցության ընդլայնման գործընթացը: Մասնավորապես, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի 1 հրաձգային գումարտակ ՆԱՏՕ-ի օպերատիվ կարողությունների հայեցակարգի շրջանակներում անցել է ինքնագնահատում: Տարվա ընթացքում կրկնապատկվել է Կոսովոյում հայ խաղաղապահների թվաքանակը` հասնելով 70-ի, սակայն Կոսովոյում ՆԱՏՕ-ի ուժերի ընդհանուր կրճատման պատճառով նրանց թիվը կրկին նվազեցվել է: Հոկտեմբերի 21-ին Հայաստանը ճանաչվել է նաեւ որպես Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերին զորախումբ տրամադրող երկիր, եւ նոյեմբերի 23-24-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Գերմանիայում տեղի ունեցած Աֆղանստանում Անվտանգության աջակցման ուժերի հյուսիսային շրջանի հրամանատարությանը զորքեր տրամադրող երկրների ԶՈՒ ԳՇ պետերի 3-րդ տարեկան համաժողովին: ՆԱՏՕ-ի եւ Գերմանիայի հետ համապատասխան իրավական կարգավորումներից հետո հայ խաղաղապահները, Գերմանիայում վարժանք անցնելուց հետո, առաջիկա օրերին կանցնեն իրենց պարտականությունների կատարմանը Աֆղանստանի Կունդուզ նահանգի օդանավակայանում` Գերմանիայի հրամանատարության ներքո:

3. Համագործակցությունը միջազգային անվտանգության կազմակերպությունների հետ

Հայաստանն ակտիվ մասնակցություն է ունեցել ՀԱՊԿ շրջանակներում զարգացման եւ ինտեգրման գործընթացներին: Կազմակերպության շրջանակներում լուրջ քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ հավաքական պաշտպանության գործուն մեխանիզմների ստեղծման ուղղությամբ: Մասնավորապես, ՀԱՊԿ անդամ պետությունների միջեւ սկսվել է ՕԱՀՈՒ-ի հրամանատարի նշանակման կարգի, ՕԱՀՈՒ-ի կիրառման որոշումը ընդունելու կարգի, ՕԱՀՈՒ-ն որպես ռազմական բաղադրիչ ԱՊՀ շրջանակներում առկա հակամարտությունները լուծելու համար օգտագործելու կարգի եւ նմանատիպ այլ խնդիրների փոխհամաձայնեցման ակտիվ գործընթացը: ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները մասնակցել են ՀԱՊԿ եւ ԱՊՀ տարբեր մակարդակի եւ ձեւաչափի միջոցառումներին: Տեղի են ունեցել ՀԱՊԿ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որոնք ապահովել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմաքաղաքական բարձր մակարդակի երկխոսություն:

2009 թվականը արդյունավետ է եղել նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության համար: ԱԳԳԾ շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում այդ համագործակցությունը ստացել է բովանդակային նոր որակներ: Բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը, աշխատանքային հանդիպումները ապահովել են անհրաժեշտ պայմաններ ռազմաքաղաքական ակտիվ երկխոսության համար: ՀՀ-ՆԱՏՕ երկխոսության առումով կարեւոր էր ՀՀ պաշտպանության նախարարի մասնակցությունը մայիսին Բրյուսելում կայացած Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան ձեւաչափով հանդիպմանը, հունիսին Բրյուսելում տեղի ունեցած ԵԱԳԽ պաշտպանության նախարարների ամենամյա նիստին, Աստանայում տեղի ունեցած ԵԱԳԽ ֆորումին, հոկտեմբերին Բրատիսլավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Հիշատակման արժանի են նաեւ ապրիլին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կ. Բիզոնիերոյի, իսկ նոյեմբերին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռ.Սիմոնսի գլխավորած պատվիրակությունների այցերը ՀՀ:

Ակտիվորեն շարունակվել է համագործակցությունը նաեւ մյուս միջազգային կազմակերպությունների հետ: ԵԱՀԿ-ի, ԿԽՄԿ-ի հետ համատեղ կազմակերպվել եւ իրականացվել են մի շարք միջոցառումներ, սեմինարներ, դասընթացներ: ՀՀ պաշտպանության նախարարությունն ակտիվացրել է նաեւ իր համագործակցությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների հետ:

Հայաստանը տարածաշրջանի միակ պետությունն է, ով հավատարիմ է մնացել նաեւ սպառազինությունների վերահսկման ոլորտի միջազգային պարտավորությունների կատարմանը: Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի (ԵՍԶՈՒ) եւ Վիեննայի փաստաթղթի շրջանակներում Հայաստանն ընդունել է 7 տեսչություններ, որոնց ընթացքում միջազգային տեսուչների կողմից ՀՀ ԶՈՒ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտումներ չեն արձանագրվել:

