Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտը այս տարվա փետրվարի կեսին թողարկել է «Ռազմական բալանս 2010» ամենամյա զեկույցը, որում վերլուծության են ենթարկվում Զինված ուժերի խնդիրներն ու զարգացման ուղղությունները երկարաժամկետ հեռանկարում: Զեկույցի հակիրճ տարբերակը ներկայացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Էվոլյուցիայի անհրաժեշտությունը
«Ռազմական գործողություններն Աֆղանստանում, ինչպես եւ Իրաքում, անհրաժեշտություն են առաջացրել վերագնահատել հակաահաբեկչական կայունացնող գործողությունների դերը ռազմական պլանավորման մեջ, իսկ որոշ դոկտրիններ ներկայումս մշակվում են այդ գործողությունները հաշվի առնելով»,- ասվում է զեկույցում: «Միաժամանակ, «կերպարանափոխված» ռազմական տեխնոլոգիաները, որոնց քննարկմանն այս տասնամյակի սկզբում մեծ ուշադրություն է դարձվել «հեղափոխությունները ռազմական հարաբերություններում» համատեքստում, չեն մղվել երկրորդ պլան, թեեւ կորցրել են ռազմական ուժերի կիրառման «բնորոշող շրջանակների» կարգավիճակը` շատերի համար դառնալով միայն «առանցքային բաղադրիչ»: Վերջին ռազմական գործողությունների դասերը բացահայտեցին այդ գաղափարների սահմանափակությունը գործնական միջոցառումների ենթատեքստում: Ավելին, ուժեղացավ գործառնական միջավայրի, դրա լեզվաբանական, պատմական, մշակութային եւ քաղաքական բաղադրիչների ըմբռնման աստիճանի բարելավման անհրաժեշտության գիտակցումը»:
Այսպիսի ըմբռնումը, ինչպես ենթադրում են հետազոտության հեղինակները, կօգնի տեղի բնակչության հետ ամուր եւ ավելի վստահելի հարաբերություններ հաստատել, ինչն, իր հերթին, կնպաստի լոկալ անվտանգության ամրապնդմանը, կառավարման որակի եւ իշխանության տեղական մարմինների աշխատանքի արդյունավետության բարելավմանը: Այսպիսով, այսօրվա խնդիրը, լոնդոնյան համալսարանի փորձագետների կարծիքով, «հեղափոխություն ռազմական հարաբերություններում» հայեցակարգի համապատասխանեցումն է հակաապստամբական ջանքերի պահանջներին:
«Այլ կերպ ասած, ի հայտ է եկել այն գիտակցումը, որ զինվորականները հետագայում եւս պետք է էվոլյուցիայի ենթարկվեն, ոչ թե ձգտեն միայն ռազմատեխնիկական հնարավորությունների հեղափոխականացմանը»,- նշվում է զեկույցում:
Հաշվի առնելով դա, ինչպես նշել են բրիտանացի փորձագետները, մի շարք երկրների, այդ թվում՝ նաեւ ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը սկսել է զորքերին մեծ «ազատություն» տրամադրել այս կամ այն գործողության անցկացման տակտիկայի ընտրության հարցում` հաշվի առնելով կոնկրետ տեղի պայմանները: Այդ նորարարության բնութագրման համար նույնիսկ առաջարկվել է «ապակենտրոնացում» տերմինը: Բայց այդ նոր «քամին» Զինված ուժերի գործունեության ընդհանուր մեխանիզմում տարածվում է հիմնականում հակաապստամբական գործողությունների բնագավառում եւ չի նվազեցնում զինծառայողների նախապատրաստության ավանդական ուղղությունների կարեւորությունը: «Հակամարտությունների բնույթում շարունակվող փոփոխություններն այնպիսիք են, որ պատերազմներն ավելի ու ավելի դժվար է մտցնել որեւէ կոնկրետ տարբերակի ավանդական շրջանակի մեջ, ինչը զինվորականներին ստիպում է պատրաստ լինել ավելի լայն փոխգործակցության եւ հակամարտության մեջ զորքերի տարբեր տեսակների ջանքերի միավորման»,- ասվում է զեկույցում:
«Զինվորականները եւս պետք է վերլուծեն առաջացող այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են պատերազմ վարելու կիբեռնետիկ միջոցների կիրառումն ու կլիմայական փոփոխությունների հավանական հետեւանքները»:
Զեկույցի հեղինակները նշել են, որ Զինված ուժերի գործնական արդիականացմանը (հաշվի առնելով դրանց ներկայիս եւ հետագա պահանջարկը), ինչպես նաեւ նոր մարտահրավերներին հակազդելուն նախապատրաստվելուն խոչընդոտում են բազմաթիվ երկրներում ներկայումս առկա ֆինանսական խնդիրները:
«Կազմակերպչական հնարավորությունների, տեխնիկական միջոցների կամ ֆինանսական ռեսուրսների անբավարարությունը կարող է հանգեցնել նրան, որ երկրները ստիպված կլինեն վերագնահատել իրենց ակնկալիքներն ու պահանջները, որոնք նրանք ներկայացնում են Զինված ուժերին արտաքին քաղաքականության խնդիրների լուծման եւ անվտանգության ապահովման բնագավառում»,- ասվում է զեկույցում: «Այդպիսի ֆինանսական մարտահրավերների է բախվում, մասնավորապես, Մեծ Բրիտանիան, որի պաշտպանական ողջ ռազմավարության առաջիկա վերանայումն իրականացվելու է այդ ակնկալիքների ու պահանջմունքների իրականացման անհրաժեշտության ազդեցությամբ, ինչպես նաեւ խիստ սահմանափակ բյուջետային հնարավորությունների առկայությամբ: Բրիտանական հավակնություններն ու հնարավորությունները հասել են տարանջատման կետին, երբ անհրաժեշտ է բարդ ընտրություն կատարել ինչպես ռազմական պլանների, այնպես էլ ռազմական տեխնիկայի գնման հարցում:
Պաշտպանական ոլորտում իրար հակասող հարցերի առկայության առթիվ ծավալվող բանավեճն ակտիվացել է նաեւ այլ երկրներում, ներառյալ նրանց, որոնք վերջերս են մասնակցել ընդհանուր ռազմական գործողությունների: Օրինակ, Ավստրալիայի 2009թ. պաշտպանական բյուջեն կազմվել է վերլուծաբանների շրջանում ակտիվացող այն կարծիքի պայմաններում, թե Ավստրալիայի ազդեցության տարածումը ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվում է փոփոխական իրավիճակում, իսկ այդ ազդեցության ուժեղացման հնարավորությունների լուրջ բարելավման չպետք է սպասել 2030 թվականից շուտ: Լատինական Ամերիկայում Բրազիլիայի որոշ ակնկալիքներ, որոնք շարադրված են 2008թ. պաշտպանական ռազմավարության մեջ, կապված են տնտեսապես ամրապնդվող ԲՌՀՉ խմբում (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան) նրա դերի հետ:
Չինաստանի 2008թ. պաշտպանական «Սպիտակ գիրքը» ընդգծում է այդ երկրի զինված ուժերի աճող վստահությունը եւ մատնանշում, որ Չինաստանը հասել է «պատմական, բեկումնային պահի» եւ կարեւոր դեր է կատարում աշխարհում անվտանգության եւ կարգապահության ապահովման գործում»:
Պաշտպանական բարեփոխումները Ռուսաստանում