4. Երկկողմ պաշտպանական համագործակցությունը

Շարունակել է զարգանալ պաշտպանական համագործակցությունը ՀՀ ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության հետ: Երկկողմ ձեւաչափով Ռուսաստանի հետ իրականացված միջոցառումներն ուղղված են եղել երկու երկրների Զինված ուժերի փոխգործունակության ամրապնդմանը, ռազմատեխնիկական, ռազմաուսումնական բնագավառներում երկկողմ համագործակցության ընդլայնմանը: 2009թ. ընթացքում ՀՀ եւ ՌԴ ՊՆ ու ԶՈՒ ԳՇ ներկայացուցիչների աշխատանքային բազմաթիվ հանդիպումներն ապահովել են 2009թ. համար նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Համաձայնություն է ձեռք բերվել` 2010թ. ռուս փորձագետների կողմից ռազմավարական պլանավորման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու վերաբերյալ: Զգալի առաջընթաց է արձանագրվել բարեկամ ԱՄՆ-ի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները քննարկվել են Կանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-մայոր Թ.Բանթինգի հուլիսին Հայաստան կատարած այցի ընթացքում: ՀՀ-ի կողմից մեծապես կարեւորվում է ԱՄՆ-ի ցուցաբերած խորհրդատվական եւ տեխնիկական աջակցությունը ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադին եւ ականազերծման կենտրոնին, ինչպես նաեւ՝ պաշտպանության ռազմավարական վերանայման ուղղությամբ խորհրդատվությունը: Ոչ պակաս կարեւոր է նաեւ ռազմական նշանակության ապրանքների արտահանման ու ներմուծման վերահսկողության խնդիրների շուրջ ԱՄՆ-ի տրամադրած խորհրդատվությունը: 2009թ. ընթացքում աշխատանքներ են տարվել ռազմակրթական եւ հետազոտական համագործակցության հետագա զարգացման համար:

Փոխշահավետ համագործակցություն է ծավալվել Չինաստանի եւ Հնդկաստանի հետ: Հատկանշական է եղել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի այցը Չինաստան, որի ընթացքում քննարկվել են հայ-չինական ռազմական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Իրանի եւ Վրաստանի հետ շարունակվել են տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդատվություններն ու քննարկումները:

Զարգացել է ակտիվ համագործակցությունը նաեւ եվրոպական պետությունների հետ, ինչպիսիք են Հունաստանը, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Բալթյան երկրները, մասնավորապես` Լիտվան: Հայաստան-Հունաստան ավանդական ռազմական համագործակցությունն արդյունավետորեն իրականացվել է համագործակցության տարեկան պլանի շրջանակներում: Լավ նախադրյալներ են ստեղծվել 2010թ. այն ավելի ընդլայնելու համար:

Նոր որակ է ստացել հատկապես Հայաստան-Գերմանիա ռազմաքաղաքական երկխոսությունը, նախանշվել եւ իրականացվել են մի շարք ծրագրեր: Շարունակվել է ակտիվ երկխոսությունը Բուլղարիայի հետ: Սեպտեմբերին տեղի է ունեցել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի այցը Բուլղարիա:

Նոյեմբերին Հայաստան է ժամանել Լեհաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:

Իրականացված պաշտպանական քաղաքականության արդյունքում ընդլայնվել է պաշտպանության բնագավառի իրավապայմանագրային դաշտը, մասնավորապես, ստորագրվել է 10 միջազգային համաձայնագիր, ՀՀ ԱԺ կողմից վավերացվել է 4-ը, ուժի մեջ են մտել եւս 4-ը, համաձայնեցման գործընթացում են գտնվում եւս 14 միջազգային համաձայնագրեր, մշակման փուլում է գտնվում 5 միջազգային համաձայնագիր:

Ամփոփում

2009թ. ընթացքում ՀՀ-ի կողմից իրականացրած պաշտպանական քաղաքականության արդյունքում ընդլայնվել է ռազմական համագործակցությունը գործընկեր պետությունների եւ անվտանգության կազմակերպությունների հետ, միջազգային ասպարեզում ավելի թափանցիկ ու ընկալելի է դարձել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը, ամուր հիմքեր են ստեղծվել ՀՀ բանակաշինության համար միջազգային աջակցության ապահովելու եւ միջազգային փորձը ներդնելու համար: ՀՀ պաշտպանական քաղաքականության իրականացման գործում մեծ ներդրում ունեն Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները եւ ռազմական ներկայացուցիչները: Պաշտպանության նախարարության կողմից վարվող բաց, նախաձեռնողական եւ պատրաստակամ պաշտպանական քաղաքականությամբ մենք փորձել ենք ռազմական կցորդների եւ ներկայացուցիչների համար ապահովել գործունեության առավելագույն նպաստավոր պայմաններ, որոնց արդյունքները տեսանելի են: Չեմ կարող չնշել նաեւ ռազմական կցորդների ասոցիացիայի տարեկան ծրագրով իրականացված միջոցառումները:

Շնորհակալություն հայտնելով բոլորին` արդյունավետ եւ շահագրգիռ աշխատանքի համար, ցանկանում եմ համոզմունք հայտնել, որ 2010թ. մեզ համար կլինի նոր ձեռքբերումների եւ նոր բարձունքների հաղթահարման տարի»:

Հանդիպման ընթացքում Ս. Օհանյանը պատասխանեց ռազմական կցորդների հարցերին, որոնք վերաբերում էին ՀՀ պաշտպանական բարեփոխումների շարունակականությանը, ֆինանսական ներկայիս ճգնաժամի պայմաններում ռազմական բյուջեի պլանավորմանը, Զինված ուժերում քաղաքացիական տարրի ներդրման գործընթացին եւ այլ թեմաների:

Նյութը տրամադրվել է ՀՀ ՊՆ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության կողմից