Ինչ վերաբերում է ռուսաստանյան Զինված ուժերին, ապա դրանց կարգավիճակը բնութագրվում է հերթական բարեփոխման փուլում գտնվելու հանգամանքով, որի ելքը դեռ հնարավոր չէ կանխատեսել, նշվում է զեկույցում: Դրանում ասվում է, որ երկրի Զինված ուժերը ձեւափոխելու եւ արդիականացնելու` Ռուսաստանի ղեկավարության կողմից 2008թ. սեպտեմբերին ձեռնարկված «հավակնոտ փորձը, հնարավոր է, կբարձրացնի ժամանակակից ռազմական գործողություններ կատարելու նրանց պիտանելիությունը եւ լոկալ ու տարածաշրջանային հակամարտություններին մասնակցելու նրանց արդյունավետությունը», սակայն միայն այդ փորձի հաջող ելքի պայմանով:
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ վերջին 15 տարվա ընթացքում Ռուսաստանում ձեռնարկվել են «պաշտպանական բարեփոխումներ» իրականացնելու մի շարք փորձեր, այդ պատճառով լոնդոնյան ինստիտուտի վերլուծության նոր փորձում դեռեւս դիտարկվում է միայն մեկ տարբերություն նախորդներից` «ԶՈՒ հեռանկարային կերպար» արտահայտության ներմուծումը նույն տարվա հոկտեմբերի 14-ին ՌԴ պաշտպանության նախարարության կոլեգիայում ներկայացված հայեցակարգային փաստաթղթի անվանման մեջ` «ՌԴ զինված ուժերի հեռանկարային կերպարը եւ 2009-2010թթ. դրա ձեւավորման առաջնահերթ միջոցառումները»: Այդ նախադասությունը, ինչպես ենթադրում են բրիտանական փորձագետները, ԶՈՒ վերափոխման ներկայիս փորձն ուղղում է դեպի հեռանկար եւ, ենթադրաբար, բացառում է շահագրգռվածությունը զորքի միայն մեկ տեսակի նկատմամբ:
«Վերջին անգամ նման բարեփոխում էր ձեռնարկվել պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Իվանովի կողմից եւ պաշտոնապես ավարտվել էր 2004 թվականին»,- ասվում է զեկույցում: «Այն հանգեցրեց որոշ բարեփոխումների, ինչպիսիք են մշտական պատրաստության ստորաբաժանումների սահմանափակ քանակի ստեղծումը եւ բանակում հարաբերականորեն փոքրաթիվ արհեստավարժ զինվորների (պայմանագրով ծառայող) հավաքագրմանը: Թեեւ այդ բարեփոխումը չի հանգեցրել ռուսաստանյան Զինված ուժերի կառուցվածքի արմատական փոփոխության, այն ուղի է հարթել դեպի ավելի համակարգային բարեփոխման` Գլխավոր շտաբի` Պաշտպանության նախարարության ենթակայության տակ անցնելու եղանակով»:
Ներկայիս բարեփոխումը, ինչպես նշում են զեկույցի հեղինակները, շատերի կարծիքով՝ դարձել է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական հակամարտության արձագանքը:
«Այդ արշավը բացահայտել է ռուսաստանյան ԶՈՒ կոմպոզիցիոն կառուցվածքի, պատրաստվածության, հրամանատարության ու վերահսկողության, ինչպես նաեւ հագեցման ու դոկտրինի հիմնական թերությունները»,- նշվում է հետազոտության մեջ: «Զորքերի թույլ գործողությունները ուժեղացրին այն կասկածները, որ Զինված ուժերը կարող են դիտարկվել որպես ռուսաստանյան նպատակների օժանդակության հուսալի գործիք ներկայիս քաղաքականության ու անվտանգության բնագավառում, ինչպես նաեւ ամրապնդեցին այն մտավախությունը, որ Զինված ուժերը հետագայում չեն կարող երաշխավորել սովորական (ոչ միջուկային) պաշտպանական հնարավորությունների հուսալիությունը»:
Ներկայումս ՌԴ կողմից իրականացվող ԶՈՒ ձեւափոխման պլանը, լոնդոնյան ինստիտուտի վերլուծաբանների կարծիքով, բախվում է խնդիրների մի ամբողջ շարքի, որոնց թվում` բացասական ժողովրդագրական միտումը, զորքերի զինումը հնացած, դեռեւս խորհրդային սպառազինությամբ, ֆինանսական հնարավորությունների սահմանափակությունը, կոռուպցիան եւ հանցավորությունը ԶՈՒ-ում, ինչպես նաեւ խաղաղ ժամանակ կորուստների բարձր աստիճանը: Ոչ պակաս լուրջ խնդիրների թվին լոնդոնյան փորձագետները դասում են նաեւ բարեփոխման անվան տակ ինչ-որ մեկի անձնական շահերի իրականացումը եւ կիրառվող միջոցառումների թափանցիկության բացակայությունը, ինչը, նրանց կարծիքով, բնութագրական է եղել նաեւ 1990-ականների սկզբում համանման փորձերի համար:
Այդ բարեփոխման հասցեին ամենամեծ քննադատությունը, ինչպես կարծում են լոնդոնյան ինստիտուտում, պայմանավորված է այն հանգամանքով, որ «բարեփոխողների» ներկայացրած ծրագրերը չունեն հստակ ռազմավարական բազա: Ռուսաստանում, հիշեցնում են փորձագետները, այդպիսի բարեփոխումը սովորաբար հիմնվում է ռազմական դոկտրինի վրա, «սակայն մինչեւ ներկայիս փոփոխությունների իրականացման մեկնարկը ոչ մի նոր դոկտրին չի հաստատվել»:
«Ռուսաստանյան հասարակության մեջ եւ քաղաքական էլիտայում դրսեւորվում է պարզության ու համաձայնության բացակայություն այն հարցում, թե ինչպիսի Զինված ուժերի կարիք ունի Ռուսաստանը եւ ինչու»,- ասվում է զեկույցում: «Այլ կերպ ասած, չկա ընդհանուր ըմբռնում, թե ինչ հիմնական սպառնալիքների կարող է բախվել Ռուսաստանն առաջիկայում, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում, եւ ինչպիսին են լինելու ԶՈՒ խնդիրները այդ սպառնալիքների լույսի ներքո»:
«Դեռեւս բացարձակ պարզ չէ նաեւ, թե այդ ծրագրերի իրականացման վրա ինչպես կանդրադառնա խոշոր բյուջետային դեֆիցիտը, որին Ռուսաստանն առաջին անգամ բախվել է վերջին տասը տարիների ընթացքում»,- նշվում է հետազոտության մեջ:
«Դժվար է կանխատեսել, թե կարո՞ղ է արդյոք Ռուսաստանի կառավարությունը բավարարել ԶՈՒ մասնագիտական պատրաստվածության բարձրացման օժանդակության հիմնադրամների աճող կարիքները եւ հավակնոտ սոցիալական ծրագրերը»,- ասվում է զեկույցում: «Այդ պլանների հաջողությունը հիմնականում կախված է լինելու նաեւ արագ արդիականացման ու հագեցման խոստումները կատարելու` ռուսաստանյան պաշտպանական արդյունաբերության հնարավորություններից: Մինչ օրս ներքին գնումների ծրագրերն առանձնապես աչքի չեն ընկել այնպիսի հաջողություններով, որոնք վերաբերում են կարեւորագույն նոր հարթակների ստեղծման մեկնարկին ու զարգացմանը»:
Դեռեւս չի նկատվում նաեւ այդ բարեփոխումների անհրաժեշտության ու նպատակների գիտակցում ռուսաստանյան Զինված ուժերի սպայական կազմի շրջանում, ինչը հղի է արհեստավարժ կադրերի կորստի սպառնալիքով, նշվում է զեկույցում: Հայտնի չէ նաեւ, թե ՌԴ պաշտպանության նախարարությունն ունի՞ արդյոք բանակում ներկայիս պայմանագրային զինծառայողների պահպանման հստակ ռազմավարություն: «Թեեւ առաջարկված բարեփոխումներն ուղղված են ԶՈՒ վիճակի եւ դրա պատրաստվածության ընդհանուր մակարդակի բարելավմանը, առաջվա պես անհասկանալի է, թե որքան արագ դա կարելի է անել»,- նշվում է զեկույցում: «Հնարավոր է, կանցնի մի քանի տարի, մինչ Զինված ուժերի «հեռանկարային կերպարը» որեւէ կերպ կձեւավորվի եւ կազդի դրա մարտունակության վրա»:
«Եթե բոլոր ջանքերը հաջող ավարտվեն, ռուսաստանյան Զինված ուժերը, հնարավոր է, դառնան ավելի պիտանի ներկայիս մարտի դաշտերում ռազմական գործողություններ ծավալելու համար եւ ավելի արդյունավետ` լոկալ ու տարածաշրջանային հակամարտություններին մասնակցելիս»,- եզրակացնում են զեկույցի հեղինակները:
Հետազոտության մեջ նշվում է նաեւ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների խորացման ու ընդլայնման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Այդ մասին հայտարարել է նաեւ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Ջոն Չիպմենը:
«Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը պետք է ձեւափոխվի կողմերի միջեւ հարաբերությունները համագործակցության նոր մակարդակ դուրս բերելու նպատակով»,- ընդգծել է Չիպմենը:
Նրա խոսքերով, Հյուսիսատլանտյան դաշինքում տեղի է ունենում ռազմավարական նպատակների վերագնահատում, երբ Ուկրաինայի ու Վրաստանի ուղղությամբ ընդլայնվելու խնդիրը հետաձգվում է անորոշ ժամանակով, իսկ դրա փոխարեն առաջնահերթ է դառնում Ռուսաստանի հետ նոր հարաբերությունների ստեղծման խնդիրը: Ջ. Չիպմենը նկատել է, որ եվրոպական անվտանգության մասին նոր պայմանագրի կնքման Մոսկվայի նախաձեռնությունը առաջիկայում հազիվ թե հանգեցնի նոր գլոբալ համաձայնագրի կնքման, սակայն դա չի խոչընդոտում այդ ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելուն:
Ամփոփելով աշխարհում ռազմական հավասարակշռության ընդհանուր վիճակը` զեկույցի հեղինակները նշել են, որ համաշխարհային տնտեսական անկումը գրեթե չի շոշափել պաշտպանական ծախսերի ոլորտը. աշխարհի երկրներն ընդհանուր առմամբ չեն կրճատել իրենց հատկացումները Զինված ուժերին, ռազմական տեխնիկայի գնմանն ու ռազմական գործողությունների ֆինանսավորմանը: Հետազոտության մեջ ասվում է, որ 2006-2008թթ. համաշխարհային պաշտպանական բյուջեն 1.3 տրլն-ից հասել է 1.55 տրլն դոլարի եւ, ինչպես ենթադրվում էր, շարունակել է աճը 2009 թվականին, թեեւ, հնարավոր է, ոչ այնքան զգալի, որքան ակնկալվում էր ավելի վաղ` ամերիկյան դոլարի անկայունության լույսի ներքո:
«Տնտեսական ճգնաժամը լուրջ ազդեցություն չի գործել վերջին 18 ամիսների պաշտպանական բարեփոխումների վրա»,- հայտարարել է Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի առաջատար փորձագետ Մարկ Սթոուքերը: Նրա խոսքերով, ինստիտուտի վերլուծաբանների հաշվարկները ցույց են տվել, որ գրեթե չի փոխվել վերջին տարիներին ռազմական կարիքների վրա ծախսված միջոցների հարաբերակցությունը համաշխարհային ՀՆԱ-ի նկատմամբ: Այսպես, 2008թ. այդ ցուցանիշը կազմել է 2.56 տոկոս, իսկ, օրինակ, 2008թ. այն կազմում էր 2.6 տոկոս: Զեկույցում նշվում է, որ աշխարհի առաջատար ռազմական կայսրությունները պահպանել են իրենց առաջատարությունը պաշտպանական ծախսերի ոլորտում եւ նույնիսկ մի փոքր ավելացրել են դրանք, չնայած տնտեսական խնդիրներին: Այդ խմբում, հետազոտության հեղինակների կարծիքով, բացառություն է միայն Ռուսաստանը, որը, նրանց գնահատմամբ, մի փոքր կրճատել է իր պաշտպանական ծախսերը: